«Կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»
Արխիվ 12-16«Կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»
1993 թվականին ստեղծված, իր տեսակի մեջ եզակի «ՓԱՐՈՍ» կամերային երգչախմբի երգիչների մեծ մասը սայլակ օգտագործող և այլ տեսակների հաշմանդամություն ունեցող անձինք են: Երգչախումբը գործում է «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպությանը կից, որը հոգում է համույթի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցերը: «Փարոսն» ունի 32 անդամ, ովքեր ոչ միայն Երևանից, նաև մարզային տարբեր քաղաքներից են` Աբարան, Վանաձոր, Սպիտակ, Արտաշատ, Մեղրի, ք. Աբովյան: Կոլեկտիվը հաջողությամբ հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Ավստրիայում, Անգլիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Վատիկանում, Վրաստանում, Լիբանանում:
«2010 թվականի դեկտեմբերին պատիվ ունեցանք բեմ բարձրանալ աշխարհահռչակ Պլաչիդո Դոմինգոյի հետ, 2011 թվականին էլ մասնակցեցինք Musica Sacra երգչախմբային երաժշտության 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ նվաճեցինք 2 բրոնզե մեդալ «Կամերային երգչախումբ, 16-23 կատարող», «Եկեղեցական երաժշտություն» անվանակարգերում և հատուկ մրցանակ`հայկական երաժշտությունը ներկայացնելու համար, նշանակալի ելույթներ ենք ունեցել նաև 2 պրոֆեսիոնալ նվագախմբերի` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային թատրոնի նվագախմբի հետ,
2013 թվականին մի քանի տեսահոլովակ ենք նկարել, 2014-ին Ռիգայում մասնակցեցինք Երգչախմբերի համաշխարհային խաղերին, որը հայտնի է նաև Երգչախմբերի օլիմպիադա անվանումով: Մրցույթին մասնակցում էին 500 երգչախմբեր 70 երկրներից, այդ թվում Հայաստանից միակ ներկայացուցիչ «Փարոս» կամերային երգչախումբը, որտեղ շահեցինք 2 արծաթե մեդալ: Ապագայում ուզում ենք եվրոպական միջազգային մրցույթներում լինել»,- խմբի 2009 թվականից ծավալած գործունեության մասին պատմում է խմբավար, գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ, ով երգչախմբին միացել է 2009 թվականից:
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում խմբավարը խոսեց նաև «Փարոսի» խնդիրների մասին. «Մեր երգչախումբը աշխարհում գործող միակ երգչախումբ է, որի թիմի մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձիք են, և հատկապես դրսում, երբ լինում ենք, բոլորին թվում է, թե մեզ պետությունը շատ է աջակցում: Աջակցում են իհարկե, բայց մեր գլխավոր խնդիրը պետական կարգավիճակ ստանալն է: Արդեն 20 տարի գործելով ,այդչափ հաջողություններ արձանագրելով, Հայաստանը աշխարհով մեկ ներկայացնելով` կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»:
Րաֆֆին խմբի հետ աշխատանքում ոչ մի այլ խնդիր և դժվարություն չի տեսնում և վստահեցնում է, որ «Փարոսի» հետ աշխատանքը նույնն է, ինչ կլիներ ցանկացած այլ երգչախմբի հետ. «Երգչախումբը հենց դրանով է երգչախումբ, որ տարբեր մարդիկ են, տարբեր տվյալներով`մեկը գեղեցիկ ձայն ունի, մյուսը` բարձր, մեկը նոտան բարձր է պատկերացնում, ամենը գումարվում է և ստացվում երգչախումբ: Լրացուցիչ խնդիրներ չկան, կարևորը այն է, որ մարդիկ ցանկություն ունեն երգելու, սիրում են աշխատել, իսկ «Փարոսում» բոլորն ուզում են բեմ բարձրանալ: Երգչախմբում երգելու համար կարևորը երաժշտական լսողությունն է, եթե լսածդ արտաբերում ես մաքուր, ապա ոչ գեղեցիկ ձայնն է պարտադիր, ոչ ուժգնությունը, ականջն է կարևոր, իմ պայմանը միայն դա է, մնացածն իմ աշխատանքն է, իմ գործը»:
«Փարոսի» երգացանկի ընտրությունը առանձնակի սկզբունքով չի կատարվում, եթե նախապես որևէ համերգի, մրցույթի մասին տեղեկանում, հրավեր են ունենում, ապա համապատասխան ծրագիր է կազմվում, այլապես որոշ գործեր երգչախումբն է առաջարկում, որոշներն էլ ինքը` գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ ընտրում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

