ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԳԻՏԻ՝ԱԺ-ՈՒՄ «ՔԱՌՅԱԿԸ» ՁԱՅՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԳԻՏԻ՝ԱԺ-ՈՒՄ «ՔԱՌՅԱԿԸ» ՁԱՅՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿՈՒՆԵՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ
Սահմանադրական բարեփոխումները դարձան այն կռվախնձորը ԱԺ ոչ իշխանական ուժերի համար, որի պատճառով հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցում: «Իրավունքը» ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզեց՝ինչու է ի վերջո ԲՀԿ-ը դեմ սահմանադրական բարեփոխումներին, եթե երկու տարի առաջ կողմ էր, սակայն այսօր կտրուկ դիրքորոշումը փոխել է եւ դեմ է դրանց արտահայտվում:
Ուրիխանյանը խնդրեց զերծ մնալ «կտրուկ փոփոխություն» ձեւակերպումից, քանի որ կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել. «Եթե խոսում եք ընտրակարգի փոփոխության մասին, որի կողմ է արտահայտվել ԲՀԿ-ն ընթացիկ եւ նախընտրական ծրագրերով, ապա դա ուժի մեջ է եւ մնալու է: Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելուն այն նախաձեռնողների կողմից, որոնք այսօրվա սահմանադրության պահանջները չեն իրականացնում, ստորադաս օրենսդրական ակտերով խախտում են գործող սահմանադրությունը, չեն պահպանում գործող օրենսդրության դրույթները, այդ նախաձեռողների սահմանադրական բարեփոխումներ հատուկ օպերացիային մենք դեմ ենք, քանի որ չկա վտահություն եւ հավատ»:
Ըստ ԲՀԿ մամլո խոսնակի՝արդյունավետ կառավարումը չէ, որ այսօր խանգարում է վերացնել մենաշնորհները, ոտքի հանել տնտեսության իրական սպեկտորները: «Գործազրկությունն ու արտագաղթը սահմանադրության հետ առնչություն չունեն»,- ասաց պրն Ուրիխանյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս հայտարարել էր, որ չի կարելի խոսել գոյություն չունեցողի մասին: Փաստաթուղթը տեսնելուց հետո կարելի է կարծիք հայտնել: ԲՀԿ մամլո խոսնակից պարզեցինք՝ հնարավո՞ր է փաստաթղթի հրապարակումից հետո «Բարգավաճ Հայաստանը» փոխի իր տեսակետը: Հարցազրույցից ընդամենը մեկ հատված եք մեջբերում, իսկ ամբողջ հարցազրույցում ասվում էր՝ մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, կետ առ կետ կպատասխանենք այն ժամանակ, երբ կներկայացնեն:
Ժամանակին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, քաղաքական ուժերը հայտարարեցին, որ ՀՀԿ-ը ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ ձայների պակասություն է ունենալու: Հիմա նույն բանն ասում են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», իսկ ավելի կոնկրետ՝ «Եռյակի» մասին, քանի որ ՀՅԴ-ն փաստորեն լքեց «Քառյակը»: «Ինձ զարմացնում է ձեր հարցադրումը, քանի որ ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, Քառյակի պառակտման մասին խոսք լինել չի կարող, որ տարակարծությունը սահմանադրական բարեփոխումների մասին է: Քառյակի ուժերը միասնական են, միակարծիք: Ես չգիտեմ՝ ձայների հետ ինչ կլինի Ազգային ժողովում, կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:
Փորձեցինք կապ հաստատել ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին:
Սոնա Դավթյան

