«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»
Արխիվ 12-16«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»
Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ առաջած սեքս- սկանդալը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես Թոքմաջյանը, այնպես էլ ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը, ում ի դեպ, խոստացել են պրոռեկտորի պաշտոնը, վստահեցնում են՝ այս ամենը կեղտոտ ու շինծու գործ է: «Այս սկանդալը մեծ հարված էր մեր համալսարանի հեղինակությանը, այդպես են մտածում թե՛ուսանողները, թե՛ կոլեկտիվը»,-«Իրավունքի » հետ զրույցում ասաց դասախոսը:
Թե ում էր ձեռնտու այս ամենը, Աշոտ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ գործն իրավական դաշտում է է եւ պետք է սպասել արդյունքներին: «Շրջանառվող լուրերը երբեմն անհեթեթության են հասնում. նույնիսկ ասում են՝ այս ամենը գուցե Թոքմաջյանն ու ֆեյսբուքյան երկխոսության մյուս երկու աշխատակիցներին է ձեռնտու եւ իրենք են կազմակերպել:Սա այն դեպքն է, երբ ասում են՝ դուռդ փակ պահի, հարեւանին գող մի ասա»,- մանրամասնում է ամբիոնի վարիչը:
Աշոտ Խաչատրյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս ամենը ձեռնտու ու կազմակերպված լիներ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից, քանի որ շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ռեկտորը ցանկանում է ետ վերադառնալ: «Գրեթե բացառում եմ այդ տարբերակը: Նա ուրիշ դարդ ու ցավ չունի եւ Թոքմաջյանին պիտի վարկաբեկի այն դեպքում, երբ վերջինս Արա Ավետիսյանի մասի երբեւէ վատ բան չի ասել»,- պատասխանեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ բացառում է՝ Արա Ավետիսյանը նորից նշանակվի ՀՊՃՀ ռեկտոր, քանի որ ազատվել է իր դիմումի համաձայն:
ՀՊՀՃ-ի դասախոսի տեղեկացմամբ սկանդալից հետո իր կամքով աշխատանքից ազատվեց պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավարը՝ Լիլիթ Դաշտոյանը, ով եւս ներգրավված էր այդ սկանդալում, իսկ վարչության պետերից մեկը՝ Ռուզան Հայրապետյանը, ում Թոքմաջյանն ինքն է իր հետ բերել, շարունակում է աշխատել:
Աշոտ Խաչատրյանից նաեւ պարզեցինք՝ հնարավոր է այս սկանդալը խոչընդոտի Հովհաննես Թոքմաջյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելուն: «Ես ոչինչ չեմ բացառում: Մի բան կարող եմ ասել՝ Թոքմաջյանը տուժող է ճանաչվել»,-եզրափակեց Աշոտ Խաչատրյանը:
Սոնա Դավթյան

