ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ, II ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՀՈԼՈՔՈՍՏԻ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ, II ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏԻ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը, 2015 թվականի հուլիսի 8-12-ը թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի կրելու է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը:
Հեղինակավոր այս համաժողովի անցկացումը Երեւանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի եւ, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության եւ հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
2015 թ. հուլիսին անցկացվելիք այս համաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:
Ի դեպ, համաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահն է Հայոց
ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ, ով անդրադառնալով վերոնշյալ համաժողովին նշեց. «Այս համաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության եւ, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ եւ երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու եւ, ինչու չէ, Հայաստանին ու մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»:
Նշենք, որ ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար եւ խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի, Հելեն Ֆայնի, Ռոբերտ Մելսոնի եւ Ռոջեր Սմիթի կողմից եւ այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել ու ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: Հիշեցնենք, որ 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

