ՕԶԲԻԼԻՍԸ ԵՐԿՐՈՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ՕԶԲԻԼԻՍԸ ԵՐԿՐՈՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Սեպտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ՈւԵՖԱ խորհրդաժողով` կազմակերպության անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների եւ տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Խորհրդաժողովին Ֆաբիո Կապելոյի (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնի (Անգլիա), Վիսենտե Դել Բոսկեի (Իսպանիա), Դիդյե Դեշամի (Ֆրանսիա) եւ այլ հանրահայտ մարզիչների հետ մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ. տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ:
Ի դեպ, ՖԻՖԱ-ն հրապարակել է նաեւ ֆուտբոլի ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 16 աստիճանովª իջնելով 52-րդ տեղ. մեր թիմն ունի 556 միավոր: Բեռնար Շալանդը թիմում ունի լուրջ անելիքներ, քննադատական ալիքի հոսքը շվեյցարացի մասանագետը կարող է զսպել` միայն թիմի հետ շոշափելի արդյունքի հասնելով: Իսկ հիմնական խնդիրն այն է, որ Շալանդի նորարարությունները այնքան էլ լավ չեն ընդունվում երկրպագուների կողմից, եւ նրա փորձարկումներն այնքան ժամանակ բացասական կարծիքի կարժանանան` մինչ հավաքականի խաղում դրանցից լուրջ առաջընթաց կնկատվի: Սակայն մեղադրել շվեյցարացի մասնագետին` դժվար է նրանով, որ վերջինս, այսպես ասած, պետք է նեղ ռեսուրսներից հնարավորինս լայն դաշտ ստեղծի: Ինչեւէ, պետք է ռեալ գնահատել այն, ինչ ունենք, մարտավարական գործողություններից բացի, մարզչի տրամադրության տակ պետք է լինեն նաեւ ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, դեռ տեխնիկականի մասին լռում ենք...
Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից Արաս Օզբիլիսը, որը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում, Հռոմում ծնկի երկրորդ վիրահատության է ենթարկվել: Հայ ֆուտբոլիստն արդեն սկսել է վերականգնողական փուլը: Վիրահատությունից հետո Օզբիլիսին տեսակցության է գնացել ռուսական ՙՌադիո սպորտի՚ գլխավոր խմբագիր, ՙՆՏՎ պլյուսի՚ մեկնաբան Նոբել Առուստամյանը, այս մասին Օզբիլիսը Instagram-ի իր էջում գրել է. ՙԱնանկնալ այցելու` Հռոմում. դա իմ մտերիմ ընկեր Նոբել Առուստամյանն է: Շնորհակալություն այցելության համար: Սկսել եմ որոշ վարժություններ կատարել՚: Այժմ Արաս Օզբիլիսի ապաքինումից շատ բան է կախված, ֆուտբոլիստին հարկավոր է ոչ միայն վերականգնվել ֆիզիկապես, այլեւ հետագայում աշխատել` մարզավիճակ ձեռք բերելու համար: Հուսանք, որ ազգային ընտրանու բոլոր առանցքային ֆուտբոլիստները, որոնք վնասվածքներ ունեն, կկարողանան շարք վերադառնալ, քանզի մեր ընտրանին կազմի հիմնական ֆուտբոլիստների բացակայությամբ` առանց խնդրի հանդես գալու շռայլությունը իրեն թույլ տալ չի կարող:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

