ԹԱՄԱՇԱՆԵՐՈՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆ ՉԵՍ ԴԱՐՁՆԻ
Արխիվ 12-16Սեպտեմբերի 21-ին ամբողջ հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության երկրորդ Անկախության օրը: Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, իսկ 1991 թվականին անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ բնակչությունը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց ՀՀ անկախությանը: Դրանից հետո Հայաստանի անկախությունը ճանաչեցին բազմաթիվ երկրներ: Այսօր արդեն հայն ապրում է իր երազած ազատ եւ անկախ երկրում, որն ունի իր սահմանադրությունը եւ օրենքները:
Տարիներ շարունակ ՀՀ անկախության օրը վերածվել է տոնի, սակայն վերջին տարիներին այդ օրը կարծես թե չի նշվում այնպես, ինչպես նախկինում էր` մեկ-երկու համերգ եւ վերջ: Նախորդ տարի օրը ՙնշանավորվեց՚ միայն երգչուհի Նունե Եսայանի մենահամերգով, որի համար տրամադրվել էր մեծ գումար, ինչն էլ հանրության կողմից բոյկոտի առիթ հանդիսացավ: Թե ի±նչ ծրագրեր կան այս տարվա համար, դեռ պարզ չէ, սակայն մեկ բան պարզ է, որ այդ օրը պետք է վերածվի համահայկական տոնի: ՙԻրավունքը՚ ՀՀ վաստակավոր արտիստների հետ զրույցում անդրադարձավ այս խնդրին, թե ինչո±ւ է վերջին տարիներին ժողովրդի մեջ մարել տոնական տրամադրությունը, եւ ինչպե±ս պետք է տոնել անկախության օրը:
ՙՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԾԱՆՐ ԵՆ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇԵԼ՚
Հայրենասիրական երգերի հեղինակ, ՙՀայկազունք՚ համույթի գեղարվեստական ղեկավար ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ- Ինձ համար այդ օրը տոն է: Անկախության օրը բոլորը պետք է տոնեն եւ զգան, որ իրոք տոն է: Սակայն այսօր սոցիալական պայմաններն այնքան ծանր են, որ մարդիկ մոռանում են նույնիսկ իրենց ծննդյան օրը նշել: Անկախության տոնից կարեւոր տոն ոչ մի ժողովուրդ չի ունենում, այն մեր մեծագույն արժեքներից մեկն է: Տոնի համար համերգային ծրագերն էլ, իհարկե, կարեւոր են, սակայն, համերգն էլ շատ քիչ է: Որպեսզի այդ օրը մարդիկ տոնական տրամադրություն ունենան, անհրաժեշտ է ամբողջ տարին դրական տրամադրություն ստեղծել ժողովրդի համար: Ոչ թե` ինչ-որ մեկին գումար տալ ու հանել բեմ երգելու, սա արդեն թամաշա է դառնալու: Տարիներ շարունակ երազել ենք այդ օրվա մասին, պատերազմներ, պայքար, կորուստներ, ամեն ինչ անկախության համար ենք արել, իսկ այսօր չենք կարողանում ճիշտ գնահատել այդ արժեքը:
ՙԻՆՁ ԵՎ ԻՄ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է՚
ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Մրո)- Ինձ եւ իմ շրջապատի համար անկախության օրը սրբություն է: Սեպտեմբերի 21-ը մեր ինքնության վերահաստատման օրն է: Օրը համահայկական տոնի վերածելու համար նախ պետք է բոլորը գիտակցեն օրվա խոհուրդը եւ արժեքը: Եթե մենք հասարակության մեջ ունենք մարդկանց մի խումբ, որոնց համար պետք է սովորական օր լիներ սեպտեմբերի 21-ը, սա արդեն կապված է գիտակցության հետ: Հպարտության զգացում ունեմ, որ այսօր ունեմ հայ զինվոր, հայոց բանակ, հայ նախագահ: Ունեմ պետություն, որի պետականությունը հայկական է: Մենք միշտ էլ պետություն ունեցել ենք, սակայն եղել են ժամանակներ, որ պետությունը եղել է, սակայն պետականությունը չի եղել: Պետք է մարդկանց գիտակցությունը բարձրացնել, եւ նրանք էլ աշխատեն դրա վրա, որովհետեւ ցանկացած մարդ իր մասնագիտությամբ կարող է ծառայել այս ամենին: Ես իմ երգով փորձում եմ ցույց տալ, թե հայի համար ամենակարեւորը որն է, եթե յուրաքանչյուրը մտածի դրա մասին, կարծում եմ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի: Շնորհավորում եմ բոլորիս եւ հատուկ շնորհավորում եմ մեր պետականության երաշխավորին` հայ զինվորին, ով սահմանի վրա պահպանում է մեր պետության սահմանները: Շնորհակալ ենք այդ զինվորներին ու նրանց ծնողներին:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

