ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ՈՒ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ՈՒ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԸ
Երգարվեստում դեպի հայտնիություն ու ճանաչում տանող ճանապարհին էական ու նշանակալի են արտիստների համերգային ծրագրերը, լինեն դրանք մենահամերգների, թե հավաքական համերգների տեսքով:
Հայ շոուբիզնեսյան երգիչ-երգչուհիները, իհարկե, փորձում են այնպես անել, որ երեւանյան ու մարզային հայ հանդիսատեսը բեմից իրենց լսելուն կարոտ չմնա, բայց համերգային հիմնական շրջայցերը կատարվում են դրսում:
«...ՈՐ ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՉԴԱԴԱՐԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ»
«Հայաստանյան համերգները համեմատաբար քիչ են` պահանջվող պայմանները չապահովելու, տոմսերի վաճառքի ու ֆինանսական խնդիրների պատճառով, հատկապես մարզային համերգները, որոնք երգչի կողմից լինում են ուղղակի համերգ-նվեր ժողովրդի համար: Այնուամենայնիվ, այդ ամենը հասկանալով հանդերձ, կուզենամ, որ մեր երգիչները չդադարեն մարզերում ելույթներ ունենալ, որ մարդիկ իրենց լավ զգան: Առանց այդ էլ մարզերը կտրված են շատ բաներից» ,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԸ եւ հավելեց, որ իրենից էլ է հաճախ հայ հանդիսատեսը նեղանում ու հանդիպումներ պահանջում, քանի որ ստացվում է այնպես, որ երգում են միայն արտասահմանի համար:
«ՑԱՎՈՔ, ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ԵՆ ՏՈՄՍ ԳՆՈՒՄ»
ԷՐԻԿՆ էլ շարունակում է հավաքական համերգներով ներկայանալ, սակայն մենահամերգ դեռեւս չի նախատեսում, որովհետեւ.«Մենահամերգ ունենալու ցանկություն, իհարկե, շատ-շատ ունեմ, բայց ցանկություն ունեմ նաեւ մարդկանց կրկին լավ կերպով ներկայանալու. ինձ այդպիսին են սովոր տեսնել: Մենահամերգս պետք է այնքան անմոռանալի լինի, որ հետագայում եւս մարդիկ սիրով գան, ոչ թե ասեն` լա¯վ, դե գիտենք` ինչ է լինելու: Եվ առհասարակ այն ամենը, ինչ կատարվում է երգչի կյանքում, բերում է, ի վերջո, համերգ-աշխատանքի: Ցավոք, այսօր Հայաստանում դժվար են տոմս գնում, միգուցե գումարային խնդիրն է, միգուցե մարդիկ հոգնել են, չգիտեմ: Ամեն դեպքում, տարբերվող բան անելը շատ դժվար է. թանկ է ամեն ինչ, լավ շոուն հսկայական միջոցներ է պահանջում եւ երգչին նաեւ ֆինանսական հասունություն պարտադրում»:
Անկախ առկա խնդիրներից` բոլոր պարագաներում էլ հաճելի է սիրված երգը լսել սիրելի երգչի կենդանի կատարմամբ` իրական բեմից:
«ԱՌԱՆՑ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ԿՄՈՌԱՑՎԵՍ»
Երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ համար էլ համերգները ոգեւորության, աշխատելու ուժի սկզբնաղբյուր են. «Առանց տեսահոլովակի կմոռացվես, այն հրաշալի հնարավորություն է հանդիսատեսին աշխատանքային նորություններդ ներկայացնելու, իսկ համերգները այնքա¯ն էներգիա են տալիս, օգնում հասկանալ, որ այն, ինչ դու անում ես, ծափահարողներ ունի... Ես ամեն համերգից հետո անքա¯ն եմ ոգեւորվում ու հասկանում, որ պիտի աշխատեմ»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

