ՙՙՙՙ«ԱՅՆ, ԻՆՉԸ ՀԱՃԱԽ ԳՐԻՊ ԵՆՔ ԱՆՎԱՆՈՒՄ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՐԻՊ ՉԷ»
Արխիվ 12-16«ԱՅՆ, ԻՆՉԸ ՀԱՃԱԽ ԳՐԻՊ ԵՆՔ ԱՆՎԱՆՈՒՄ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՐԻՊ ՉԷ»
- Ինչո՞վ է պայմանավորված գրիպի սեզոնային սրացումը: Ինչպե՞ս տարբերել գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից: Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ գրիպից հնարավորինս արագ ձերբազատվելու համար:
Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.
- Այն, ինչը մենք հաճախ գրիպ ենք անվանում, իրականում գրիպ չէ: Մարդիկ չեն տարանջատում գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից (հիվանդությունից): Պատճառը հիվանդությունների նույնանման ախտանշաններն են: Սուր ռեսպիրատոր հիվանդություններն ուղեկցվում են ջերմությամբ, հարբուխով, փռշտոցով, հազով, սակայն դրանք շատ ավելի թեթեւ ընթացք ունեն, քան գրիպը:
Գրիպը, ինչպես եւ ցանկացած ռեսպիրատոր վարակ, ունի սեզոնայնություն: Հիմնականում` աշուն-ձմեռ ժամանակահատվածն է, երբ նկատվում է սուր ռեսպիրատոր հիվանդությունների սրացում: Այն ունի մի քանի պատճառ: Առաջինը ձմռան ցուրտ ամիսներին մարդու իմունային համակարգի ընկճումն է: Երկրորդը` ցուրտ եղանակներին մարդկանց խմբավորումն ավելի է շատանում, մարդիկ ավելի շատ լինում են փակ տարածություններում, որոնք, որպես կանոն, չեն օդափոխվում: Եվ երրորդ` ռեսպիրատոր վիրուսներն ավելի կայուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այդ իսկ պատճառով տաք եղանակներին այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում:
Գրիպի դեմ գոյություն ունեն մի քանի կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք պայմանականորեն կարելի է տարանջատել սպեցիֆիկ (դեղորայքային) եւ ոչ սպեցիֆիկ (ոչ դեղորայքային) միջոցառումների: Սպեցիֆիկ միջոցառումների մեջ մտնում են` հակագրիպային վակցինաների կիրառումը գրիպի սեզոնի ընթացքում, ինչպես նաեւ ինտերֆերոնի կիրառումը քթի կաթիլների ձեւով (ինտրանազալ): Այն կանխարգելում է գրիպի զարգացումը:
Սպեցիֆիկ միջոցառումներից զատ, նախ եւ առաջ պետք է սահմանափակել շփումը գրիպով հիվանդ կամ գրիպին բնորոշ նշաններ ունեցող մարդկանց հետ: Նման հիվանդների հետ շփվելիս խորհուրդ է տրվում հատուկ ռեսպիրատորներ (դիմակ) հագնել: Նրանք ունեն հաստ շերտ եւ կանխում են վիրուսի թափանցումը դիմակի միջով: Անհրաժեշտ է առավել հաճախ օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ, ախտահանել օդը եւ առարկաները:
Նաեւ գրիպին բնորոշ նշաններով հիվանդներին խորհուրդ է տրվում անպայման դիմել բժշկի: Գրիպը ախտորոշվելու դեպքում պետք է ստանալ հակավիրուսային բուժում:
Կանխարգելման նպատակով, բացի դեղորայքայինից, կարելի է օգտագործել նաեւ ավանդական միջոցներ: Դա հիմնականում վիտամին C-ով հարուստ սննդամթերքի, սխտորի կիրառումն է, որը նույնպես ոչ սպեցիֆիկ ձեւով պաշտպանում է մեր օրգանիզմը ռեսպիրատոր վարակներից: Սխտորը կարելի է կիրառել ինչպես ուտելու ձեւով, այնպես էլ պարզապես կտրատել եւ դնել սենյակում: Այն ախտահանում է օդը:
Եթե սովորական մրսածության դեպքում բարդությունները հանդիպում են հազվադեպ եւ ներառում են հիմնականում քիթ-կոկորդ-ականջ օրգանների բորբոքումները (լարինգիտ, ֆարինգիտ, ռինիտ եւ այլն), ապա գրիպի ժամանակ կլինիցիստները սովորաբար առնչվում են ավելի ծանր բարդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, հայմորիան ու ֆրոնտալ խոռոչների, միջին ականջի բորբոքումը եւ այլն: Ծանր դեպքերում կարող է բարդանալ մենինգիտով, էնցեֆալիտով (ուղեղաթաղանթի եւ ուղեղի բորբոքում):
Գրիպի ժամանակ խուսափեք նաեւ սերտ շփումներից ու համբույրներից: Հազալիս գրիպը փոխանցվում է մոտ երեք ու կես մետր հեռավորության վրա, փռշտալիս` մոտ երկու: Այնպես որ, հազալիս ավելի ինտենսիվ է վիրուսի ձերբազատումը տեղի ունենում:
Չբարդացած գրիպը, սովորաբար, տեւում է մինչեւ 7 օր եւ համաձայն հայտնի արտահայտության` եթե բուժում ես, գրիպն անցնում է մեկ շաբաթում, եթե չես բուժում յոթ օրում:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

