ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված հայտնի պատժամիջոցներն ինչ ազդեցությունն են գործում ոչ միայն ռուսական, այլ նաեւ եվրոպական տնտեսությունների վրա: Իսկ թե այդ ամենն ինչպես կարող է ազդել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա, փորձեցինք պարզել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ:-Քանի որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունի Մաքսային եւ ստեղծվող Եվրասիական միությունում, հասկանալի է, որ մեծ ուշադրություն եւ մտահոգություն է առաջացնում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաների ազդեցությունը միության այլ անդամների վրա: Խոսքը, իհարկե, նաեւ Հայաստանի մասին է` հաշվի առնելով, որ մեր երկիրը ներկայումս փաստացի գտնվում է Եվրասիական միությանը միանալու գործընթացում: Պատժամիջոցներն առաջին հերթին փաստացի անդրադառնում են Ռուսաստանի առեւտրային հաշվեկշռի վրա` մոտ հինգ տոկոսի չափով, եւ ՌԴ-ի որոշ առանցքային բանկերի վրա` ՙերկար փողեր՚ ստանալու հնարավորության առումով: Չնայած, որոշ մարդիկ պնդում են, որ Հայաստանը դեռեւս ՄՄ-ի անդամ չէ եւ թեեւ այս պահին ընդամենը ՄՄ-ին եւ Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացում է, սակայն այդ իրավիճակը այս պահին կարող է մեզ վրա ազդել հետեւյալ առումով: Հայտնի է, որ ՄՄ-ի անդամ երկրների համար ՌԴ-ում հանված են արտահանման մաքսատուրքերը` մասնավորապես էներգակիրների եւ այլ հումքերի համար: Հայաստանն էներգակիրների առնչությամբ այդ հնարավորությունից արդեն իսկ օգտվում է: Խոսքը գազի եւ նավթամթերքների գնի 30 տոկոսով իջեցման մասին է: Բացի այդ, Հայաստանի համար հանված է նաեւ չմշակված ադամանդների համար 6,5 տոկոսանոց մաքսատուրքը, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի էժան օգտագործել այդ հումքերը եւ որոշակի առավելություններ ունենալ մեր արտադրությունը արտահանելու տեսանկյունից: Արեւմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաներն այս ուղղությամբ չեն, այսինքնª գործնականում որեւէ փոփոխություն էներգառեսուրսների գնի կամ ծավալների առումով մեզ չի սպասվում:
Բացի այդ, ներկայումս հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային պրոյեկտներն են, որոնք, ըստ նախնական պայմանավորվածությունների, պետք է իրականացվեն: Խոսքս վերաբերում է մասնավորապես երկաթուղուզարգացման համար տրամադրվելիք կես միլիարդ դոլարին: Կես միլիարդ դոլարի ներդրումներ պետք է արվեն նաեւՙՆաիրիտի՚ եւ անվադողերի գործարանում: Այս ուղղությամբ, իհարկե, ռիսկեր ունենք: Սակայն խոսքը ռուսական չափանիշներով շատ մեծ գումարների մասին չէ, այսինքն` մենք պետք է աշխատենք, որ այդ նախնական համաձայնությունները կատարվեն: Եվ կարծում եմ, որ դա հասկանում են նաեւ մեր գործընկերները, առավելեւս, որ եվրասիական ծրագրերի իրականացման համար ինտեգրացիոն պրոյեկտները չափազանց կարեւորեն: Հատկապես այնպիսի պրոյեկտները, որոնք փոխկապակցում են Եվրասիական միության տնտեսություններին, եւ եթե որոշակի աջակցություն տրվի այդ սանկցիաների տակ ընկած կազմակերպություններին, ապա այդ նախագծերը, կարծում եմ, անպայման հաշվի կառնվեն ՌԴ-ի կողմից:
ՌԴ-ում սանկցիաների կիրառման հետեւանքով չի բացառվում, որ կունենանք որոշակի գնաճային ճնշումներ, չնայած չեմ կարծում, որ գնաճի մակարդակի կտրուկ փոփոխություններ լինեն: Բայց եթե նույնիսկ ՌԴ-ում ապրանքների գների որոշակի աճ լինի, ապա մեր շուկայում դրանց գինը էապես չի փոխվի:
Եվ, վերջապես, այդ պատժամիջոցները ռուսական աշխատաշուկայում կարող են որոշակի աշխատատեղերի կրճատման հանգեցնել, ինչը եւս կարող է ազդել մեզ վրա` հաշվի առնելով ռուսական աշխատաշուկայի դերը մեզ համար: Բայց չեմ կարծում, որ այդ ազդեցություններն էական կլինեն, քանզի մեր հայրենակիցների զգալի մասն աշխատում է այն ոլորտներում, որոնք սպասարկում են ՌԴ-ի ներքին շուկան:
Իսկ ընդհանուր առմամբ, քանի որ Եվրոպայի կողմից կիրառվող պատժամիջոցները ՌԴ-ի առեւտրային հաշվեկշռի մոտ հինգ տոկոս ապրանքների վրա են ազդում, ապա դրանց ազդեցությունը Հայաստանի վրա թուլանում է: Մեզ համար ներդրումների առումով որոշակի չափով վտանգ կա: Այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն, որպեսզի ամենաբարձր մակարդակով արված նախնական պայմանավորվածությունները իրականացվեն:
- Իսկ ինչպես կանդրադառնա պատժամիջոցների այդ պատմությունը Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա, ինչը վերջին ժամանակներս հաճախակի է քննարկումների առիթ դառնում:
- Պետք է ասեմ, որ, իհարկե, այս պարագայում ռուսական ներքին շուկայում առաջանում են ազատ դաշտեր, ինչի հաշվին մենք կարող ենք ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Ընդ որումª նպատակահարմար է, որ մեծացվեն հատկապես վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները: Այստեղ, սակայն, պետք է դեռ որոշակի աշխատանքներ տարվեն, քանի որ մենք խնդիր ունենք համապատասխան ծավալներով գյուղմթերքների արտադրության հետ կապված: ՌԴ-ի շուկան բավականին մեծ է, եւ ծավալների խնդիր նրանք, իհարկե, կունենան: Բայց նաեւ այդպիսի մեծ շուկա փոքր ծավալներով ապրանք արտահանելը հաճախ կարող է նպատակահարմար չլինել նաեւ այդ երկրի սպառողների կամ մատակարարողների համար: Թեկուզ եւ այն առումով, որ փոքր ծավալները ենթադրում են համեմատաբար բարձր գներ, այսինքնª այդ դեպքում կա խնդիր մեծ ծավալներով արտահանումներ իրականացնողների հետ մրցակցության առումով:
Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ռուսական ռուբլու կուրսի փոփոխության հետ կապված` մեր ապրանքները կարող են այդ շուկայում որոշակի աճ ունենալ: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկայում կմնան մրցունակ` հաշվի առնելով որակը եւ այն առաջացած ազատ դաշտերը, որոնք մենք կարող ենք լրացնել:
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի արտահանման ծավալները մեծացնենք, առավելեւս, որ զարգացած երկրներում համախառն ներքին արդյունքը արտահանման համեմատությամբ կազմում է ոչ պակաս քան երեսուն տոկոս, իսկ մենք այդ առումով էապես զիջում ենք այդ ցուցանիշին: Արտահանման ծավալների մեծացումը մեզ կապահովի ե°ւ զբաղվածության աճ, ե°ւ համախառն ներքին արդյունքի աճ, ե°ւ սոցիալական խնդիրների լուծում:
Պետք է հաշվի առնել, որ ինտեգրացիոն գործընթացները տնտեսական ու սոցիալական խնդիրներ են լուծում, եւ կցանկանայի, որ այս հարցը այդքան չքաղաքականացվի: Նույնիսկ եվրոպական մեր գործընկերներն այս հարցն այդքան չեն քաղաքականացնում, ինչքան մեր երկրի ներսում է: Բոլորը հասկանում են, որ սա առաջին հերթին տնտեսական խնդիր է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

