ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԱՂՏՈՏԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Մեզ շրջապատող միջավայրում կան բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ, որոնք մարդու աչքի համար անտեսանելի են: Խոսքը շրջակա միջավայրում տարածված քիմիական անտեսանելի տարրերի եւ աղտոտիչների մասին է: Եվ ահա ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կառավարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԸ փաստեց` այդ անտեսանելի խնդիրներն այսօր ՀՀ որոշ տարածքներում այնքան են ծավալվել, որ վերաճել են նաեւ սննդի անվտանգության խնդիրների, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
-Մեզ մոտ` ՀՀ-ում, շրջակա միջավայրի աղտոտումից բխող խնդիրները շատ են: Դրանք գնում են դեպի բժշկություն, բնակչության առողջական ռիսկեր, սննդի անվտանգություն եւ այլն: Մինչդեռ անգամ շրջակա միջավայրի գրագետ մոնիթորինգ Հայաստանում այսօր չկա: Ամեն դեպքումª մեր ուսումնասիրությունները վկայում են, որ իրոք շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված` ունենք լրջագույն եւ առաջին հերթինª ռիսկերի գնահատմանն առնչվող խնդիրներ: Մոնիթորինգը պետք է հիմնված լինի գնահատված ռիսկերի վրա: Այս պայմաններում հնարավոր չէ հասկանալ, թե ով է պատասխանատուն, ով է վերահսկում, կամ ով պետք է գնահատի ու լուծումներ առաջարկի` իրավիճակի համար:
Քիմիական աղտոտիչ նյութերի ե°ւ պարունակությունները, ե°ւ չափաքանակները շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում ներկայումս գնալով ավելանում են: Հանքալեռնային շրջաններում կատարած մեր հետազոտությունների արդյունքները վկայում են, որ քիմիական աղտոտիչները օդ-ջուր-հող համակարգով անցել են նաեւ սննդի շղթայի տարբեր օղակեր: Այս ամենն էլ հիմք հանդիսացավ, որ Էկոկենտրոնում բացվի Սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն: Պարզվեց, որ ՀՀ-ում շատ հաճախ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներն ի վերջո կապվում են նաեւ սննդի անվտանգության հետ, եւ այս կենտրոնը զբաղվելու է ռիսկի` գիտամեթոդապես հիմնավորված գնահատմամբ` հաշվի առնելով նաեւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ռիսկերը:
Մեր զրուցակիցը պատմեց, որ Ալավերդիում, Քաջարանում, Կապանում եւ Մեղրիում անցկացրած հետազոտություններից հետո այցելել են քաղաքապետներին եւ հետազոտության արդյունքները ներկայացրել ինչպես տեղական իշխանություններին, այնպես էլ բնակչությանը: Ըստ Լ. Սահակյանի` ինչքան էլ մարդիկ հասկանան, որ այդ շրջանների հանքարդյունաբերությունը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար, միեւնույն է` կան սոցիալական որոշակի խնդիրներ, որոնք հաղթահարվում են միայն այդ կերպ.
- Մեր բոլոր բնապահպանական հարցերը գալիս, բախվում են սոցիալական խնդիրներին: Այսինքն, եթե մարդուն ասում ես` այսինչ բանը վտանգավոր է, ապա պարտավոր ես նրան ընտրության լայն հնարավորություն տալ: Այստեղ կարեւոր է, որ խնդիրների մասին գրագետ ձեւով իրազեկվի բնակչությունը, որպեսզի նրանց մոտ խուճապ չառաջանա, եւ տրվի ընտրության հնարավորություն: Պետք է ասեմ, որ կա նաեւ օրենսդրական բաց:
Լ. Սահակյանն ընդգծեց նաեւ, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում սկսում է հանքարդյունաբերական գործունեություն, ապա առկա բնապահպանական առաջնային, ֆոնային պատկերը հիմնականում չի էլ ուսումնասիրում, որն էլ հետագայում բերում է լուրջ բարդացումների: Օրինակ, եթե հանք շահագործողին ասեն, որ աղտոտում է շրջակա միջավայրը, կարող է հրաժարվել ընդունելու այդ ճշմարտությունը` պատճառաբանելով, թե աղտոտվածությունը եղել է իրեից առաջ: Մինչդեռ այդ հարցերը նախ պետք է օրենսդրորեն հստակ կարգավորված լինեին:
Լիլիթ Սահակյանի փոխանցմամբ` հանքալեռնային քաղաքներից եւ դրանց կից շրջաններից բացի, Հայաստանի քաղաքներից առավել հանգամանալից հետազոտել են Երեւան քաղաքը, եւ այդ աշխատանքները դեռեւս շարունակվում են.
- Այժմ փորձում ենք Երեւանի համար հասկանալ, թե աղտոտված հողերը առողջական ինչ ռիսկեր են պարունակում, ինչ հետեւանքներ կարող են առաջ բերել մեծահասակների եւ հատկապես երեխաների մոտ: Մենք սիրում ենք ասել, որ ինչ անում ենք, երեխաների համար ենք անում, սակայն արի ու տես, որ այսպիսի աղտոտված միջավայր ենք ստեղծել նրանց համար: Մեր բնակչության մեջ մտել է մի սովորություն` տունս մաքուր լինի, դրսում ինչ ուզում է, թող լինի: Մարդն այսօր սեփականատեր չէ: Եթե նա իր քաղաքն ընդունի որպես սեփական տուն, ապա աղբի ու աղտոտվածության խնդիրը որոշակի ձեւով կլուծվի: Եթե հասարակությունը հիվանդ է, ապա նրա շրջակա միջավարը եւս անառողջ կլինի: Հույս ունեմ, որ եկող սերունդն ավելի սրտացավորեն կմոտենա շրջակա միջավայրին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

