ՈՒՈՐԼԻՔԻ ԱՅՑԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Արխիվ 12-16
ՈՒՈՐԼԻՔԻ ԱՅՑԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ
Օրերս Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այցի շրջանակներում մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ համանախագահը առնվազն մեկնաբանությունների կարոտ մի շարք սկանդալային հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորապես, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում ներկայումս նոր պատուհան է բացվել, որ ժամանակն է բանակցությունները տանել դեպի ավելի պաշտոնական բանակցային մակարդակ: Եվ, վերջապես, պարոն Ուորլիքը նորից հիշեց իր աղմկահարույց վեց կետերի մասին, որոնք, ըստ էության, ենթադրում են ԼՂՀ-ի մի զգալի մասը վերադարձնել Ադրբեջանինª առանց որեւէ բան ստանալու: Թե ինչ կփոխվի Ջեյմս Ուորլիքի այս այցելությունից հետո, ու որն էր նրա այցի իմաստը, ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել քաղաքագետներից եւ քաղաքական գործիչներից:
ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի հիմնադիր նախագահ, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ նշեց.
- Անդրադառնալով Ջ. Ուորլիքի արտահայտած մտքերին` պետք է ասեմ, որ միշտ էլ հույս է հայտնել, թե ավելի մոտ է Արցախի հարցի լուծումը: Ես կարծում եմ, որ այս ամենն ավելի շատ դիվանագիտական ցանկություն է, քան իրականություն, որովհետեւ փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանն իր իսկ նախնական դիրքորոշումով է վարում բանակցային գործընթացը` միայն դեպի Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարություն, այսինքն` ավելի ցածր կարգավիճակ, քան 1988 թվականին ԼՂՀ-ն ուներ: Հետեւաբարª այդ եւ մեր դիրքորոշումները միանգամայն անհամատեղելի են, եւ դեռ մոտ չենք հարցի լուծմանը:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ ընդգծեց.
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մատնանշելով հնարավորության պատուհանը, նկատի է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների այն հանդիպումները, որոնք այս տարվա ընթացքում տեղի են ունեցել Սոչիում եւ Մեծ Բրիտանիայում: Բացի այս, սպասվում է եւս մեկ հանդիպում Փարիզում: Միգուցե ստացվեն առաջխաղացումներ, սակայն դրանք կարելի է սպասել ոչ թե ամբողջ բանակցային գործընթացում, այլ գոնե շփման գոտում ազդեցության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էլ շեշտեց.
- Հնարավորության պատուհանն այն է, որ վերջերս բանակցային գործընթացի շուրջը շատ ակտիվ հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ, որին մասնակցեցին նաեւ ՌԴ նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը: Այս անգամ եւս կողմերը հայտարարեցին, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, այս մասին խոսվեց նաեւ ՄԱԿ-ի բանաձեւում: Հնարավորության պատուհան միշտ էլ եղել է, որը, ցավոք սրտի, փորձել է փակել ադրբեջանական կողմը: Կարծում եմ` այժմ նման բարձր մակարդակով հանդիպումներից հետո այդ պատուհանը կրկին բաց կլինի, որի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք պետք է տարվի:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է սոցհարցում`պարզելու համար, թե Ջեյմս Ուորլիքի մատնանշած հնարավորության պատուհանը որքանով կնպաստի բանակցային գործընթացներին:
1. Սա հերթական ստանդարտ այցելությունն էր, որի արդյունքում լավագույն դեպքում կարող է նախագահների մակարդակով հերթական հանդիպումը կազմակերպվել- 64%:
2. Աշխարհում տիրող ներկայիս լարված իրավիճակում նույնիսկ ամենաանհավանական բաներն են դառնում հնարավոր: Ղարաբաղի հարցում էլ ակտիվությունն աճում է, եւ պետք է զգուշանալ այս կարգի այցերից- 21%:
3. Վերջին ամիսներին Ուորլիքի ակտիվությունը հուշում է, որ ԱՄՆ-ը փորձում է թեժ պահել Ղարաբաղի թեման: Ուրեմն դեռ կլինեն սուր զարգացումներ - 15%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

