ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՄԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ ԼԻՆԵԼ՚
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՄԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ ԼԻՆԵԼ՚
ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսելով նախօրեին արդեն ոչ թե ՙքառյակի՚, այլ ՙեռյակի՚ կողմից հանրահավաք անցկացնելու որոշման մասին` ասաց.ՙՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԵՐԲԵՔ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ՚
-Ես չէի ցանկանա մեկնաբանել, թե քառյակը ինչու է եռյակ դարձել, կամ կարող է հնգյակ դառնալ, դա իրենց որոշումն է, չնայած որ, ցանկալի է, որ քառյակը որպես այդպիսին մնար, որոնց աշխատանքը մեզ ավելի զգաստ էր պահում, ավելի արդյունավետ էինք աշխատում: Համենայնդեպս փաստն այն է, որ երկու օր առաջ ՙքառյակում՚ ՙեռյակը՚ որոշում է կայացրել` հանրահավաքին մասնակցելու համար, բայց հետաքրքիրն այն է, որ հանրահավաքին մասնակցելու է ՙեռյակը՚, չնայած հանդես են գալիս ՙքառյակի՚ անունից: Դա պատճառաբանում են նրանով, որ նախօրոք բարձրացրած 12 կետերի մասին հանրահավաքի ժամանակ կխոսեն ՙքառյակի՚ անունից: Դաշնակցությունը ժամանակին հայտարարել էր, որ կողմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՙԺառանգությունը՚ իր մոտ քննարկումներ կատարեց, որոնց առաջարկությունները կարելի է քննարկել սահմանադրական բարեփոխումներից հետո: Բայց ես իրենց էլ չեմ հասկանում. ինչպես կարելի է` առանց սահմանադրական բարեփոխումների, անցնել կառավարման այս կամ այն համակարգին, քանի որ ամեն բան արվում է Սահմանադրությամբ: Որեւիցե քաղաքագիտական պատմության մեջ ես նման բան չեմ տեսել:
- Ստացվում է, որ եթե ՙքառյակը՚ դառնա ՙեռյակ՚, ՀՀԿ-ի վիճակը բարդանո±ւմ է:
- ՀՀԿ-ի վիճակը երբեւէ չի բարդացել եւ չի բարդանալու, պարզապես, մեզ համար ձեռնտու է առողջ ընդդիմություն ունենալը:
- Իսկ առողջ է մեր ընդդիմությունը:
- Դե, եթե իրենք իրենց հրաշալի են անվանում, նշանակում է, որ իրենք իրենց առողջ են տեսնում, իսկ թե հիմա եռյակը ինչ ձեւով կկոչվի, դա էլ իրենք կորոշեն:
- Ձեր կարծիքով` ՀՅԴ-ն կհամալրի կոալիցիայի շարքերը` ինչի մասին խոսում էին տարիներ շարունակ:
- Ես տեղյակ չեմ իրենց առաջարկներից, միգուցե, սահմանադրական բարեփոխումների մասով կլինեն, չգիտեմ: Երբ ժամանակը գա, կերեւա, պետք չի գուշակություններով առաջնորդվել:
- Ընդդիմադիրների կողմից իրականացվելիք հանրահավաքը դարձյալ հուժկու եւ սպառնալի±ց է ՀՀԿ-ի համար, թե հույս կա, որ մինչ հոկտեմբերի 10-ը ինչ-որ բաներ կփոխվեն:
- Հանրահավաքը երբեք սպառնալիք չի եղել ՀՀԿ-ի համար...
- Իսկ մարտի մեկը...
- Մարտի մեկը այլ բան է, ու տա Աստված, որ դրա հետ կապված` ամեն ինչ բացահայտվի, մեղավորները գտնվեն, եւ հաստատ համոզված եմ, որ կգտնվեն մեղավորներ` բոլոր ճամբարներում: Դրա համար այն մարդիկ, ովքեր հանրահավաք են անցկացնելու, մինչեւ վերջ պատասխանատու են` թե° մասնակիցների համար, թե° կազմակերպչական առումով, քանի որ լինում են դեպքեր, երբ կազմակերպիչները հանրահավաքին տեսնում են մի քանի հարյուր մարդ, ոգեւորվում են ու սկսում սահմաններից դուրս գալ, ավել-պակաս բաներ հայտարարել, երթեր կազմակերպել, գնալ նախագահական, ԱԺ-ի շենքի մոտ եւ այլն:
- Մի քանի օր առաջ հանրահավաք անցկացնելու հետ կապված` ՀՀ ոստիկանապետը սպառնալիք է հնչեցրել, սրա մասին ի±նչ կասեք:
- Ես չգիտեմ, թե ինչ է սպառնացել ոստիկանապետը, բայց եթե այդ հանրահավաքը թույլատրվել է, ապա համապատասխան կառույցներն ունեն իրենց պատասխանատվությունը` հանրավահաքի հետ կապված:
- Պարոն Ավետիսյան, Դուք կառավարման ո±ր համակարգի կողմնակիցն եք:
- ՀՀԿ-ն եւ առավել եւս երկրի նախագահը կողմնակից են այնպիսի կառավարման համակարգի, որ փոխադարձ վերահսկողության եւ տարանջատման համակարգ լինի: Այսինքն` իշխանության մի համակարգը մյուսի նկատմամբ ավելի շատ լիազորություններ չունենա: Բայց եւ այնպես, ես կողմնակից եմ կիսանախագահական համակարգին: Բայց քանի որ խորհրդարանը ներկայացնում է մեր երկրի քաղաքական հիմնական ուժերին, հետեւաբար ճիշտ կլինի, որ խորհրդարանը ավելի շատ լիազորություններ ունենա:
Սահմանադրական բարեփոխումներով մենք ցանկանում ենք երեք հիմնական հարցի պատասխան ունենալ. նախ` մարդու իրավունքները, այսինքն` ոչ մի չինովնիկ չկարողանա որեւէ քաղաքացու իրավունքներ ոտնահարել, այսինքն` մարդակենտրոն սահմանադրություն ունենալ: Երկրորդ. բոլորը ամեն տեղ խոսում են դատական իշխանությունների անօրինականությունների մասին, իսկ մենք առաջարկում ենք դրա դեմն առնելու համար սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալ դատական անկախ իշխանություն, եւ երրորդը` արդեն ասացի, իշխանության թեւերի տարանջատում եւ վերահսկելիություն իրականացնելն է: Հիմա ուզում եմ հասկանալ, սրա ինչի±ն է դեմառհասարակ ընդդիմությունը, կամ ասում են` դրա ժամանակը չէ, բա էդ դեպքում ե±րբ է ժամանակը:
- 12 կետանոց ընդդիմության պահանջին հասարակությունը արդյոք ծանո±թ է, Դուք մարզային այցելությունների ժամանակ նկատո±ւմ եք դա:
- Ինչ խոսք, այդ պահանջներից հասարակության մի մասն է տեղյակ, իսկ մյուս մասին, հատկապես մարզերում, հետաքրիր են իրենց սոցիալական հարցերը: Այդ 12 կետերից կան կետեր, որոնք կառավարության ծրագրերում արդեն ներկայացված են, կան կետեր, որոնք անիրականանալի են, եւ միգուցե 10 կետ իրականանա, բայց այդ երկուսը` ոչ, որի հետ կապված էլ, նրանք կարող են ասել, որ տեսաք` իշխանությունը չկատարեց մեր պահանջը: Ընդդիմությունը կարող է ամեն ինչ ասել` առանց հիմնավորման, իսկ իշխանությունները նման քայլով չեն կարող առաջնորդվել:
ՄԻԳՈՒՑԵ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԱՍԵՐԸ ՀԱԿԱՌԱԿՆ ԵՆ ԱԶԴԵԼ
Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՎՐԱ
-Ինչով է, ըստ Ձեզ, պայմանավորված ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լռակյաց պահվածքը խորհրդարանում, եթե համեմատենք վերջինիս ագրեսիվ ու հիսթերիայի հասնող ելույթները առհասարակ, մինչ ԱՄՆ մեկնելն ու դասընթացներ անցնելը:
- Միգուցե, Ամերիկան հակառակ ազդեցությո±ւնն է ունեցել, որովհետեւ ով գալիս է այնտեղից, փորձում է ավելի շատ քննադատել իշխանություններին, միգուցե, այս անգամ հակառակն է ազդել Զ. Փոստանջյանի վրա:
- Պարոն Ավետիսյան, արդեն խոսում են ՄՄ-ին անդամակցելու ժամկետների մասին` նշելով հոկտեմբերի 10-15: Կարծում եք, որ արդեն ՀՀ-ն կգնա դրան:
- 10-15-ը, ըստ իս` բանակցությունների վերջնական ավարտը կլինի, իսկ ստորագրումը երբ կլինի, դեռ պարզ չէ, չնայած արդեն որեւէ հակասություն չկա չստորագրման համար:
- Ձեր կարծիքով` ՙեռյակի՚` հոկտեմբերի 10-ին անցկացվելիք հանրահավաքի օրը պատահական ընտրված չէ±ր:
- Հավանաբար` այո, մտածում են, որ այդ կերպ կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ գործընթացի վրա, բայց դա չի լինի:
- Վերջերս տողերիս հեղինակը գտնվում էր Ղրիմում, որտեղ զրուցելով հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ, նա ասաց, որ Հայաստանում մայդան են նախապատրաստում, դուք կիսո±ւմ եք այդ տեսակետը:
- Մի շարք քաղաքական ուժեր Հայաստանում ոգեւորվել էին մայդանով: Իսկ ես ասել եմ ու կասեմ` ով մտածում է, որ Հայաստանում կարող են մայդան անել, ուրեմն` նա առաջինը պատասխան է տալու ժողովրդին: Թող մարդիկ չմտածեն, որ Հայաստանը Ուկրաինայի նման կարող է թատերաբեմ լինել: Ես մայդանի նախադեպեր չեմ տեսնում: Մայդանը Ուկրաինայի կործանումն է, իսկ ՀՀ ցանկացած քաղաքական ուժ գիտակցում է, որ չպետք է անել այնպիսի բան, որ երկիրը գնա կործանման:
- Չեք գտնում, որ մեզ մոտ կան քաղաքական ուժեր, ովքեր այդքան էլ սրտացավ չեն մեր երկրի համար:
- Եթե անգամ կան, ինչի մասին չեմ ցանկանում մտածել, ապա անպայման պատասխան կտան ժողովրդին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

