ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ. «ԵՐԿՈՒ ԴՈՒՌ, ՍԱՌՆԱՐԱՆ, ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ...»
Արխիվ 12-16ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ. «ԵՐԿՈՒ ԴՈՒՌ, ՍԱՌՆԱՐԱՆ, ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ...»
«Իրավունքը» սեպտեմբերի վեցի հրապարակման մեջ անդրադարձել էր սեպտեմբերի 13-ին կայանալիք ազատամարտիկների բարեգործական համերգին, որի նախաձեռնողը երիտասարդներն էին: Նրանցից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, «Իրավունքին» այսօր տեղեկացրեց, որ իրենց սպասելիքները հիմնականում արդարացան: բարեգործական համերգի շնորհիվ հավաքվեց 477.000 դրամ գումար, որն ամբողջությամբ տրամադրվեց սոցիալական ծանր պայմաններում ապրող ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանին, ում բնակարանում ոչ մի հարմարություն չկար: «Ձեռք է բերվել տան համար երկու դուռ, սառնարան, լվացքի մեքենա, ջրատաքացուցիչ, որոնք արդեն երկուշաբթի տեղադրված կլինեն»,-մանրամասնեց Վաղինակը:
Ազատամարտիկը, լինելով հպարտ եւ մշտապես հույսն իր վրա դնող անհատ, մինչ այս հրաժարվել է տարբեր անհատներից օգնություն ընդունել: Բայց այս անգամ իմանալով, թե ովքեր են իրեն աջակցողները, համերգի շնորհիվ հավաքված գումարն ընդունեց: «Ազատամարտիկը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: Մենք՝ համերգի կազմակերպիչներս եւս, շնորհակալություն ենք հայտնում «Ռադիո Վան» ընկերությանը, որը գովազդեց մեր համերգը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով տոմսերի մի մասը ձեռք բերեց, ՌԴ-ի մեր ընկերներին՝ ֆինանսապես մեզ օգնելու համար եւ այն մարդկանց, որոնք բացի տոմս գնելուց, իրենց հանգանակությունն ունեցան այս գործում»,- ասաց Վ. Շուշանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը կրելու է շարունակական բնույթ եւ օգնելու եք նաեւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազատամարտիկների ու անապահովների:
Ի դեպ, համերգի կազմակերպիչ երիտասարդների ջանքերով ազատամարտիկ Վագիֆ Ավետիսյանի հոգեկան խնդիրներ ունեցող դստերը հաջորդ շաբաթ հոգեբույժի խորհրդով կտեղափոխեն հիվանդանոց՝ ստացիոնար բուժում նշանակելու համար:
Հիշեցնենք, որ Վագիֆ Ավետիսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակին անդրադարձել էր «Իրավունքը» հուլիսի 16-ի հոդվածում:
Սոնա Դավթյան

