Շատ շուտով «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ցանկը կընդլայնվի. Արարատ Ստեփանյան 09-19-201
Արխիվ 12-16Շատ շուտով «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ցանկը կընդլայնվի. Արարատ Ստեփանյան
Հայաստանում առաջին «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում, այնուհետև՝ Արտաշատում և Գյումրիում: Մշակութային կենտրոնների գործունեության և հետագա ծրագրերի շուրջ զրուցեցինք «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների տնօրեն Արարատ Ստեփանյանի հետ:
-Ինչպես գիտենք 2011 թվականից արդեն Հայաստանում իրենց գործունեությունն են ծավալում «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնները: Ինչու՞ որոշվեց բացել ռուսական գրախանութներ:
- Հայաստանում ռուսական գրախանութներ բացելու գաղափարը եղել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանինը, ով հիմնել է նաև «Ռուս-հայկական» բարեգործական հիմնադրամը, որը մի շարք միջոցառումների շնորհիվ ավելի է ամրապնդում ռուս-հայկական բարեկամական հարաբերությունները: Իսկ ինչ վերեբերում է ռուսական գրախանութներին, ապա դրանք ոչ միայն գրախանութներ են, այլ նաև՝ մշակութային կենտրոններ, որոնք գործում են Երևանում, Արտաշատում և Գյումրիում: Գրախանութները գրեթե ամեն օր աշխատում են հագեցած մշակութային օրակարգով:
-Ինչպիսի՞ գրականությամբ են համալրված գրախանութները, արդյո՞ք Հայաստանում պահանջված է ռուս գրականությունը:
-Գրախանութները համալրված են բազմաժանր գրականությամբ՝ մանկականից մինչև տեխնիկական: Այստեղ վաճառվում են ոչ միայն ռուս հեղինակների, այլ նաև այլ ազգերի հեղինակային գրքեր, որոնք հրատարակված են ռուսաց լեզվով:
-Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում գրքերը:
-Գրքերը թարմացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ պահանջարկի, այսինքն՝ ունենք բազմաթիվ գնորդներ, ովքեր իրենք են ընտրում հեղինակներին և մենք ամեն կերպ աջակցում ենք, որպեսզի տվյալ գրականությունը հասանելի լինի նրանց : Նշեմ, որ ամբողջ գրականությունը ներմուծվում է Ռուսաստանից:
-Մոտ ապագայում նախատեսվու՞մ է բացել նոր գրախանութներ:
-Այո, շատ շուտով գրախանութների ցանկը կընդլայնվի: Բոլոր մարզերում կբացվեն նմանատիպ գրախանութներ: Նպատակ կա նաև Արցախում հիմնելու նմանատիպ մշակութային կենտրոններ:
- Հիմնականում ովքե՞ր են գրախանութների հաճախորդները և ի՞նչ ժանրի, ինչպիսի գրականություն է նախընտրում հայ հասարակությունը:
- Գրախանութների հաճախորդները հիմնականում այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, որը կազմում է իրենց կյանքի մի մասնիկը: Վերջին երկրու տարվա ընթացքում մանկական գրականության նկատմամբ հետաքրքրվողների թվի աճ է նկատվում:
- Տեղյակ ենք նաև, որ «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոններին կից գործում են նաև Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ: Ինչպիսի՞ գործունեություն են ծավալում անվճար դասընթացները և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
- Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների բացման հետ կապված այսպիսի պատմություն կա. շատ հաճախ, երբ երեխաները ծնողների հետ հաճախում էին գրախանութ և ընտրում որևէ հետաքրքիր գիրք՝ նկատեցինք, որ երեխաների մոտ զգացվում է ռուսաց լեզվի թերացում: Ահա այստեղից էլ առաջացավ ռուսաց լեզվի անվճար դասընթացներ բացելու գաղափարը: Սկզբում դրանք գործում էին երեք գրախանութում, իսկ ահա երկու տարի անց, մենք տեսնում ենք, թե որքան պահանջված է ռուսաց լեզվի իմացությունը և այս պահին արդեն ունենք 103 նմանատիպ կենտրոն ՀՀ տարածքում:
Հարցազրույցը՝ Դշխուհի Իսոյանի

