ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀՈՒՄՔԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀՈՒՄՔԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով`հայկական պանրի արտահանումը ռուսական շուկա շատ հետաքրքիր գործընթաց է, բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ գործընթացին` Ռուսաստանում կամ մեծ շուկաներում պանիր արտահանել: Նա փաստում է, որ ցավոք պատրաստ չէ, քանի որ տարեկան ռուսական շուկա արտահանվում է մոտավորապես 1500 տոննա հայկական պանիր: «Ռուսական շուկայում ծավալվելու համար անհրաժեշտ է, որ արտահանման ծավալները հասցնել գոնե 5 հազար տոննայի: Այս դրությամբ, եթե մենք 2 հազարի շեմն անցնեք, ապա կունենանք ներքին դեֆիցիտի խնդիր, որը ցանկալի չէ: Պետք է հասկանանք` մենք ուզում ենք ռուսական շուկայում ծավալվենք ի հաշիվ ներքի՞ն դեֆիցիտի, որը բավականին լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն գների, այլեւ ամբողջ ոլորտի համար, թե՞ նայենք, որ ռուսական շուկան մեզ համար հետաքրքիր է»,-նշեց ԱՐՄԵՆ ԳԻԳՈՅԱՆԸ: Ըստ նրա, եթե 2009 թվականից սկսած իրականացվեր արտահանման կենտրոնացված աշխատանքներ, ապա այդ ժամանակ մի գուցե պատրաստ լինեին մեծ շուկա արտահանել պանիր:
Ա. Գիգոյանը մատնանշեց այն հիմնական խնդիրը, որն էլ խոչընդհոտում է պանրի արտահանմանը.«Հիմնական խնդիրը ոչ թե պանրի արտադրության հետ է կապված, այլ կաթի, այսինքն` ունենք հումքի խնդիր: Կաթի ծավալները անկանխատեսելի են , բացի այդ տեխնիկական որակը բավարար չէ, սեզոնայնությունից կա խիստ կախվածություն: Այս հարցին լուծում տալու համար չկա պետական կենտրոնացված մոտեցում: Այն ինչ ունենք քիչ է, որի նկատմամբ էլ պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի ապագայում կարողանանք տեսանելի արդյունք ունենալ»,-մեկնաբանեց Արմեն Գիգոյանը:
Ոլորտը կարագավորելու համար պրն. Գիգոյանը ընդգծեց, որ նախ եւ առաջ պետք է անասնապահ գյուղացին առանձնացվի ֆերմերից, որպեսզի պանրագործները իմանան ում հետ գործ ունեն: Բանախոսը մտավախություն ունի, որ Ռուսաստան արտահանվող պանրի հաշվին հնարավոր է, որ մինչեւ հունվար Հայաստանը ունենա պանրի սղություն:
Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե այս տարի քանի՞ տոննա պանիր է արտահանվել Ռուսաստան եւ հնարավոր է արդյո՞ք դրանց ծավալները ազդեն հայկական շուկայում պանրի գների վրա Արմեն Գաիգոյանը շեշտեց, որ Ռուսաստան արտահանված այս տարվա պանրի ծավալները դեռ անհայտ են.«Եթե Ռուսաստան շատ պանիր արտահանվի հնարավոր է գների բարձրացում: Սակայն կա Ուկրաինան, որը Հայաստանի հետ ազատ առեւտրային հարաբերությունների մեջ է, ուստի եթե լինի շոշափելի դեֆիցիտ, ապա Ուկրաինիայից կներմուծվի պանիր: Մենք պետք է պանիր արտահանենք ոչ թե ներմուծման , այլ արտադրության հաշվին»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

