ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ...ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ
Արխիվ 12-16ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ...ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ
Քանաքեռ-Զեյթուն դատարանում այսօր տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական երկրորդ նիստը:
Հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ «նողկալի» բառով իբր ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Բարդակչյանի խնդրում է որպես սփոփանք` բռնագանձել 1.000.000 դրամ կամ ինչպես Բարդակչյանը հայտարարեց « գուցե 5 մլն, եթե դատարանը հարմար կգտնի», մի խոսքով ինչքան շատ այնքան լավ:
Դատական այս նիստում պատասխանող կողմի՝ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի փաստաբանը, Լեւոն Բաղդասարյանը դատարանին հանձնեց Բարդակչյանի՝Կոմիտաս վարդապետին հասցեին հնչեցրած հայտարարության ապացույցները: Դրանց հանձնումը կարծես շոկի մեջ գցեց հայցվոր կողմին ու նրա փաստաբանին: Վերջիններս ցանկացան մանրամասն ծանոթանալ պատասխանող կողմի ապացույցներին: Հավանաբար, շոկային վիճակն էր պատճառը, որ հայցվոր կողմի փաստաբանն ու հայցվոր Լեւոն Բարդակչյանը ինքնախոստովանությամբ հանդես եկան: Դատավորի՝հայցվոր կողմին ուղղված հարցին՝ ըստ ձեզ՝ի՞նչ է նշանակում «նողկալի հայտարարություն», փաստաբանն ասաց. «Այսինքն՝բացասական գնահատական է տրվել հայտարարությանը»:
Լեւոն Բարդակչյանն էլ հավելեց, որ ինքը լեզվաբանների հետ է խոսել, որոնք իրեն ասել են՝«նողկալի» բառը զզվելի իմաստով է օգտագործվում:
«Գիտեք, կարիք չկար, որ լեզվաբանների հետ խոսեիք: Կարելի էր բացատրական բառարանը բացել եւ բառի իմաստը հասկանալ»,- հակադարձեց դատավորը:
Դատավորը հայցվոր կողմից պարզաբանում պահանջեց նաեւ ավերատարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանի վրա հարձակման մասին: «Ներկայացված հրապարակումներից մեկում գրված է՝ Լեւոն Բարդակչյանը լուրեր է տարածել, որ ոմն երիտասարդ դանակահարելու սպառնալիքով ներխուժել է իր գրասենյակ եւ դանակահարության փորձ կատարել, որի պատճառը եղել է Կոմիտաս վարդապետի՝ իր դեմ ուղղված հայտարարությունը: Սա ի՞նչ հայտարարություն է: Եկեղեցականներդ սկսել եք մեկդ մյուսի դեմ հայտարարություն անե՞լ»,- հարցրեց դատավորը:
Հայցվոր կողմի փաստաբան Դիանա Գրիգորյանը «լուսավորեց» դատարանին. «Սույն գործով հարուցվել է քրեական գործ»:
Իսկ թե ինչու էր հարձակվել եւ ինչ էր ուզում Բարդակչյանից, ավետարանական եկեղեցու հովիը դժվարացավ պատասխանել, միայն կրկնեց իր հին ու նողկալի հայտարարությունը. «Կոմիտաս վարդապետի հայտարարությունից երկրորդ օրը, այս մարդը…»:
«Կա քրեական գործ հարուցված, եթե իհարկե, պատասխանող կողմը դա է նկատի ունեցել, որպես նողկալի հայտարարություն ընդդեմ Կոմիտաս Վարդապետի»,- հավելեց փաստաբանը:
Փաստորեն րոպեներ առաջ Բարդակչյանն ու իր փաստաբանն ասում էին, որ չգիտեին ինչ հայտարարության մասին է խոսքը, ավելին՝ նախորդ դատական նիստում «Իրավունքի» հետ զրույցում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի ասել, թե Կոմիտաս Վարդապետի արված հայտարարությունից հետո է երիտասարդը փորձել մահափորձ իրականացնել իր դեմ:
Սակայն սա միակ հակասությունը չէ: Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը դատարանում անսպասելի հայտարարություն արեց. «Մենք Կոմիտաս Վարդապետի հետ շատ մտերիմ ընկերներ ենք»
«Դե ներեք միմյանց, ինչպես Քրիստոսն է ներում»,- ասաց դատավորը:
«Մենք կխոսենք իրար հետ, բայց աղավաղում են ճշմարտությունը (նկատի ունի մամուլին-խմբ.) անհանդուրժողականություն սերմանում»,- ասաց Բարդակչյանը:
«Իրավունքի» շահերը պաշտպանող փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հակադարձեց. «Քանի որ խոսվեց ընկերական հարաբերությունների ու մամուլի մասին, պետք է ասեմ, որ մամուլը ոչ միայն սեր պետք է սփռի, այլեւ ցնցի: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, որը գործում է Հայաստանում, պետք է լավ ուսումնասիրի ՀՀ սահմանադրությունը, որտեղ պարտադիր պայման կա Առաքելական եկեղեցու հեգեմոն դերի մասին: Այն անձը, որը կխախտի դա, հետեւանքները լինելու են այսպիսին: Ի վերջո, չենք կարողանում հասկանալ՝ այս ագրեսիան որտեղից է եւ ինչու: «Իրավունքը» թերթը կրողն է Առաքելական եկեղեցական արժեքների: Հայցվորն ասում է՝ մենք ընկերներն ենք, բայց թերթը խանգարեց մեր ընկերությունը: Պատմությունը նայեք՝ ովքեր են «Իրավունքին» դատի տվել ու տալիս՝ Առաքելական եկեղեցու դավանանքը խախտողները, գոմիկներից սկսած՝ վերջացրած չգիտեմ ինչ աղանդներով»:
Սոնա Դավթյան

