ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻՆ. ՉԷԻ՞Ք ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԳՈՐԾՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԵԼ
Արխիվ 12-16ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻՆ. ՉԷԻ՞Ք ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԳՈՐԾՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԵԼ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական երկրորդ նիստը, որը դատավոր Ռ. Ափինյանի ուշացման պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով:
«Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում են «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը՝ փաստաբան Դիանա Գրիգորյանը:
Դատական նիստին մասնակցում էր նաև Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պնդում է, որ iravunk.com կայքում 2014 թ. մայիսի 28-ի հոդվածում օգտագործված «նողկալի» բառը պարունակում է վիրավորանք և զրպարտանք, մասնավորապես, հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է «նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Բարդակչյանի` բռնագանձել 1.000.000 դրամ:
Դատական այս նիստում դատավորը կողմերից պահանջեց հստակեցնել՝ ի վերջո, ինչ հայտարարության մասին է խոսքը, որի շուրջ առկա է դատական վեճ: «Մենք չգիտենք՝ ինչ հայտարարության մասին է խոսքը: Պրն Բարդակչյանը Կոմիտաս Վարդապետի հասցեին որեւէ նողկալի հայտարարություն չի արել»,- հայտարարեց Լ.Բարդակչյանի փաստաբան Դ. Գրիգորյանը:
«Իրավունքի» շահերը պաշտապանող փաստաբանը, որպես ապացույց, ներկայացրեց մի քանի կայքերում զետեղված այն հրապարակումներն ու տեսագրությունը, որոնք հաստատում են Լեւոն Բարդակչյանի՝ Կոմիտաս Վարդապետի հասցեին արված հայտարարությունը. «Հարգելի դատարան, ինչպես ասում են, լեզվի տակ ոսկոր չկա, ամեն ինչ կարելի ասել, բայց կան ապացույցներ: Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են հայցվորի հայտարարություններին, Կոմիտաս վարդապետի գործառույթներին»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը:
Դատավորի հարցին՝ տեսասկավառակն ինչի մասին է, «Իրավունքի շահերը պաշտպանող փաստաբանն ասաց. «Լսվում է հայցվորի հայտարարությունը եւ երեւում է նրա դեմքը»:
«Շատ հաճելի դեմք ունի»,- կատակեց դատավորը:
«Դե տղամարդու դեմքի հաճելի լինելը մի քիչ հարաբերական է»,- պատասխանեց Լեւոն Բաղդասարյանը:
«Բայց ամեն դեպքում տղամարդուն վայել դեմք ունի, ո՞վ ասաց, որ…»,- շարունակեց կատակել դատավոր Ափինյանը:
«Միանշանակ, «Իրավունքն» էլ նման բան չի ասել, այլ վերաորակավորում է տվել՝ հայցվորի հայտարարությունը որակելով նողկալի»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:
Դատավորը, աչքի անցկացնելով պատասխանող կողմի ապացույցները, որոնցից մեկը վերաբերում էր Կոմիտաս Վարդապետի վրա հարձակվելուն և որտեղ քոնը կասես, այնտեղ էլ Բարդակչյանինը հոդվածին ասաց. «Արդեն եկեղեցականների վրա են հարձակվում, խայտառակություն է»:
Դատավոր Ափինյանը հայցվոր կողմից հստակեցրեց նաեւ պատասխանող կողմից պահանջվելիք գումարի չափը, ապա կես կատակ լուրջ ասաց. «1.000.000 դրամին մի քիչ էլ ավելացնեիք, կլիներ 2.000.000»: «Դատարանն ինչպես գտնի, թող այդպես լինի, 5.000. 000 (պրն Բարդակչյան, լավ էլ մեծ ախորժակ ունենք,միգուցե ֆինանսական խնդիրնե՞ր ունեք եւ Ձեզ գումար է անհրաժեշտ-խմբ. ) կտա, այդքան դրեք, առանց գումարի կլինի, թող այդպես լինի»,- պատասխանեց Բարդակչյանը:
Ռ.Ափինյանը շարունակեց կատակել. «Չէի՞ք ուզում, էս գործով աստծուն դիմել»:
«Կայսրինը՝կայսրին, աստծունը՝աստծուն»,- ասաց Բարդակչյանը:
Սոնա Դավթյան
Հ. Գ. - Նշենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին` ժամը 14:00` Քանաքեռ-Զեյթուն ընդհանրուր իրավասության դատարանում:

