«Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին
Արխիվ 12-16«Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին տնային կալանքի տակ վերցվեց Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը Վլադիմիր Եվտուշենկովը: Նա ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի «Սիստեմայի» սեփականատերն էր եւ տնօրենների խորհրդի նախագահը: Իր հերթին «Սիստեման» «Բաշնեֆտի», «MTC» եւ ավելի քան 180 այլ ընկերությունների սեփականատերն է: «Բաշնեֆտ» ընկերության հետ անմիջական կապ հունի գործարար Լեւոն Հայրապետյանը, որը 2009թ. միջնորդ է հանդիսացել «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի հարցում: Ըստ ռուս իրավապահների «Բաշնեֆտը» սեփականաշնորհվել է իր արժեքից 50 անգամ ցածր գնով: Լեւոն Հայրապետյանին ներկայացված է փող լվալու մեջ մեղադրանք, իսկ Հայրապետյանի ձերբակալությունից որոշ ժամանակ անց նմանատիպ մեղադրանք ներկայացվեց նաեւ Եվտուշենկովին: 2009թ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդում տեղավորվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը ըստ լուրերի, մտերմություն էր անում Վլադիմիր Եվտուշենկովի հետ, ինչի արդյունքում «Սիստեման» ձեռք բերեց «ՎիվաՍել»-ը:
Ի դեպ, «Սիստեման» ստեղծվել է 1993թ.: Ռուսաստանի տասը խոշորագույն ընկերությունների ցանկում է: Հիմնական գործառույթները իրականացնում է լոնդոնյան բանկերի եւ բորսաների հետ եւ զգալի տեղ է գրավում անգլիական ֆինանսական համակարգում, հանդիսանալով աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը:
Այն հարցին, թե ինչու հենց հիմա ի հայտ եկավ 5 տարվա վաղեմության սեփականաշնորհման գործարքը, կան մի շարք պատասխաններ: Տարբերականերից մեկն այն է, որ երբ Արեւմուտքը սկսեց ճնշումներ գործադրել ռուսական մի շարք նավթային ընկերությունների վրա, «Սիստեման» փորձեց օգտվել պահից եւ ընդլայնել իր դիրքերը ռուսական նավթային շուկայում: Սակայն լինելով ասոցացված անգլիական ֆինանսական կապիտալի հետ, նա սկսեց վտանգ ներկայացնել Ռուսաստանի տնտեսության համար եւ «Սիստեմայի» դեմ քայլերը Ռուսաստանի պատասխանն է նրա դեմ Արեւմուտքի պատճամիջոցներին: Երկրորդ վարկածն այն է, որ «Սիստեմայի» խողովակով Արեւմուտքը փորձում էր իրականացնել Ռուսաստանում նարնջագույն մայդանների ֆինանսավորումը :
Այս ամենից զատ «Սիստեմայի» առնչությամբ կա եւս մեկ դիտարկում: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամներից մեկը Ռահման Հալիլովն է, որը ադրբեջանական խոշորագույն օլիգարխ Իսքանդեր Հալիլովի որդին է: Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն շատ կասկածելի գործարքներ իրականացնող ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, այլեւ ադրբեջանցի օլիգարխի գործընկեր, որի հետ կիսում է իր ընկերության շահույթները: Ի դեպ, այդ շահույթների հաշվին Ադրբեջանում եւ Թուրքիայում մեծ ներդրումներ են իրականացվում, այդ թվում «Հիլթոն Բաքու» հյուրանոցը: Ըստ լուրերի Հալիլովները նաեւ առնչություն ունեն Ադրբեջանի զենքի գնումների հետ: Արդյո՞ք ընդունելի կարելի է համարել, որ Հայաստանի նախկին նախագահը, որը մեծ ծավալի գաղտնի տեղեկությունների կրող է, համագործակցում է Ադրբեջանի խոշոր բիզնեսի հետ: Ի դեպ, Ադրբեջանում այդ համագործակցությունը նույնպես տարօրինակ է գնահատվել: Մի շարք քննադատական հոդվածներ լույս տեսան- «Իսքանդեր Հալիլովի որդին Քոչարյանի կոմպանիայում», «Հալիլովը Քոչարյանի սիստեմում» եւ այլն: Սակայն, եթե վերոհիշյալ տարօրինակ հայ-ադրբեջանական համագործակցությանը Ադրբեջանի կողմից մասնակցում է գործարարը, ապա հայկական կողմից նախկին բարձրագույն պետական պաշտոնյան, ինչը էլ ավելի տարօրինակ է եւ այդ փաստը վարկաբեկում է երկիրը:
Ի դեպ, այն փաստը, որ «Սիստեման» պաշտոնապես լինելով ռուսական ընկերություն, մեծապես ընդգրկված է անգլիական ֆինանսական համակարգի մեջ, առիթ է տալիս հիշելու 1999թ. առաջ եկած Մեղրիի միջանցքի տարբերակը: Այն ժամանակ այդ տարբերակը առաջ էին տանում ամերիկյան եւ անգլիական դիվանագիտությունը: Ըստ դրա Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որը պետք է իրար միացներ Նախիջեւանը եւ Ադրբեջանը: Այդ տարբերակին հավանություն էր տվել Ռոբերտ Քոչարյանը:
Մի խոսքով, «Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին: Պարզվեց, որ Քոչարյանը ներգրավված է ոչ թե ռուսական խոշոր ընկերության ղեկավարության կազմում, այլ այդ ընկերությունը, ըստ էության, հակառուսական է: Բացի այդ, Ռ. Քոչարյանի այդ ընկերության մեջ ներգրավվելու ընթացքում ընկերությունը կատարել է գործարք, որի համար այժմ պատասխան է տալիս քրեական օրենսգրքով: Եվ վերջապես, Հայաստանի, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի գործընկերն է ադրբեջանական օլիգարխը:
ԱՐՄԵՆ ՕԳԱՆԵՍՈՎ

