ՙՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅ ԷՍՏՐԱԴԱՆ ԱՆՑՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ՚
Արխիվ 12-16«ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅ ԷՍՏՐԱԴԱՆ
ԱՆՑՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ»
Օրերս երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ ներկայացավ նոր ոճով ու նոր տեսահոլովակով: «Մեր մեծերը» երգի հեղինակը հենց Նարեկն է, իսկ գործիքավորումը վստահել է Մարտին Միրզոյանին: Տեսահոլովակի բարդ ու դժվարին աշխատանքը` ռեժիսուրան, իրականացրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Նարեկը հատուկ է ցանկացել երգը նվիրել մեծերին` ոչ այն պատճառով, որ երիտասարդները դադարել են հարգել մեծերին, այլ թե ինչպես կարող են ականջ չդնելով մեծերի խոսքին` ոտքներն առնի քարին:
«ՑԱՎՈՔ, ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ ԳՆԱՀԱՏԵԼ»
- Երգը նվիրվում է մեր մեծերին` ծնողներին ու տատիկ-պապիկներին: Ուստի որոշեցի հենց այդպես էլ վերնագրել` «Մեր մեծերը»:
Չէի ասի, թե ժամանակակից երիտասարդությունը չի հարգում մեծերին: Ուղղակի, մի
տեսակ օրինաչափ է, որ պատանեկության տարիներին այդքան էլ չենք հասկանում մեծերի խորհուրդներն ու ճիշտ հակառակն ենք անում: Դրան հետեւում է մի ուրիշ օրինաչափություն, գալիս է մի ժամանակ ու հասկանում ենք, թե ինչքան ճիշտ էին մեր մեծերը: Ցավոք, ուշացումով ենք սկսում գնահատել ու հասկանալ նրանց խոսքերը:
- Հիմա շատերին կթվա, թե այս տեսահոլովակով վերջ եք դնում երգացանկում եղած նախորդ ոճերին: Սա նո՞ր կերպար է ու ավարտվելու է այս տեսահոլովակո՞վ:
- Իհարկե` ոչ: Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ` ինչ սպասեմ ինձնից (ծիծաղում է- Լ.Ե.): Ուրեմն, սպասենք անակնկալների:
Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ
- Նարեկ, որպես արդեն հայկական շոու-բիզնեսում հաստատուն դիրքեր զբաղեցրած երգիչ, ըստ Ձեզ, ո՞ւր է գնում հայկական երգարվեստը: Ինչո՞ւ նախկինի նման հաճախ չեն լինում համերգներ, մենահամերգներ, ձայնասկավառակի շնորհանդեսներ...
- Չգիտեմ, թե ուր է գնում հայկական երգարվեստը, իրոք չգիտեմ: Համերգներ չկան, որովհետեւ, դրանք անհետաքրքիր են դարձել: Հանդիսատեսի համար արդեն քիչ է, երբ երգիչը մենակ կանգում է բեմում ու երգում է: Մարդիկ ուզում են կենդանի նվագախումբ, հետաքրքիր շոուներ տեսնել բեմում: Իսկ այդ ամենը կբերի նրան, որ տոմսերը շատ թանկ կլինեն: Իսկ եթե տոմսերն էլ թանկ եղան, մարդիկ չեն կարող գալ, որովհետեւ վճարունակ չեն: Ստացվում է, որ փակուղում ենք հայտնվել: Իսկ ձայնասկավառակներն արդեն ակտուալ չեն, ցանկացած երգ կարելի է ներբեռնել համացանցից ու վայելել առանց լումա ծախսելու:
«ՎԼԱԴԻ ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ԲԵՄՈՒՄ»
-Արդեն վերսկսվել են «Սիրո կամուրջ» մյուզիքլի ներկայացումները, որտեղ գլխավոր հերոսներց մեկին եք մարմնավորում: Մի փոքր կխոսե՞ք այդ ներկայացման հաջողությունների ու թերությունների մասին:
- Այո, սեպտեմբերի 14-ից կրկին խաղացինք «Սիրո կամուրջ» մյուզիքլը, ինչի համար շատ ուրախ եմ: Ներկայացման հաջողություններից շատ կարող եմ խոսել` նոր շունչ, նոր պարային, լուսային, դեկորացիոն ու բեմադրական լուծումներ: Մի խոսքով, նոր ու գեղեցիկ, հետաքրքիր ու սիրված ներկայացում, որտեղ կա թե՛ սեր, թե՛ հումոր եւ թե՛ նենգ ու չար գործեր, որոնք իրականացնում է իմ հերոսը: Իսկ թերություն ունի ամեն բան, բայց ես դրա մասին չեմ խոսի, որովհետեւ սիրում եմ մեր ներկայացումը ու չեմ պատրաստվում
թերությունները բացահայտել:
- Ի վերջո, կոնֆլիկտ ունեցե՞լ էիք նույն ներկայացման մեջ մեկ այլ գլխավոր դերակատարի` երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ, թե՞ այն մտածված PR էր նախագծի շրջանակներում:
- Վլադի հետ կոնֆլիկտներ ունենում եմ միայն բեմում` ներկայացման շրջանակներում:
«...ՈՐ ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
-Նարեկ, շատերի կարծիքով այսօր հայկական շոու-բիզնեսը սկսվում եւ ավարտվում է տարբեր տեսակի ակումբներից, ի՞նչ անել, որ այն նախկինի նման վերադառնա համերգասրահ:
- Կարծում եմ` միակ փրկությունն այն է, որ հայ էստրադան անցնի պետական հովանու տակ ու այդ համերգներն իրականացվեն պետական մակարդակով: Այսինքն` ինչպես նախկինում էր` կային պետական կոլեկտիվներ, էստրադային նվագախմբեր` իրենց երգիչներով, որոնք շատ հաճախ ունենում էին շատ հետաքրքիր ու որակյալ համերգներ:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

