ՙՙԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՈՍԻ
Արխիվ 12-16Վերջերս Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսեզի երթեւեկությունը լինի անվտանգ եւ հնարավորինս արագ: Սակայն սեպտեմբերի սկզբից Երեւանում երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված է, առավել եւս` դպրոցներում դասերը սկսելու ու ավարտվելու պահերին:
Այսպես` գրեթե անանցանելի է դարձել Տերյան փողոցի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի հարող տարածքը, որտեղ մեքենաները կայանում են երկրորդ եւ անգամ երրորդ շարքով: Ընդ որում, Ճանապարհային ոստիկությունը պարզապես անկարող է այդ հատվածում կարգուկանոն հաստատել: Դժվար անցանելի է նաեւ Փափազյան փողոցը, որտեղ Երիցյանների խանութի դիմաց մեքենաները թեք են կանգնում, սակայն այդ փողոցով է անցնում Սլավոնական համալսարանի մեծ հոսքը: Գրեթե մշտապես խցանված է Կողբացի փողոցը, որտեղ բնակիչները ամուր փակում են դռներն ու պատուհանները, որպեսզի չլսեն խցանված մեքենաների անվերջ ազդանշանները եւ միմյանց հետ վիճող վարորդների հայհոյանքները: Շատ ավելի ծանր է վիճակը մայրաքաղաքի ՙուսանողական գոտում՚, հատկապեսª Տերյան-Աբովյան եւ դրանք իրար կապող փողոցներում, որտեղ մի քանի բուհերի եւ դպրոցների ՙառաջացրած՚ խցանումները հաճախ հասնում եմ մինչեւ ՙփոքր կենտրոն՚:
Բազմաթիվ խցանումների պատճառ են դառնում նաեւ վթարները, երբ վթարված մեքենաները երկար ժամանակ անշարժ են մնում` սպասելով ապահովագրական ընկերությունների ժամանմանը: Խառնաշփոթի մեջ իրենց բաժինն ունեն նաեւ տաքսիները, որոնք կարող են կանգնել ցանկացած տեղ` երկրորդ շարքում, սակայն ոստիկանությունը աչք է փակում որոշ տաքսի ծառայությունների մեքենաների կամայականությունների վրա, հավանաբար, քաջ իմանալով, թե ում է պատկանում կոնկրետ այս կամ այն տաքսի ծառայությունը: Շատ դեպքերում փողոցային այս գերծանրաբեռնվածության պատճառ են դարձել նաեւ ավտոկայանատեղիները. որոշ դեպքերում ՙկարմիր գծեր՚ են քաշված այնպիսի նեղլիկ փողոցներում, երթեւեկող ավտոմեքենան կայանվածի կողքով անեցելու համար ստիպված է հատել փողոցի մեջտեղի ՙհոծ գիծը՚, ինչը ոչ միայն տուգանք ենթադրող խախտում է, այլ, որ ավելի է ծանրացնում վիճակը, խանգարում է դիմացից եկող ավտոմեքենային, ու վթարային իրավիճակը կամ առնվազնª խցանումը պատրաստ է: Եվ վերջապես, չի կարելի չխոսել անպատժելի ՙլավ՚ տղաների մասին, ովքեր բարձր արագությամբ սլանում են հենց ոստիկանների քթի առաջ, կայանում են մեքենաները այնտեղ, որտեղ ցանկանան` թքած ունենալով բոլոր տեսախցիկների վրա, միասին վերցրած, եւ որեւէ տեսուչ իրավունք չունի անգամ նրանց նկատողություն անել:
Մի խոսքով, Երեւանի երթեւեկությունը կամաց-կամաց վերածվում է անկառավարելի քաոսի: Եվ այն, ոստիկանապետի բերած տեսախցիկներով եւ 1,5 մլն տուգանքներով, լուծել հնարավոր չէ:

