«ԵԹԵ ԵՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ, ԻՆՔԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ՃՏՊՏԱ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԵՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ, ԻՆՔԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ՃՏՊՏԱ»
Պատմական Նախիջեւանի հետ մեր սահմանները բարելավված են, ու նոր հենակետերի բարեկարգման աշխատանքներ են տարվում: Երեկ հակառակորդի կողմից «Էշակ մեյդան» կոչվող լեռնանցքն այսօր կրկին իր հայկական «մարդավարի» անվանումն է ստացել` Նժդեհի լեռնանցք: Այո, ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրը կատարված է` հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում Հայաստանն իշխող դիրքերում է, իսկ այդ սխրանքը կերտողները պարգեւատրված են ՀՀ նախագահի կողմից` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Այժմ սահմանում կատարյալ լռություն է: Այս ամենի ականատեսը եղանք ինքներս` բոլորովին վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ լինելով Հայաստանի հյուսիսային սահմանապահ դիրքերում:
«Իրավունքը» այս ամենի մասին զրուցեց պատերազմի բովով անցած փոխգնդապետ ՎԱՐԴԳԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
«ՄԵՆՔ ՀԻՄԱ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ԻՇԽՈՂ ԴԻՐՔԵՐՈՒՄ, ԻՍԿ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ ՆԵՐՔԵՎ»
-Պարոն փոխգնդապետ, նախ խոսենք այս հենակետերի առավելության մասին:
- Այս հենակետերը նրանով են առավել, որ մենք հիմա գտնվում ենք իշխող դիրքերում, իսկ հակառակորդը գտնվում է մեզնից ներքեւ: Ցանկացած ոտնձգություն` անմիջապես կարող ենք կանխել: Ինքներդ էլ կարող եք նայել ու տեսնել, որ ամբողջ տարածքը հայկական հողեր են` մեր պատմական Նախիջեւանի տարածքն է: Մենք ոչ մի տեղ չենք գնացել, այլ եկել ու մեր պետական սահմանի վրա ամուր նստել ենք:
- Նոր բացված ճանապարհները մեր դիրքապահները կոչում են «կյանքի ճանապարհ»: Անդրադառնանք նաեւ բարեկարգման աշխատանքներին:
- Ճանապարհը տանում է դեպի նոր բացված հենակետեր` նախիջեւանյան հատվածի ուղղությամբ: Այս ճանապարհները կառուցվում են մեր ինժեներական գնդի ուժերով ու հզոր տեխնիկայի միջոցով: Աշխատանքների կատարման ընթացքը նախարար Ս. Օհանյանի հսկողության տակ է: Այժմ արդեն նոր բացված ճանապարհները լայնացվում են: Դեռ աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով սակայն կտեսնեք արված ողջ աշխատանքի արդյունքը:
- Իսկ տարածքները ականապատվա՞ծ էին:
- Ո՛չ, տարածքները ականապատված չեն էլ եղել, սա մեր հողն ու ջուրն է: Այսօր գյուղացին լրիվ ապահովված է ու անհոգ կարող է իր անասունը սար տանի, արածեցնի ու վերադառնա:
- Ձմռանն ընդառաջ` ճանապարհի հետ կապված խնդիրներ կլինե՞ն:
- Ճանապարհները չեն փակվելու: Դրանց մաքրման եւ անցանելի դարձնելու համար բոլոր միջոցները հատկացվելու են: Անձնակազմի կենցաղն ապահովելու համար կացարանների պատրաստումը ընթացքի մեջ է, եւ մինչեւ առաջին ձյունն ամեն ինչը ավարտված կլինի: Վստահ եմ` կհասցնենք անձնակազմին նորմալ ձմեռ ապահովել:
- Այսինքն` ձմռան հետ կապված` դիրքերում փոփոխություն չի՞ լինի:
- Դիրքերի փոփոխություն չի կարող լինել, ո՞ւմ թողնենք իջնենք: Մենք այստեղ ենք ու պատրաստ` հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում արժանի հակահարված տալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի հենակետերը լինեն բանուկ ու գործող: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
հստակ խնդիր է դրել` դիրքերը ձմռանը պետք է պահվեն, իսկ մինչեւ առաջին ձյունը դիրքապահ տղերքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները պետք է ստեղծված լինեն` ճանապարհները պետք է լինեն պատրաստ` դիրքերը բարեկարգված, եւ ամեն անհրաժեշտով ապահովված: Պատերազմ տեսած, պատերազմ հաղթած նախարար է, դրա համար էլ դիրքապահի արժեքը լավ գիտի, ու այդ պատճառով էլ, հիմա այստեղ աշխատանքները եռում են, որ մինչեւ ձմեռ ունենանք նորմալ ճանապարհներ ու կահավորված դիրքեր:
«ՄԵՆՔ ՄԵՐ ՏԱՆՆ ԵՆՔ
ՈՒ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ»
-Ձեր ողջ կյանքը անց եք կացրել ծառայության մեջ ու բազում դժվարություններ հաղթահարել, ո՞րն էր ամենաբարդը:
- Ամեն ինչ էլ եղել է ծառայության ընթացքում, բայց ամենավատը պատերազմն է: Եթե չլիներ պատերազմի վտանգը, այդքան զինվորական ծախսերը կուղղվեին քաղաքացիական կյանքի վրա, ու հիմա մեր հայրենիքը շեն ու ծաղկուն երկիր դարձած կլիներ... Բայց մենք, քանի որ պատերազմական իրավիճակում ենք, ստիպված ավելի շատ գումար ծախսում ենք բանակի վրա, որովհետեւ հայ մարդու կյանքից թանկ բան չկա: Մեր նախարարն ասում է չէ` մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն: Այսինքն` մեր բանակն այնքան ուժեղ պետք է լինի, որ թշնամու մտքով անգամ չանցնի պատերազմ սկսել: Ուրեմն` պետք է ոչինչ չխնայենք, որ մեր բանակը լինի հզոր: Մեր ժողովուրդն էլ թող տեսնի, որ բանակին տրված միջոցները արդյունք են տալիս: Արդյունքը այս դիրքերն են, արդյունքն այն է, որ այս շրջանի գյուղերին հակառակորդի կրակը չի սպառնում:
- Քա՞ջ հակառակորդ է ադրբեջանցին:
- Որ քաջ լինեին, իրենք էստեղ կլինեին:
- Ինչո՞վ է դրսեւորվում իր վախկոտությունը:
- Մենք մեր տանն ենք ու վախենալու բան չունենք, իրենք թող մտածեն:
- Մինչդեռ մեզանում էլ կան որոշ թերահավատներ...
- Մեր բանակը պատրաստ է հաղթելու: Ճիշտ է, պատերազմ չենք ուզում, բայց եթե պետք լինի, նորից կջարդենք: Եթե ինչ-որ կասկածամիտներ կան, ավել-պակաս խոսողներ կան, թող հիշեն, որ 90-ականներին էլ էին այդպես մտածում, բայց հակառակորդն իր պատասխանը ստացավ: Հիմա էլ կստանա, թող միայն փորձի:
- Ի վերջո, որպես պատերազմ տեսած սպա` ըստ Ձեզ, մեր թշնամին այսօր շա՞տ է փոխվել:
- Հակառակորդը նույնն է, պարզապես, այն ժամանակ ավելի վախեցած էր: Հիմա, կարծես, ուզում է ցույց տալ իրեն: Այն ժամանակ քանի մետր քայլեինք, այնքան տարածք կգրավեինք: Եթե թողնեին այդպիսի քայլերով գնայինք, կարող է Բաքուն էլ անցած լինեինք: Զինադադարից հետո մի քանի տարի ուշքի չեկան, հիմա մի քիչ ուզում են ճտպտալ, բայց տեղ չունեն, որովհետեւ եթե ես հակառակորդի գլխին կանգնած եմ, ինքը ներքեւում է, ինչպե՞ս ճտպտա, ձեռքիս մեջ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

