«ԵՆԹԱԴՐԵՆՔ ԵՍ` ԻՇԽԱՆԱՎՈՐՍ, ՎԱՏՆ ԵՄ, ԱՐԴՅՈ՞Ք ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ»
Արխիվ 12-16«ԵՆԹԱԴՐԵՆՔ ԵՍ` ԻՇԽԱՆԱՎՈՐՍ, ՎԱՏՆ ԵՄ,
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ»
Երեկ կայացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորագրով խորհրդաժողովը, որին ներկա էին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Սակայն այն ավարտվեց միայն բուռն ելույթների տեսքով, այսինքն` ոչ իշխանական «քառյակը» հերթական անգամ օգտվեց ընձեռված հարթակից ու լրատվամիջոցների ներկայությունից եւ սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկում անցկացնելու փոխարեն, երգեց հին երգը` մասնավորապես քննադատելով իշխանություններին: Խորհրդաժողովի արդյունքների եւ օպոզիցիոն գործընկերների ելույթի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նույնպես ներկա էր քննարկմանը:
ՆՈՒՅՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒՑ
-Պարոն Հարությունյան, մասնավորապես Ձեր օպոզիցիոն պատգամավոր գործընկերների ելույթներից կարելի է եզրակացնել, որ վերջիններս կողմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց` ոչ այսօր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
- Սահմանադրական բարեփոխումների մասին խոսում են այսօրվա «քառյակի» մեջ ընդգրկված քաղաքական ուժերը ու փորձելով տպավորություն ստեղծել` բոլորն էլ կանգնում ասում են, թե դրա անհրաժեշտությունը չկա: Ավելին` ասում են` մենք կողմ ենք բարեփոխումներին, բայց դեմ ենք, որ դուք եք նախաձեռնում, այսինքն` իշխանությունները: Կներեք, բայց առնվազն ծիծաղելի է մերժել դրա անհրաժեշտությունը միայն նրա համար, որ նախաձեռնում են իշխանությունները: Բացի այդ, իշխանություններն այն ժամանակ էլ դեմ չեն եղել, սակայն մենք երբեք չենք համարում սա քաղաքական հիմնական օրակարգային հարց, ինչպես եւ այսօր այն չենք համարում: Եվ եթե հիշում եք, նախագահական ընտրություններից անմիջապես հետո հանրապետության նախագահն առաջարկեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին ղեկավարել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Ր. Հովհաննիսյանը` չունենալով իր նախընտրական ծրագրում որեւէ թեզ` բարեփոխումների հետ կապված, այդպիսի առաջարկ ստացավ: Հետեւաբար, չկարեւորելով, չկարծելով, չհամարելով ամենագլխավորը, այդուհանդերձ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ նախագահը տեսնում էր դեռ այն ժամանակ: Իսկ թե ինչու ընդդիմությունը չհամաձայնեց այդ դերակատարմանը, պետք է իրենց հարցնել: Այսինքն` իշխանությունները քաղաքական այս նախաձեռնությունը փորձեցին ձեւավորել ընդդիմության հետ համագործակցության միջոցով, որը մեր կարծիքով օգտակար էր զարգացումների համար: Սակայն հիմա ՙպարզվեց՚, որ բոլորը գտնում են, թե դա վատ բան չէ, եթե իշխանությունը չի նախաձեռնում: Պարզապես, անընդունելի է նման մոտեցումը:
-Ամեն դեպքում, անել այսպիսի խորհրդաժողով, երբ որոշ քաղաքական ուժեր պատրաստ չեն բովանդակային քննարկման, որքանո՞վ է արդյունավետ:
- Դա նախաձեռնողների խնդիրն է: Օրինակ, ես կարծում եմ, որ նման ձեւաչափով բովանդակային քննարկում չի կարող լինել, որովհետեւ եթե կան լրատվամիջոցներ, ապա դա շոու է, ու դա բոլորս էլ շատ լավ հասկանում ենք: Դրանով էր պայմանավորված նաեւ այն, որ ես իմ ելույթում էլ բովանդակությանը չանդրադարձա: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ վաղ թե ուշ քաղաքական ուժերն իրենց պատասխանատվությունը կզգան ու կհասկանան, որ պետք է նստեն, փակ քննարկումներ անեն ու գիտակցեն, թե ինչի մասին է խոսքը:
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»
-Ի դեպ, ոչ իշխանական քառյակը` խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, լոզունգ է սարքել իշխանությունների վերարտադրման հնարավորությունը...
- Իսկ կներեք, կա՞ որեւէ կուսակցություն, որ չի ձգտում իշխանության: Հետեւաբար, ինչո՞ւ իշխանությունում գտնվող կուսակցությունը չպետք է ձգտի իշխանության, կարո՞ղ եք ինձ բացատրել: Վերջին հաշվով, իշխանության վերարտադրությունը հնարավոր է եւ խորհրդարանական կառավարման համակարգում, որովհետեւ խոսքը քաղաքական որեւէ ուժի իշխանության ձգտելու եւ իր ձգտումը արդյունավետ իրականացնելու մասին է: Ես երբեմն հետեւում եմ ու տեսնում, որ շատ անձնավորված քննարկումններ են իրականացվում, այսինքն` չունենալով արգումենտ, փորձում են օրվա անհաջողությունները, օբյեկտիվ դժվարությունները ի ցույց դնել` իշխանությանը պախարակելու համար: Ենթադրենք ես` իշխանավորս, վատն եմ, արդյոք դա նշանակում է, որ դուք լավն եք, իհարկե` ոչ: Եվ մեր պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ առաջին հայացքից լավը թվացող ընդդիմությանը պաշտոն են տվել ու հաջորդ օրը մտածել են, թե ինչպես ազատվեն նրանից:
- Խորհրդաժողովի ժամանակ նաեւ շահարկվեց այն թեման, որ ինչ-որ մեկի 90-ամյա պապիկին կամ տատիկին պետք չեն սահմանադրական բարեփոխումները: Ավելին` պետք է սպասել, որ հանրությունը պահանջի այն:
- Երբեւէ նման արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը չի ձեւավորվում ներքեւներում: Դրա անհրաժեշտությունը գիտակցվում, իմաստավորվում է նախեւառաջ քաղաքական էլիտայի շրջանակներում` այն, ինչ հիմա տեղի է ունենում: Եվ պետք չէ իզուր տեղը, այսպես ասած, փորձել վարագուրվել հանրության հետեւում: Պետք է գիտակցենք` ունե՞նք դրա քաղաքական անհրաժեշտությունը, թե` ոչ: Եթե կա դրա անհրաժեշտությունը, ուրեմն` եկեք դրան ընթացք տանք: Իսկ մենք ասում ենք, որ կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

