«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՐԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԱԶՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՐԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԱԶՈՒՄ»
Սեպտեմբերի 9-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացել է միջկրոնակա-միջեկեղեցական համաժողով, որին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Համերաշխություն. Մեր ժամանակի բանալին» թեմայով նրա բանախոսությունից մի հատված.
«Սիրելիներ,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվելու Խաղաղությանը նվիրված այս
միջազգային, միջկրոնական համաժողովին, որը մտքերի, մտահոգությունների, հույսի, իմաստության և տեսլականի լայն շրջանակ է ներառում՝ մեր վկայությունն ու աղոթքը կենտրոնացնելով խաղաղության գաղափարի վրա, որովհետև «Խաղաղությունն է Ապագան», որը սակայն եղել է մարդկության հարատև ձգտումը իր գոյության ողջ ընթացքում: Մենք միասին հավաքվել ենք կրելու մեզ բաժին ընկնող պատասխանատվությունը ավելի լավ աշխարհ ունենալու ազնիվ մղումով՝ ապրելով մեր Երկնային Հոր, Մեկ և անփոփոխ Աստծու հովանու ներքո:
***
Ես գալիս եմ մի երկրից, որը կոչվում է Սուրբգրային Արարատի Երկիր, որտեղ Աստված, Ջրհեղեղից հետո Իր Խաղաղության Ուխտը կնքեց վերածնված մարդկության և ամբողջ արարչագործության հետ (Ծննդ. 9-8-18): Ես ներկայացնում եմ մի Եկեղեցի, որի պատմությունը շատ հաճախ նույնականացվել է մարտիրոսության հետ և տառապանքի, հալածանքի, հայրենազրկության, շարունակական ճգնաժամերի և ցեղասպանության դեպքերը առկա են նրա պատմագրության գրեթե բոլոր էջերում՝ հատկապես «վերջին 100 տարիներին Ա Համաշխարհային պատերազմի օրերին և դրանից հետո»: Այս բոլորը ձևավորել են նրա հոգևոր ինքնությունը, բարոյագիտական հայացքները և արժեհամակարգը որպես գործնական աստվածաբանություն՝ այսինքն Խաչի Աստվածաբանություն, որը ենթադրում է զոհաբերություն, գթասրտություն, եղբայրություն, հավատք, հույս և սեր: Ահավասիկ այս համատեքստում և գիտակցությամբ ես կխոսեմ մեր այսօրվա «Համերաշխություն. Մեր ժամանակի բանալին» թեմայի մասին:
***
Քննելով մեր ներկա աշխարհը և ժամանակակից մարտահրավերները, անժխտելի է, որ վերջին 100 տարիներին այն անասելի փոփոխությունների է ենթարկվել. երկու համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, քաղաքական համակարգերի փոփոխություններ, ոչ անպայման անհրաժեշտ և անվերջանալի պատերազմների շղթա Միջին Արևելքում և այլուր, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքի պաստառի ներքո: Իրականում վերջին 20 տարիներում ավելի շատ փոփոխություններ են արձանագրվել, քան վերջին 2000 և ավելի տարիներում, որի համար էլ ճշմարտացիորեն ասվել է թե «մարդը փոփոխություններ է կատարել ամեն ինչում բացի իրենից»:
Մենք ապրում ենք մի աշխարհում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն և նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները և ոչ բարոյական և հոգեւոր արժեքները, երբ շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը, երբ կենսաբարոյագիտական խնդիրները անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կեանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում... »:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

