ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԳԵ՞Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՐԳԵ՞Ն ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Կարծես թե, «սայլը տեղից շարժվեց» եւ Եվրոպական դատարանը ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին: Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը սեպտեմբերի 10-ին դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով` խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը` Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց փաստաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Թե ի՞նչ կարող ենք ակնկալել ՄԻԵԴ-ից, վերջինս նշեց.
- Նախ կարող ենք ակնկալել, որ Ադրբեջանը կպատասխանի Եվրադատարանի հարցերին, կներկայացնի բացատրություններ, կպատճառաբանի, թե ինչու է ուշացնում մարմնի վերադարձը: Եվ երկրորդ` կարող ենք ակնկալել նաեւ, որ կուղարկի մարմինը: Այսինքն` սա խթան կհանդիսանա, որ Ադրբեջանը հարգի ե՛ւ Կարենի ծնողների իրավունքները, ե՛ւ Եվրոպական դատարանի դիմումը: Եվ, իհարկե, չի բացառվում, որ ինչ էլ պատասխանի, բայց միեւնույնն է, մարմինը կուշացնի ուղարկել: Այնուամենայնիվ, կրկնում եմ` հուսով եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կհարգեն Եվրոպական դատարանի եւ Կարենի ծնողների դիմումը: Սակայն այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը չի մերժել եւ պատշաճ գնահատական է տալիս մեր նամակին եւ բարձրացված հարցերին, անշուշտ, ողջունելի է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

