ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՙՈՍԿԵ՚ ՏՂԱՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՙՈՍԿԵ՚ ՏՂԱՆԵՐԸ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությունը ոսկեբեր եղավ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Հայաստանի թիմը առաջնությունից վերադարձավ երկու ոսկե մեդալով:Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր բազմաթիվ նվաճումներին ավելացրեց եւս մեկըª աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակչի ճանապարհին Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանյանը հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0), բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0) եւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի խաղերում: Իսկ եզրափակչում հայ ըմբիշին հարկավոր էր միայն 55 վայրկյան` փայլուն հաղթանակի հասնելու համար, գերմանացի Օլիվեր Հասլերին Ալեքսանյանը հաղթեց 8:0 հաշվով: Արթուր Ալեքսանյանն ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն հասցրել է ՙանհաղթի՚ կոչում ձեռք բերել:
- Հայ ըմբիշի ձեռքբերումները. Աշխարհի 2010թ. երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 2011թ. փոխչեմպիոն, Եվրոպայի 2012, 2013, 2014թթ. չեմպիոն, Օլիմպիական խաղերի 2012թ. բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2013թ. փոխչեմպիոն, Աշխարհի 2014թ. չեմպիոն: Իր հաղթանակի հետ կապված` աշխարհի նորընծա չեմպիոնն ասել է. ՙՀաղթեցի օլիմպիական չեմպիոնին, որին պարտվել էի Օլիմպիական խաղերի ժամանակ. հասա ռեվանշի: Շատ ծանր գոտեմարտ ստացվեց: Ի վերջո, ես հասա իմ նպատակին եւ դարձա աշխարհի չեմպիոն՚:
Հայաստանի հավաքականի մյուս ոսկե մեդալակիրը 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանն է: Ջուլֆալակյանը պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակչից եւ 9:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 1/8 եզրափակչում պարտության մատնեց ավստրիացի Ֆլորիան Մարխլին, 1/4 եզրափակչում առավելության հասավ մեքսիկացի Խուան Էսկոբարի նկատմամբ, իսկ եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանը պայքարեց եւ հաղթեց վրացի Զուրաբի Դատունաշվիլին: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակչում պայքարեց խորվաթ Նեւեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում դիմադրեց մրցակցին եւ պահպանեց առավելությունըª առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Արսեն Ջուլֆալակյանը իր չեմպիոնական խոսքը ձեւակերպեց այսպես. ՙ2010թ. Մոսկվայի աշխարհի առաջնությունից մինչ օրս հուզվում էի շատ, որ ձեռքիցս այն ժամանակ բաց թողեցի աշխարհի ոսկին: Հուզմունքս այնքան մեծ էր, որ մի փոքր էլ եւ արդեն լաց կլինեի: Չորս տարի ապրում էի այդ հուզմունքով եւ այն նպատակով, որ աշխարհի ոսկին պետք է իմը լինի: Չորս տարի չէր ստացվում այդ նպատակս իրականացնել: Եվ վերջապես, չորս տարի անց արդեն լիարժեք կենտրոնացած, սխալները հաշվի առած եւ վերացրած, եւ նաեւ ամենաբարձրյալի օգնությամբ իրականացավ իմ նպատակը: Չեմ կարող ասել, թե ինչ զգացողություններ եմ ապրել: Հիասքանչ էր՚:
Հիշեցնենք, որ մեր մյուս մարզիկներին չհաջողվեց պայքարել մեդալների համար:
71 կգ քաշային Վարշամ Բորանյանը Թուրքիան ներկայացնող Յունուս Օզելի դեմ պայքարում ստացավ վնասվածք, ինչի պատճառով մրցավարները դադարեցրին գոտեմարտը` հաղթանակը շնորհելով թուրք ըմբիշին: Նախորդ 3 գոտեմարտերում Վարշամ Բորանյանը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային, ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին եւ ղազախ Դեմեու Ժադրաեւին: Ռոման Ամոյանը, որից մեդալի սպասելիքներ կային, 59 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Եվրոպայի չեմպիոն Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց կորեացի Յոն-Բայկ Լին: 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչում 4:6 հաշվով պարտվեց հունգարացի Թամաշ Լորինշին: Իսկ Վաչիկ Եղիազարյանն ու 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը պարտություն էին կրել հենց մեկնարկային գոտեմարտերում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

