- Կարելի է արդյոք սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ինչ վտանգներով է այն հղի: Որոշ գինեկոլոգներ կտրականապես արգելում են: Ճիշտ է: Համացանցում կարդացել եմ, որ վտանգի տակ է դրվում ե°ւ կնոջ, ե°ւ երեխայի կյանքը: Ինձ այդ ամենը մի փոքր վախեցնում է: ՍՅՈՒԶԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.
-Բժշկական գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ հակառակը` խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր ունենալ սեռական հարաբերություն: Այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է, որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչն էլ հղիության ընթացքում անթույլատրելի է: Հարգելի° նամակագիր, խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջին 8-10 շաբաթների ընթացքում: Դա կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, ջրերի արտահոսքի, շերտազատման եւ այլ բարդությունների վտանգ... Իրավացի եք, վտանգի տակ է դրվում ե°ւ կնոջ, ե°ւ երեխայի կյանքը: Ի դեպ, նշենք, որ հղիների մոտ 90%-ը արգանդի տոնուսի բարձրացման հետ խնդիրներ է ունենում: Եվ պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոցիալական պայմանները, նյարդային հոգեվիճակը: Նպաստող գործոն է սթրեսը: Իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի` գինեկոլոգի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են հատուկ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն պետք է ասեմ, որ ցավոք սրտի` ոչ բոլոր դեպքերում է բուժումը լինում արդյունավետ: Ուստի պետք չէ ստեղծել ավելորդ խնդիրներ, իսկ հետո փորձել ճանապարհներ գտնել` դրանք շտկելու, բուժելու, եթե կարելի այս ամենից հեռու մնալ: Առո°ղջ եղեք: