ԶԳՈՒՇԱՑԵ°Ք, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Արխիվ 12-16ԶԳՈՒՇԱՑԵ°Ք, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ձայն են բարձրացրել. Ճանապարհային ոստիկանության կողմից անտեսվել է, որ անձը վճարել է վերջիններիս որոշմամբ նախատեսված վարչական տուգանքները, եւ այդ որոշումները, հնգապատկվելով, ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից ուղղարկվել են ԴԱՀԿ մարմիններին: Նրանք էլ հարուցել են կատարողական վարույթներ` արգելանք դնելով քաղաքացիների գույքի եւ դրամական միջոցների վրա:Տարօրինակ է. պետական լիազոր մարմինը, ի դեմս ճանապարհային ոստիկանության, ԴԱՀԿ ծառայություն է դիմում այն դեպքում, երբ սահմանված ժամկետում վարչական տուգանքը քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է: Ոստիկանության նմանօրինակ գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, այլ նաեւ անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով: Տպավորությունն այնպիսին է, որ տվյալ ծառայության նպատակը ոչ թե իրավախախտումները կանխելն ու կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է, այլ հարկահավաքի դեր ստանձնելը եւ ամեն գնով, ընդհուպ անօրինական եղանակով, քաղաքացիներից գումար շորթելը: Անգամ եթե ապացուցվի, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է, այն ոչ միայն չի նվազեցնում պետական սույն կառույցի պատասխանատվությունը, այլ նաեւ, ի դեմս պետական պաշտոնյայի, օրինապաշտ քաղաքացին խնդիր է ունենում պետության հետ` դրանից բխող բոլոր կործանարար հետեւանքներով հենց պետության համար:
Ավելին, վարչական իրավախախտումը միայն տուգանքով սահմանելու` մեր օրենսդիրների մտքի փայլատակման արդյունքում, ըստ իս, տեղի է ունեցել քաղաքացու իրավունքների խախտում, որովհետեւ նշանակված տուգանքը ժամանակին չվճարելը կարող է պայմանավորված լինել անհնարինությամբ, այսինքն` անձը կարող է լինել անվճարունակ: Նման պայմաններում քաղաքակիրթ աշխարհը մտցրել է տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու կարգ, որը իրավախախտումների կանխարգելման արդյունավետ գործիքներից է համարվում:
Մեկ անգամ եւս անդրադառնալով ԴԱՀԿ մարմինների կողմից Ոստիկանության ճանապարհային ծառայության որոշումներում առկա գումարը հնգապատկված ձեւով բռնագանձելու` քաղաքացիների դրամական եւ գույքային միավորների վրա արգելանք կիրառելուն, այն դեպքում, երբ տվյալ որոշմամբ նախատեսված վարչական տուգանքն օրենքով նախատեսված ժամկետում արդեն իսկ վճարվել է, նշենք, որ անօրինական է եւ ոչ իրավաչափ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի
հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հ.Գ.- Բոլոր այն քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, ովքեր օրենքով նախատեսված ժամկետում վճարել են սահմանված վարչական տուգանքը, սակայն ամիսներ անց նրանց գումարը հնգապատկվել է, ինչի վերաբերյալ ստացել են ծանուցումներ հարկադիրից կամ ոստիկանությունից, կարող են դիմել ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակ, որոնց խախտված իրավունքների պաշտպանությունը եւ վերականգնումը կստանձնվի գրասենյակի կողմից, մինչեւ խախտված իրավունքի լիովին վերականգնումը: Տուժած քաղաքացիներից փաստաբանական ծառայության համար գումար չի գանձվելու:
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

