Հայաստանի բանկային համակարգի հետ կապված այլ հետաքրքիր տվյալներ էլ են ի հայտ գալիս այս օրերին: Մասնավորապես հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգը ներկայացնող 22 առեւտրային բանկերի միացյալ զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 18,3 մլրդ դրամ:
Դա շատ է, թե քիչ` 22 բանկերի համար, հարցի մի կողմն է: Այս դեպքում ամենաուշագրավն այն է, որ անցած տարվա նույն առաջին կիսամյակի տվյալներով` հայաստանյան բանկերի զուտ շահույթը կազմել է մոտ 12,145 մլրդ դրամ: Այսինքն, այս մեկ տարվա ընթացքում մեր բանկային համակարգը շահութաբերության իսկական բում է ունեցել: Ընդ որում, պետք է այստեղ հաշվի առնել, որ մեր բանկերը, որպես կանոն, ունեն հայաստանյան չափանիշներով գերբարձր ծախսեր, այսինքն` օրինակ, եթե մեր բանկային աշխատողները ստանային այլ ոլորտների աշխատակիցներին հավասար աշխատավարձ, ապա բանկային համակարգի շահույթները շատ ավելի լուրջ կլինեին: