ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Արխիվ 12-16ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
ՙՔառյակը՚ այժմ կարելի է համարել բաժանված մի շարք տարբեր ֆորմատների: Մի ՙզույգը՚` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ՙքառյակի՚ հանրահավաքն ուզում են անել հոկտեմբերի 17-ին, այսինքն` շեշտում են, որ հակառուսական ուղղվածություն չունեն եւ մտադիր էլ չեն որեւէ կերպ խանգարել Հայաստանի մուտքին Եվրասիական միություն: Մյուս ՙզույգը՚ ՙԺառանգությունն՚ ու ՀՅԴ-ն, ընդհակառակը, նախընտրելի են համարում հոկտեմբերի 10-ը, եւ, ի դեպ, սկզբում այդ գաղափարը հրապարակ նետեցին ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցները, եւ հետո միայն մեր դաշնակների խելքը կերան ՙարտերկրի ընկերները՚: Բայց եւ ՙմեծ հանրահավաքի՚, եւ Սահմանադրության վերաբերյալ շատերի ակնկալիքները հանկարծ խառնեց ԲՀԿ առաջնորդը իր հարցազրույցով:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Թեեւ Գագիկ Ծառուկյանը շատ հիմնարար ձեւով է նախապատրաստել իր հարցազրույցը ու ակնհայտորեն շահագրգռված էր, որ հնարավորինս շատ մարդ անմիջապես այդ հարցազրույցին հաղորդակից լինի, սակայն հանրությանը` որպես լրատվահոսք, ավելի շատ հասան դատողությունները, թե ինչ էր ուզում ասեր ԲՀԿ առաջնորդը եւ ինչպես հասկանալ նրա այս կամ այն դարձվածքը: Ու դրանով զբաղված են ոչ միայն իրական կամ ինքնուս քաղաքագետները եւ տարատեսակ ծակ պրոֆեսորները, այլեւ ինչքան ասես քաղաքական գործիչներ կան, որ վրա-վրա տալիս են հարցազրույցներ` Ծառուկյանի հարցազրույցի մասին: Թերեւս ամենազուսպը պետք է համարել ՀՀԿ պաշտոնական տեսակետն արտահայտող ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքը` որ աշխարհում չկա որեւէ ոչ իշխանական քաղաքական ուժ, որը ցանկալի համարեր իշխանության վերարտադրությունը, եւ ՙԵս չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն` անձնական բարեկեցությունն ապահովելու համար: Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում՚: Իսկ եթե սկսես խորանալ մեկնաբանությունների մեջ, կգտնվի ամեն ինչ` դավադրության տեսություններով սկսած, ԲՀԿ-ի իրական նպատակների մասին տրամագծորեն իրարամերժ տեսություններով վերջացրած: Մինչդեռ այդ քաղաքական ուժի ղեկավարը արտահայտվել է պարզ ու հստակ:
Չինական ուղեւորությանը, հայ-չինական գործարար կապերին, սպորտին եւ նման այլ հարցերին վերաբերող հատվածներին չենք անդրադառնա` պարզ է, որ ցանկացած լուրջ քաղաքական գործիչ իր ելույթներին ընտրարշավային տարրեր ավելացնում է ընտրություններից նաեւ տարիներ առաջ: Եվ, ի դեպ, կուսակցության առաջնորդը շատ պարզ էլ ասում է. ՙՈրքան էլ ես կարեւորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարեւորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, եւ որը է°լ ավելի է ուժեղացնելու ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը՚:
Ամենակարեւոր հաղորդագրությունը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին: Ու այդտեղ չկա Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին բնորոշ ժխտողականությունը. ՙԵս լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու՚: Ճիշտ է, ԲՀԿ առաջնորդը Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի մինչ այժմ կատարած աշխատանքը քննարկումներ չի համարում, բայց ՙԵթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ ՙԲարգավաճ Հայաստանը՚ նույնպես կքննարկի` դահլիճներում եւ հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին՚:
Ու հենց սահմանադրական փոփոխությունների հետ կապված էլ ԲՀԿ առաջնորդը հիշատակում է եւ հանրահավաքային թեման` բացարձակապես չհիշատակելով ՙքառյակի՚ 12 կետերը. ՙԱյդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երեւանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման՚: Այսինքն` ԲՀԿ-ն իրեն թողնում է մանեւրի բավականին լայն դաշտ, բայց այդ մանեւրը տեղի է ունենալու արդեն հոկտեմբերյան հստակեցումներից հետո, ինչպես Եվրասիական միության հարցում, այնպես էլ սահմանադրական փոփոխությունների, այսինքն` կառավարման մոդելի փոփոխման:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՙ5-ՐԴ ԱՆԻՎՆԵՐԸ՚
ԵՎ ՙ5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ՚
Մի բան միանշանակ է, որ անգամ եթե ՙքառյակի՚ ներսում բոլոր տարաձայնությունները հարթվեն, կամ պարզապես բոլորը ուզած-չուզած համաձայնեն ՙքառյակի՚ լոկոմոտիվ ԲՀԿ-ի հետ (բացառությամբ թերեւս դաշնակների), բացառված է, որ ՙքառյակը՚ ՙհնգյակ՚ դառնա: Ինչքան էլ ՕԵԿ-ը խաղեր խաղաց, փորձեց ՙքառյակին՚ մոտենալու տարբերակները, պարզ է որ որեւէ քաղաքական միավոր ցանկություն չունի ինքն իրեն գումարել ԱԽՔ ու դրանով գլորվել ինքնավարկաբեկման փոսը: Իսկ ինքնուրույն խաղի համար ՕԵԿ-ի ռեսուրսը հույժ անբավարար է, գումարած դրան էլ Գյուղակադեմիայի հետ կապված սկանդալը ցույց տվեց, որ այդ կուսակցությունը իշխանության գալու դեպքում մայրաքաղաքի կենտրոնը կփչացնի այլանդակ շինություններով ոչ պակաս, քան դա անում էր Ռոբերտ Սեդրակիչը:
Ի դեպ, ՙքառյակի՚ լինել-չլինելու հարցին շատ հանգիստ է վերաբերվում ԲՀԿ առաջնորդը. ՙԵս հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով՚:
Բայց այդ ՙերկկողմ հարաբերությունների՚ պահով վաղ թե ուշ չի կարող չհասունանալ հարցը, թե արդյո±ք նույն ԲՀԿ-ի համար ՀԱԿ-ը ավելորդ ՙ5-րդ անիվ՚ չէ, առավել եւս որ ոչ ոքի համար գաղտնիք չէ նույն ՀԱԿ-ի ՙ5-րդ շարասյուն՚ լինելը, զի Լեւոն Ակոպիչը հանուն իր ՙկազմաքանդիչ՚ ձգտումների պատրաստ է համագործակցել ոչ միայն ցանկացած արտերկրյա ուժի, ոչ միայն սատանայի, այլեւ դժոխքի ամբողջ բնակչության հետ...
Ավելորդ չէ նշել, որ ԲՀԿ առաջնորդը շեշտեց նախկին նախագահների նկատմամբ վատ խոսելու ավանդույթը ՙընդմիշտ վերացնելու՚ մասին. ՙԵս դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին՚: Եվ ՀԱԿ-ից ՙշնորհակալությունը՚ չուշացավ` ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի շուրթերով. ՙԾառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե աղբանոցը միշտ էլ կա՚:
Հիմա որեւէ քաղաքական ուժում, այդ թվում եւ ՀԱԿ-ում, այդպիսի` գործընկեր կուսակցության նկատմամբ տգեղ դրսեւորում հնարավոր է միայն երկու դեպքում: Կամ ՀԱԿ-ի ներսում իսպառ բացակայում է միասնությունը, թիմային սկզբունքը, եւ այդ դեպքում հենց ՀԱԿ-ն անհապաղ քաղաքական աղբանոց տանելու ապրանք է, կամ այդպիսի պասաժն արտոնվել է ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ի կողմից, եւ այդ դեպքում կմնա միայն փաստել, որ դա քաղաքական անմաքրության վերին դրսեւորում է, եւ այդպիսի գործընկերոջ հետ քաղաքական ճանապարհ շարունակելը, մեղմ ասած, ռիսկային է: Կարծում ենք նաեւ, բավականին մոտ ապագան ցույց կտա, թե նույն ՙքառյակի՚ ներսում ում էր վերաբերում ԲՀԿ առաջնորդի ակնարկը. ՙԵս երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում՚: Ով է հասցեատերը` այն ՙքառյակի՚ ներսում է, թե դրանից դուրս, ներքաղաքական թե արտաքին քաղաքական խաղացողներից է...
Ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների մասին դեմ արտահայտվող այդ կուսակցությունը հիմա էլ Սահմանադրությանը վերաբերող մեծ համաժողով է մտադիր գումարել: Դե պարզ է, եթե ժամանակին քո ծրագրի մեջ առկա էր անցումը դեպի կառավարման խորհրդարանական մոդել, ապա ինչքան էլ կարճ լինի ընտրողների հիշողությունը, եւ ինչքան էլ քաղաքական գործիչներից վերացած լինի ամոթ-աբուռի գաղափարը, գոնե ինչ-որ հետեւողականություն պետք է լինի: Առավել եւս, որ նույնիսկ ամենաթունդ արեւմտամետները ստիպված են մտածել` իսկ ինչպես են ապրելու եւ գործելու արդեն Եվրասիական միության իրականության պայմաններում:
Այդ հարցը իրենք իրենց տալիս են եւ 5-րդ շարասյուների այնպիսի տարատեսակի ներկայացուցիչները, ինչպիսիք են գրանտածիծները: Վերջերս նույնիսկ ՙՖեյսբուքն՚ է ահագին բեռնաթափվել հակաիշխանական եւ ռուսաֆոբական հայհոյանքներից: Դե պարզ է, որ ՙպայմանագրային գնով՚ հայրենիքը ծախողները այդ նույնն անվճար չեն անի (իսկ նման է, որ կանաչ թղթադրամների հոսքը լավ բարակել է), իսկ մեր գրանտածիծները անվճար նույնիսկ ռսին հայհոյել չեն ուզում: Ի վերջո, եթե վճարող չկա, ապա ինչո±ւ իրենց գլուխները չարախոսության համար պատասխան տալու ապագա ռիսկերի ենթարկեն... Համ էլ, մեջները քիչ չեն նրանք, ովքեր մտածում են` ինչպես բաց չթողնեն պահը եւ աշխատասենյակի պատից ու աշխատասեղանից ճիշտ ժամանակին հանեն եւ աղբարկղը նետեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության դրոշները` փոխարինելով դա արդեն լիովին այլ դրոշներով: Բայց միեւնույնն է, նույնիսկ ամենախորամանկ աղվեսները թակարդն ընկնելիս` երկու թաթով են ընկնում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

