ՙՄՈՍԿՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍ ՉՈՒՆԻ՚
Ղրիմի Կոկտեբել քաղաքում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնում է նաեւ ՙԻրավունքը՚: Այս օրերին Ուզբեկստանը, Ղազախստանը ու Ղրղզստանը ներկայացնող լրատվամիջոցները իրենց ելույթներում անընդհատ շեշտադրում էին այն հանգամանքը, թե Ռուսաստանը հաճախակի հանդես է գալիս ՙմեծ եղբոր՚ դերում: Սրա հետ կապված իր տեսակետը շատ հետաքրքիր ձեւով ներկայացրեց ՌԴ Քաղաքական պայմանների կենտրոնի տնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԸ, ով բավականին ուշագրավ օրինակներով փորձեց բացատրել, թե ինչու են նախկին ԽՍՀՄ երկրների մոտ այդպիսի տպավորություն ձեւավորվել:
Ու, չգիտես ինչու, պարոն Միխեեւը այդ պահին մտաբերեց Ադրբեջանին` ասելով. ՙԵս երբեմն գործնական առումով գտնվում եմ Ադրբեջանում, եւ այնտեղ հանդիպումների ժամանակ ինձ հաճախ դիմում են հետեւյալ հարցով, թե չեք կարող զանգահարել Երեւան եւ ասել, որ Ղարաբաղը մեզ հետ տան, չէ որ դուք Մոսկվան եք, չէ որ դուք Կրեմլն եք… Զարմանալի է, ինչի մասին է սա խոսում: Իհարկե, սա խոսում է ադրբեջանցիների մանկամտության մասին, չէ որ Մոսկվան չունի այն կախարդական հեռախոսը, որով կարող է զանգահարել Երեւան եւ նման բան ասել: Հիմա տվյալ պարագայում ով է ում մեծ եղբոր տեղ դնում: Դե, իհարկե, տվյալ պարագայում ադրբեջանցիները, ինչը խոսում է նրանց մանկամտության մասին, ովքեր մեզ կարող են դիմել նման հարցերով: Ահա սա այն օրինակն է, որի շուրջ ինքներդ փորձեք մտածել` ամեն մեկդ ձեր երկրի տեսանկյունից՚: Ապա անդրադառնալով ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններին` Ս. Միխեեւը հիշեց հայտնի խորհրդային մուլտֆիլմը. ՙԴեռեւս խորհրդային տարիներից հայտնի ՙՉեբուրաշկա՚ մուլտֆիլմի ֆենոմեն կա ձեւավորված նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ: Այն է, որ Չեբուրաշկան փնտրում է ընկերների: Իսկ ԱՄՆ-ի մոտ միայն հոլիվուդյան դերասանությունն է ձեւավորված, այլ ոչ թե իրական ընկերներ փնտրելու գաղափարը՚: