ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԼՍԵԼԻՍ` ՇՈՒՐԹԵՐԸ ՃԱՔՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԼՍԵԼԻՍ` ՇՈՒՐԹԵՐԸ ՃԱՔՈՒՄ ԵՆ
Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը իր «դարակազմիկ» մտքի «գոհարներով» է կիսվել, մասնավորապես ասելով. «Ինչո՞ւ հիասթափվել, գուցե փորձենք, գուցե տեսենք` Գագիկ Ծառուկյանն իրո՞ք այն չէ, ինչ որ մենք մտածում ենք, գուցե` Ծառուկյանը շատ ավելի լավ բան կանի պետության, իր ժողովրդի համար: Եկեք փորձենք, Ծառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե աղբանոցը միշտ էլ կա»: Ի դեպ, «աղբանոց-ԱԽՔանոց» հասկացությունը խառնել է իրար կա՛մ տիկին Թադեւոսյանը, կա՛մ նյութի հեղինակը, քանի որ նույն հայտարարությունը տարբեր տեղ, տարբեր կերպ է ներկայացված: Սակայն, դրանից բովանդակությունը չի փոխվում, ուստի` «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ ՀԱԿ գրասենյակից, թե ինչպե՞ս են վերաբերում Զ. Թադեւոսյանի վերոնշյալ հայտարարությանը, այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս իրենց գլխավոր գործընկերոջ հասցեին: Բայց, հավանաբար, մեր հարցի բովանդակությունը գուշակելով` Հայ ազգային կոնգրեսի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, երբ լսեց Զոյա Թադեւոսյանի անուն-ազգանունը, խառնված ասաց. «Այսօր չէ, վաղն ասուլիս եմ տալիս, եկեք, բոլոր հարցերի պատասխանը կտամ»: Ինչեւէ, հրավերն ընդունված է, մնում է գոնե պարոն Մուսինյանը կարողանա «պարտակել» Զ. Թադեւոսյանի, միգուցե խիստ անպատասխանատու հայտարարության բովանդակությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

