ՈՎ ԿԱՍԻ YES
Արխիվ 12-16ՈՎ ԿԱՍԻ YES
Սեպտեմբերի 11-ին հարյուրհազարավոր կատալոն?ցիներ Իսպանիայից անկախության պահանջով դուրս եկան Բարսելոնայի փողոցներ: Իսկ հինգշաբթի օրը` սեպտեմբերի 18-ին, շոտլանդացիները քվեարկելու են իրենց մարզի` Մեծ Բրիտանիայից անկախանալու համար: Այսպիսով, Արեւմտյան Եվրոպայում թափ են առնում անկախական կամ ինչպես եվրոպացիներն են սիրում ասել` անջատողական շարժումները: Սակայն այնտեղ անջատողականների դեմ բանակ չի հանվում, կացնով մարդիկ չեն հարձակվում շոտլանդացիների կամ կատալոնացիների վրա, նրանց չեն ռմբակոծում ինքնաթիռները, նրանց վրա մատ թափ չեն տալիս երկրների նախագահները, նրանք չեն թաքնվում նկուղներում եւ չեն դառնում փախստականներ:
Ավելին` Անգլիայի թագուհին շոտլանդացիներին ընդամենը խորհուրդ տվեց ՙլավ մտածել՚:Հարց է ծագում` ինչու 300 տարուց ավելի Մեծ Բրիտանիայի կազմում հանգրվանած Շոտլանդիան իրավունք ունի խաղաղ պայմաններում անցկացնել անկախության հանրաքվե, որի արդյունքները կճանաչի Լոնդոնը, իսկ անգամ երեք ժամ Ադրբեջանի կազմում երբեք չեղած Ղարաբաղը դրա իրավունքը չունի: Ինչո±ւ դրա իրավունքը չունեն նաեւ Ուկրաինայի արեւելյան մարզերի բնակիչները, որոնց յուրաքանչյուր օր ռմբակոծում են ու գնդակահարում նույն բանի համար, ինչ ուզում եւ անում են շոտլանդացիները:
Զարմանալի է, բայց փաստ. Շոտլանդիայի, ինչպես նաեւ դրանից առաջ 2008 թվականին Կոսովոյում եւ մի շարք այլ դեպքերում Արեւմուտքը հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը եւ այն վեր է դասում տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ մի շարք այլ դեպքերում վարվում է ուղիղ հակառակ կերպով: Արդեն 20 տարուց ավելի է, ինչ չի ճանաչվում Արցախի անկախությունը, չի ճանաչվում նաեւ Ղրիմի անկախության հանրաքվեն, եւ Արեւմուտքը ամեն կերպ հորդորում է Կիեւի վարչախմբին ռազմական ուժով ճնշել Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ձգտումը:
Իհարկե, նման երկակի ստանդարտները, միջազգային իրավունքի երկակի կիրառումը, ժողովրդավարության տարբեր ընկալումը` կախված աշխարհագրական դիրքից եւ անկախություն ցանկացող ազգից, ունի իր պատճառները: Առաջին պատճառն այն է, թե որ ՙդասին՚ է պատկանում անկախության ձգտող ժողովուրդը: Արդյոք դա ՙեվրոպական արժեքներ՚ կոչվող արժեհամակարգի մեջ անվտանգ տեղավորվող ժողովուրդ է, թե կարող է մարտահրավեր նետել գլոբալիզմի արժեքային այդ համակարգին, որին պարտադիր կարգով պետք է ենթարկվեն աշխարհի բոլոր ժողովուրդները, որպեսզի ճխլված չլինեն ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական մեքենայի անիվների տակ:
Անկասկած, շոտլանդացիները ամբողջությամբ տեղավորվել են եվրոպական արժեքների գաղափարախոսության մեջ եւ ԱՄՆ-ի համաշխարհային միանձնյա տիրապետության համար որեւէ վտանգ չեն ներկայացնում, ռուսներին չեն համակրում եւ պատրաստ են ներգրավվել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մեջ:
Երկրորդ պատճառը անկախացողների աշխարհագրական դիրքն է: Շոտլանդիան գտնվում է շատ ու շատ հեռու Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Մերձավոր Արեւելքի սահմաններից: Հետեւաբար, այն Արեւմուտքի համար որեւէ աշխարհաքաղաքական վտանգ կամ արժեք չի ներկայացնում: Այ, եթե Շոտլանդիան լիներ Ուկրաինայի տեղում, դժվար թե նրան թողնեին հեշտ ու հանգիստ ինքնորոշվել:
Ի դեպ, Ուկրաինայի մասին, որը օտարների դրդմամբ ու ղեկավարմամբ ինքն իրեն ոչնչացրեց: Ինչպես հայտնի է, Մայդանի ամբողջ նպատակը Եվրամիության հետ ասոցացվելն է: Այդ երազանքի համար Ուկրաինան մխրճվեց քաղաքացիական պատերազմի մեջ, կորցրեց զգալի տարածքներ եւ բնակչություն, ոչնչացրեց սեփական տնտեսությունը: Սակայն, թեեւ ասոցացման պայմանագիրը ստորագրվեց, դրա իրականացումը հետաձգվեց մինչեւ 2016 թվական: Այնպես որ, ստացվում է, որ Ուկրաինայի ինքնաոչնչացման միակ նպատակն այդպես էլ մնաց դեռեւս անհասանելի երազանք:
Եվ եւս մի նկատառում. շոտլանդական ինքնորոշումից անգլիացիներից ավելի շատ վախեցած են թուրքերը, որոնք փորձում են ներշնչել աշխարհին, որ Շոտլանդիան եւ Կոսովոն անգամ չնչին աղերսներ չունեն արցախցիների կամ քրդերի ինքնորոշման հետ: Սակայն ինքնորոշման գործընթացն այլեւս դադարեցնել հնարավոր չէ: Այն գնալով ավելի ու ավելի մեծ թափ է առնում: Ի վերջո, ինչպես օրերս հայտարարեց ՌԴ նախագահ Պուտինը, ով իրավունք ունի ժողովրդին զրկել ինքնորոշման իրավունքից: Կան կարծիքներ, որ Շոտլանդիայի ինքնորոշումը զարկ կտա եվրոպական այլ ազգերի ինքնորոշմանը եւ ԱՄՆ-ից անկախացմանը: Այնպես որ, ով ավելի շուտ կասի YES ինքնորոշմանը, կշահի, կամ առնվազն ավելի քիչ կտուժի:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

