ՋՕԸ-Ի ՊԵՏ «ՎԱՐՉԱՊԵՏԻ`ԽՆԴՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ, «ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ-Ը ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ Ա
Արխիվ 12-16ՋՕԸ-Ի ՊԵՏ «ՎԱՐՉԱՊԵՏԻ`ԽՆԴՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ, «ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ-Ը ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԻ»
«Այս տարի անախադեպ տարի էր, գարնան ցրտահարության հետ կապված: Այդ ընթացքում հիմնական ջուրը օգտագործել ենք Ազատի ջրամբարից, եւ երբ եկանք հասանք օգոստոսի վերջ, այն մասից, որտեղից պետք է ջուր վերցնեինք, այլեւս ջուր չկար: Խնդրի լուծման ակնկալիքով դիմել ենք վարչապետին, փոխվարչապետին, եւ պետք է առանձնակի շնորհակալությամբ ասեմ, որ վարչապետը անմիջապես խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկեց: Կառավարության աջակցությամբ այժմ վեց հարյուր հիսուն լիտր արտադրողականությամբ նասոս ենք դրել, հիմա նորից ամենացածր կետից կվերցնենք եւս հինգ միլիոն ջուր, արդյունքում լուծեցինք եւ Արտաշատի եւ Դվին ջրանցքի հարցը: Այսօրվա վիճակով` վարչապետի անմիջական արձագանքի շնորհիվ, մենք փրկել ենք մոտավորապես 730 հեկտար տարածք, մասնավորապես` Գետազատ, Վերին Դվին, Ներքին Դվին եւ Վերին Արտաշատի տարածքները, որտեղ ունենք մոտ երեք հարյուր հիսուն հեկտար աշնան լոլիկ ունենք»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս աղմուկ բարձրացրած ոռոգման ջրերի խնդրին ասաց «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն ԹԱԴԵՒՈՍ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ:
Թե ինչո՞վ էր պայմանավորված առաջացած խնդիրը պարոն Թադեւոսյանը ասաց.
- Անցյալ տարվա օգոստոս ամսին 1500-ից մինչեւ 2000 լիտր մուտք ունեինք Ազատի ջրամբար, իսկ այս տարի ընդամենը ունեցել ենք 150 լիտր, դա էր պատճառը, որ կանգնել էինք նման խնդրի առաջ: Բայց փառք Աստծո այդ վիճակը կարողացանք արագ կարգավորել, Այգեթաղի հարցը եւս դրա հաշվին կլուծվի: Այսինքն մինչեւ աշուն մենք ոռոգման ջրի խնդիր ընդհանրապես չենք ունենա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ եկող տարի եւս նման խնդրի առաջ կանգնի գյուղացին, ՋՕԸ-ի պետը հավելեց.
- Ըստ նախնական կանխատեսումների չորս տարի Հայաստանի ջրամբարները չեն լցվելու, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս ռացիոնալ օգտագործենք եղած ջուրը, որպեսզի այլեւս նման խնդրի առաջ չկանգնենք: Համենայնդեպս նման խնդրի առաջ` շնորհիվ մեր վարչապետի եւ փոխվարչապետի, հաջորդ տարի հաստատ չենք կանգնի, քանի որ անհրաժեշտության դեպքում արդեն ունենք պոմպակայան:
Պարոն Թադեւոսյանը չի կիսում նաեւ այն բնապահպանների տեսակետները, որ մեր ջուրը հոսում է Թուրքիա եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ ջրի պակասի առաջ ենք կանգնում.
- Ես կարող եմ վստահեցնել, որ մենք որեւէ գրամ ջուր Ազատի գետից չենք տալիս Թուրքիային, դրանք սուտ խոսակցություններ են: Ազատի ջրամբարը ունի 72 միլիոն խորանարդ մետր լցվելու տեղ, էդքան ջուր լցվելուց հետո, մենք չենք կարող ավելցուկը պահել: Բայց այս երկու տարին Ազատի ջրամբարը չի լցվում, ուր մնաց թե ավեցուկ առաջանա եւ հոսի դեպի Թուրքիա: Մի գրամ ջուրը մեր համար ոսկի է, ոչ ոք չի թողի այն գնա Թուրքիա, դա հաստատ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

