«ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»՝ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ
Արխիվ 12-16«ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»՝ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ
«Ժայռ» կազմակերպությունն ամեն տարի հունիս ամսին գեղատեսիլ Սևանում կազմակերպում է Միասնության տոն, որտեղ համախմբվում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները քանդակագործության, երաժշտության, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, ասմունքի և այլ անվանակարգերում: Արդեն 2-րդ տարին ներկայացվեց մրցույթ-փառատոնը, որը այս տարի մեկնարկել էր ապրիլ ամսին. մինչ օգոստոսի 15-ը հայտերի ընդունման, իսկ օգոստոսի 30-ին՝ երևանյան փուլն էր, իսկ երեկ կայացավ տոնական գալահամերգ-մրցանաբաշխությունը: Միջոցառման առիթով 1 շաբաթվա ընթացքում 208 տ ցեմենտով Սևանում կանգնեց փոքրիկ բեմահարթակ՝ հյուրընկալելով Միասնության տոնի հետ առնչվողներին, հյուրերին:
«Միասնություն թող լինի հայերիս շրջանում, միասնություն մեր պետականությանը, ողջ աշխարհին, թող խաղաղ լինի ողջ մոլորակը, խաղաղություն միջին Ասիային, Ուկրաինային: Ոչ ասենք պատերազմներին»,- կոչ է անում «Ժայռ» երիտասարդական կազմակերպության նախագահ ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու ցանկալով, որ բոլոր պայթյունները միայն տոնական լինեն՝ նավարկության է հրավիրում «Կիլիկիա» նավին:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, դերասան Կարեն Ջանիբեկյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Բաբկեն Ղազարյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իրենց ելույթով ներկայացան «Փարոս» կամերային երգչախումբը, «Համայնքի զարկերակ» պարային համույթը:
«Երիտասարդությունը մեր Հայաստանի հիմնասյունն է, մեր պետականության հիմքը, ցանկանում եմ, որ լինենք ուժեղ, գաղափարապես հզոր, Աստված պահապան բոլորիս՝ հատկապես հայ ազգին»,- ասում է ԲԱԲԿԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«Ամեն ինչ պետք է անենք, որ անառիկ լինեն մեր բոլոր ժայռերը, միասնական հայ ժողովուրդը, որն էլ մեզ կտանի դեպի երկարատև-երկարատև խաղաղության»,-իր խոսքում նշում Է ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ:
«Ոչ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի ունեցած տոնական օրն ամփոփվեց մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցների շնորհակալագրերի հանձնումով, իսկ հաղթողները արժանացան պատվոգրերի և մրցանակների:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

