«ՔԱՌՅԱԿԸ» ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ. ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
Արխիվ 12-16«ՔԱՌՅԱԿԸ» ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ.ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
«Քառյակը» պատրաստ է համագործակցելու արտախորհրդարանական ուժերի հետ: Նման հայտարարությամբ է օրեր առաջ հանդես եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Իսկ «Քառյակի» վերջին նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան արտախորհրդարանական ուժերից քառյակին կեղծ ընդդիմություն համարող հայտարարությանը, ասաց, որ նման կերպ արտահայտվողները պետք է այլընտրանք առաջ քաշեն: «Իրավունքը» «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից պարզեց՝ հնարավո՞ր է իր ղեկավարած կուսակցությունը միանա «Քառյակին:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական Հայրենիքը» 2008- ին ձեւավորված համաժողովրդական շարժման մասնակիցն էր, ՀԱԿ դաշինքի անդամ մինչ 2013 թ-ը, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը վերածվում է կուսակցության, որի հիմնական կորիզը պետք է լինի ՀՀՇ-ը:
Քաղաքական գործչի խոսքով՝ «Քառյակը» հավատ չի ներշնչում, որ իրոք ազնիվ մղումներով պայքարում է ժողովրդի շահերի համար: ««Քառյակի» ուժերից մեկին՝ ՀԱԿ-ին, 2008-2011 թթ-ին տրված էր հնարավորություն իրականացնելու իշխանափոխություն, բայց նա դա չարեց»,- հիշեցնում է Մակեյանը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը այլընտրանքային ուժի ձեւավորման մասին, Մակեյանն ասաց, որ հիմա այլընտրանքային ուժի ձեւավորման գործընթաց ընթանում է: Թե քաղաքական որ ուժերն են դրա մեջ ներգրավված, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավարը փակագծերը չբացեց, միայն ասաց, որ այլընտրանքային ուժի ձեւավորման հիմնական խոչընդոտողը «Քառյակն» է:
Սեպտեմբերի 17-ին պարզ կդառնա, թե երբ է տեղի ունենալու «Քառյակի» հանրահավաքը, որից հետո կլինեն այցելություններ մարզեր՝ժողովրդին իրենց շուրջը համախմբելու համար: Քաղաքական գործիչը դժվարացավ ասել՝ արդյոք ժողովուրդը կհամախմբվի ԱԺ ոչ իշխանական ուժերի շուրջ, թե ոչ. «Եթե փողով վստահություն ձեռքբերելու խնդիր դրվեց, դա փողով կարող են մարդ հավաքել, բայց չեմ կարող ասել՝ դա ինչ դերակատարություն կունենա: ԲՀԿ-ի մասնակցությամբ, դե ՀՅԴ-ն էլ աղքատ չի, «Քառյակը» փողի խնդիր չունի, մարդ կարող են բերել-լցնել»:
Սոնա Դավթյան

