Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ
ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այս օրերին «ԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում» խորագրով միջազգային մեդիաֆորում է ընթանում Ղրիմի Կոկտեբել քաղաքում, որին մասնակցում է նաեւ Հայաստանից «Իրավունքը»: Ֆորումի ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, որոնցից մեկի ընթացքում լրագրողներս հնարավորություն ունեցանք զրուցելու «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս լրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԼՅՈՎԻ հետ: Վերջինս հարց ու պատասխանների ժամանակ կրկին անդրադարձավ Հայաստանին:
Վրաստանը ներկայացնող լրագրող ՄԱՅԱ ԽԻՆՉԱԳԱՇՎԻԼԻՆ ափսոսանքով հայտնեց, որ Վրաստանում ԶԼՄ-ների 90 տոկոսը ամերիկամետ են, եւ նա Դ. Կիսիլյովից հետաքրքվեց, թե ինչի կբերի այդ երեւույթը: Ի պատասխան, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենն ասաց. «Մինչդեռ Ռուսաստանը երբեք ձեզ չի ասում` եղե՛ք ռուսամետ, որովհետեւ դուք պետք է լինեք ազգային: Չէ՞ որ Ռուսաստանը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, եւ թե՛ ԽՍՀՄ նախկին մյուս պետությունների հետ ունի շատ ընդհանուր բաներ»: Ապա հավելեց. «Իսկ եթե այսօր նույն Վրաստանը կամ Հայաստանը վազեն փոքր գրանտների հետեւից, կկորցնեն իրենց ազգայնականությունը եւ այդ երկրներում կհասունանա մայդան: Նույն Հայաստանը պետք է դա հասկանա, որովհետեւ ես ունեմ տեղեկություններ, որ այդ հատուկ գրանտները տրվում են Հայաստանին` մայդան հասունացնելու համար: Եվ հայաստանյան իշխանությունները պետք է հետաքրքրվեն, թե դրանք ինչ գրանտներ են: Ձեր կարծիքով Օբաման Վրաստանի տեղը գիտի՞, անգամ Ղարաբաղի տեղը չգիտի: Իրականում ազատություն ասվածն ու խոսքի ազատությունը Ռուսաստանի Դաշնությունն ավելի լավ է հասկանում, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն: Ի դեպ, ԱՄՆ-ն իրականում թքած ունի Եվրոպայի վրա եւ իրեն ձեռնտու է մեր եւ Եվրոպայի վատ հարաբերությունները, որի արդյունքում իրենք ավելի մաքուր ու սպիտակ դուրս կգան: Օրինակ, Ուկրաինայում ինչքան վիճակը վատ լինի, այնքան իրենք ավելի լավ կզգան»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ղրիմ-Երեւան

