«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Սեպտեմբերի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանի շրջանակներում տեղի կունենա Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Մինչ այդ օպերային ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը: Թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» խորագրով ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ: Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:
Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գ. Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթը: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ի դեպ, օրերս թատրոնի 81-րդ թատերաշրջանն ազդարարվել է եւս մեկ հաճելի նորությունով: Այսուհետ օպերային թատրոնը հասանելի կլինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար. Հանվել է թատրոնի դահլիճի առաջին շարքի նստարանները որտեղ հաշմանդամներն իրենց սայլակներով հնարավորություն կունենան դիտելու օպերային թատրոնի յուրաքանչյուր ներկայացում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

