Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյան. «ԿՅԱՆՔԸ ՆՎԵՐ Է, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ՊԱՐԳԵՎ»
Արխիվ 12-16Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյան. «ԿՅԱՆՔԸ ՆՎԵՐ Է, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ՊԱՐԳԵՎ»
Այսօր լրացավ ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԴՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը: Արժամապատիվ Տեր հոր ծննդյան տարեդարձը մեծ տոն է հատկապես Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների համար, որոնք տասնամյակներ շարունակ համախմբված են եղել նրա շուրջը` դաստիարակվելով որպես իսկական քրիստոնեաներ: Ամերիկահայ հոգեւորականն այսօր էլ շարունակում է Աստծո խոսքը հասցնել ամեն մի քրիստոնեայի սրտին թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ամենօրյա քարոզչությամբ, թե՛ բազմաթիվ ուխտագնացությունների միջոցով: Կյանքի ութ տասնյակը բոլորած սիրելի Տեր հայրը նույնքան խանդավառությամբ ու երիտասարդական ոգեւորությամբ այսօր էլ առաջնորդում է հազարավոր քրիստոնեաների, որպեսզի ոչ մեկի հավատը չերերա….
«Իրավունքը» Տեր հոր ծննդյան առթիվ խեսեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդներից մեկի` ԷԼԼԱ ԴԱԼԱԼՈՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.
«Վստահաբար կարող եմ ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու գրեթե բոլոր երիտասարդների հոգեւոր կյանքում մեծ դեր ունի Տեր հայրը: Չեմ հանդիպել դեռ ինչ-որ մեկին, ով Տեր հոր մասին ջերմորեն չարտահայտվի: Նա ասես լույս լինի եւ իր շուրջն է հավաքում բազմաթիվ մարդկանց: Նա կիսում է բոլորի «դարդերը», ինչպես ինքն է ասում… Իսկապես ինձ համար մեծ օրհնություն էր իմ երիտասարդության տարիներին նման բարեկամ, ընկեր եւ ուսուցիչ ձեռք բերել, ում պապիկիս պես սիրում եմ: Շատ բան եմ սովորել Տեր հորից, բայց ամենակարեւորը` սիրել մարդկանց… Շնորհավորում եմ իմ սիրելի Տեր հորը եւ բազում առողջ տարիներ մաղթում: Ուզում եմ, որ իր կենսախնդությամբ ու սիրով դեռ շատ ու շատ երիտասարդների կրթի եւ լուսավորի: Նրա ծնունդը եւ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օրը մեծ պարգեւ է մեզ համար»:
Միանալով բարեմաղթանքներին` հիշեցինք Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանի մեր լրատվամիջոցին տված հարցազրույցներից մեկը, որտեղ խոսելով կյանքի մասին` Տեր հայրը նշում է. «Կյանքը մեզ չի պատկանում, եւ մենք չենք մեզ ստեղծել: Կյանքի վրա մենք իշխանություն չունենք: Աստված է ինձ այս կյանքը տվել եւ երբ ցանկանա այդ կյանքը կարող է առնել ինձանից: Անշուշտ,
մենք պարտավոր ենք այդ նվերը խնամել՝ մեր առողջությանն ու բարօրությանը հետեւել, որովհետեւ կյանքը նվեր է, իսկ առողջությունը` Աստծո տված պարգեւ: Հիշում եմ, երբ մի տասնչորս տարեկան տղա մահացավ, գնացի իրենց տուն, որպեսզի մխիթարեմ մորը: Ես նոր քահանա էի ու չգիտեի ինչ պետք է ասեմ այդ կնոջը: Տղան մահացել էր քաղցկեղից: Ես գնացի, մոր կողքը նստեցի, նա դարձավ ինձ ու ասաց. «Տեր հայր, գիտե՞ս, եթե ես տասնչորս տարի առաջ իմանայի, որ իմ տղան տասնչորս տարեկանում պետք է մահանար, նորից կծնեի նրան, որովհետեւ արժեր այդ տասնչորս տարին»: Մենք պետք է գոհություն տանք այն կյանքին, որը մեզ տրված է: Մայրս հիվանդ էր, մահվանից առաջ կեսգիշերին արթնացավ, եղբայրս ասաց. «Մամ, ես հիմա շտապօգնություն կկանչեմ»: Մայրս նայեց ու պատասխանեց. «Տղաս, ես ամեն բանից գոհ եմ, կարծում եմ, ժամանակն է գնալու», եւ աչքերը փակեց: Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ մի սրբի կյանք էի կարդում, եւ ինքը նույն բառերն էր ասել, ինչ-որ մայրս ասաց…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

