ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՑՆՑԵԼ Է ՀԱՅ ՓՈՔՐԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՑՆՑԵԼ Է ՀԱՅ ՓՈՔՐԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանն ու հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար առաջին անգամ Երեւանում է ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ եւ լուսանկարիչ ԴԱՎԻԴ ՌՈԲԵՍՍՈՆԸ: Օրերս տեղի ունեցած իր բացառիկ ասուլիսից հետո` Ռոբբեսոնը պատահաբար հանդիպել ու զրուցել է 3-ամյա Իգորի հոր` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԻ հետ, ով մեծ արվեստագետի հետ կիսվել է իր ընտանիքի պատմությամբ: Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ Զաքիյանների ընտանիքը գումար էր հանգանակում, որպեսզի կարողանար Ֆրանսիայում իրականացնել փոքրիկի աչքի վիրահատությունը: Երեքուկես տարեկան Իգորին բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար Զաքյանները պետք է Ֆրանսիայում լինեն արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Զաքիյանների ընտանիքը խոչընդոտի առաջ է կանգնել: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է ծնողներից միայն մեկին: Մինչդեռ փոքրիկը առանց մոր չի մնում, իսկ միայն մայրը ի վիճակի չէ փոքրիկին տանել: Արդյունքում ծնողների երաշխքիներն ու խոստումները, որ իրենց Ֆրանսիայում հետաքրքիր է միայն փոքրիկի վիրահատությունը եւ նրանք վիրահատությունից հետո վերադառնալու են Հայաստան, Ֆրանսիայի դեսպանատան համար բավարար չէ:
Այսպիսով` ականջալուր լինելով այս պատմությանը Դ. ՌՈԲԵՍՍՈՆԸ ցնցված է: Վերջինս «Իրավունքի» հետ զրույցում` մասնավորապես նշեց. «Իմ օգնականը խոսել է երեխայի հայրիկի հետ: Երեքշաբթի ես կգնամ Ֆրանսիայի հյուպատոսի հետ զրուցելու…Այս պատմությունը մեր հայ եղբայրների հանդեպ ատելություն է սերմանում: Իսկապես այս ընտանիքի
պատմությունն իմ վրա շատ է ազդել»: Ավելին` փոքրիկ Իգորին ու իր ընտանիքին անակնկալ մատուցելով` ֆրանսիացի մեծ հումանիստն ու արդեն իսկ հայերիս բարեկամը մի նկար է պատրաստել, որտեղ փոքրիկ Իգորին առողջ աչք է վերադարձնում ոսկե ձկնիկը:
Ռոբեսսոնի ձեռքով նկարված որդու պատկերը տեսնելով` իր ֆեյսբուքյան էջում Իգորի հայրը` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ գրել է. «Անչափ հուզված եմ ֆրանսիացի ականավոր գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դավիդ Ռոբեսսոնի այս գործից՝ նվիրված իմ փոքրիկին: Նա տեղեկացել էր մեր խնդրի մասին «Նոյյան Տապանում»: Իմ մամուլի ասուլիսից հետո նրանը պետք է լիներ: Շնորհակալ եմ Դավիդ, Ձեր նկարը իմ մեջ փոխեց պատկերացումը իսկական
ֆրանսիայի եւ իսկական ֆրանսիացիների մասին...»:
Ի դեպ, տաղանդավոր լուսանկարիչ եւ գեղանկարիչ Դ. Ռոբեսսոնի գեղանկարը, որտեղ պատկերված է փոքրիկ Իգորը, իսկական նվեր էր Զաքիյանների համար, քանի որ հենց այսօր Իգորի մոր` Ալիսայի ծննդյան տարեդարձն է: Շնորհավորելով Ալիսայի տարեդարձը` նշենք, որ Զաքիյան ամուսինների համար այս պահին միմիայն իրենց որդու վիրահատության հարցն է հուզում: Այնպես որ, հուսանք, որ հայտնի գեղանկարչի պատկերած ոսկե ձկնիկը կհայտնվի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ու թույլ չի տա, որ փոքրիկի ճակատագիրը խեղվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

