ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԱՄՈՒՏ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ «ՈՏՔԸ»` ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Արխիվ 12-16ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԱՄՈՒՏ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ «ՈՏՔԸ»`
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 11-15-ն անցկացնում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երրորդ ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցում են ավանդական երգի-պարի եւ նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից եւ Լեհաստանից:
2011 թվականին մշակույթի նախարարության աջակցությամբ «Տոնացույց» «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը, որն ունի նաեւ ֆոլկլորային համույթ, մասնակցեց «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային ֆոլկլորային փառատոնին: Դրանից հետո որոշվեց` այսուհետ որպես փառատոնի ենթաճյուղ, Հայաստանը եւս միանա ֆոլկորային փառատոնին եւ հայաստանում եւս ֆոլկլորային փառատոներ իրականցվեն:
Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ աշխարհում ֆոլկլորային փառատոները շատ տարածված են. «Մեր մասնակցությունն էլ այդ փառատոնին իսկապես գեղեցիկ էր ստացվել եւ մեր յուրահատուկ մշակույթին ծանոթանալու համար փառատոնի
կազմկոմիտեն ցանկություն էր հայտնել գալ Հայաստան: Գալով որոշվեց`փառատոնն այս տարի կրելու է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» խորագիրը»,- ասաց Ե. Մարգարյանն ու հավելեց, որ եթե նախորդ տարիներին հիմնականում տարբեր երկրներից էին մասնակցում փառատոնին, այս տարի դրսից միայն Լեհաստանից են 2 խումբ մասնակցում: Դա էլ ունի իր բացատրությունը. «Փոխարենը հայաստանյան գրեթե բոլոր համայնքներին է հատկապես մեծ ուշադրություն դարձվում`Արագածոտնի մարզի համայնքների ինքնագործ խմբերն ու երգի, պարի համույթները կմիանան փառատոնին: Ֆոլկլորը լայն հասկացողություն է, ուստի մեծապես ջանքեր ենք գործադրում այս յուրահատուկ մշակույթի տեսակի պահպանության ուղղությամբ»,- ասում է Ե. Մարգարյանն ու պարզաբանում. «Այսօրվա ուրբանիզացիոն գործընթացները մեծապես նպաստում են, որ օտարամուտ շատ երեւույթներ մուտք գործեն մեր հասարակություն: Եվ, շատ արագ է այդ փոխակերպումները տեղի ունենում, մեր ավանդական մշակույթը շատ արագ է դուրս գալիս այս գործակցությունից: Մենք էլ ջանք ենք գործադրում, որպեսզի կարողանանք պահպանել այս մշակույթը»:
Ըստ մեր զրուցակցի, տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ֆոլկլորը պահպանելու ուղղությամբ: Դրա համար ստեղծվել են հանրապետական ֆոլկլորային մի քանի փառատոներ. «Ֆոլկլորի լավագույն օրինակը եւ գլուխգործոց կարելի է համարել մեր ժողովրդական էպոսը` «Սասունցի Դավիթը», որին նվիրված այս տարի 2 տարբեր ձեւաչափերով փառատոներ ենք կազմակերպելու: Մեկը` «Էպոսի օր» հանրապետական, ավանդական էպոսի պահպանությանը նվիրված փառատոնն է, որն արդեն 5-րդ տարին ենք կազմակերպելու: Էպոսի բոլոր երգվող եւ կարդացվող հատվածների պահպանության, էպոսի մեջ արտացոլված արժեհամակարգերի եւ ժողովրդական մշակույթի փառաբանման օր է լինելու: Էպոսը նաեւ կներկայացվի ժամանակակից արվեստի զարգացման մեջ, որպեսզի էպոսի դերակատարությունը մեծացնենք, ընդհանրապես մատաղ սերունդը կարողանա ներգրավված լինել ժամանակակից արվեստի զարգացման գործընթացներում: Բայց, դրա հետ մեկտեղ պահպանած կլինի ազգային արժեհամակարգը, այսինքն` ինչ-որ ստեղծում է երեխան, ստեղծի ազգային արժեհամարակարգի հիմքի վրա: Այս տարի այն կիրականցնենք առաջին անգամ `«Կաթնաղբյուր» խորագրով, կլինի էպոսի ստեղծագործական մանկապատանեկան եռօրյա ճամբար-հավաք Գյումրիում: Կլինեն ժամանակակից արվեստի տարբեր բնագավառների անվանակարգեր, մրցույթներ, նույնիսկ ժամանակից երաժշտություն, ռեփ, բայց էպոսի թեմայով: Երեխաները կգրեն շարադրություն, էսսե, արձակ, պոեզիա: Մարզային փուլերոմ հաղթող երեխաները կգան Գյումրի եւ 3 օրվա ընթացքում կմասնակցեն վարպետության դասերի` էպոսի թեմայով: Անվանի ստեղծագործողները երեխաներին հետ վարպետության դասերի միջոցով կփորձեն տեղում ինչ-որ բան ստեղծել եւ Գյումրիում թողնել ժամանակակից մի ստեղծագործություն` էպոսյան թեմայով: Ինչը հնարավորություն կտա, որ մարզերի միջեւ միջմշակութային կապերը զարգանան եւ երեխաներն էլ կարողանան հաղորդակից լինեն իրենց հասակակիցների արվեստին»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

