ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ. ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ
Արխիվ 12-16ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՒԷ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ. ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ
Քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցը տուն-թանգարան դարձնելու հարցը դեռ չի լուծվել: «Իրավունքը» ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից պարզեց՝ արվեստանոցը տուն-թանգարան դարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում նախարարությունը: «Ժառանգները պետք է միտված լինեն այդ գործընթացը սկսելու: Ես չեմ ուզում հիմա ասել, թե ինչ քայլեր կարող են անել, բայց, օրինակ, կարող է ստեղծվել հիմնադրամ, որը կունենա մշակութային արժեքների ֆոնդ»,- ասաց տիկին Սամուելյանը:
Նրա տեղեկացմամբ մինչ այժմ Արա Շիրազի ժառանգների կողմից որեւէ դիմում արվեստանոցը թանգարան դարձնելու համար մշակույթի նախարարությունը չի ստացել:
Քանդակագործի եղբայր, նկարիչ Վանանդ Շիրազը մեզ հետ զրույցում հստակեցրեց. արվեստանոցը ցանկանում են դարձնել Արա Շիրազի գործերի ցուցասրահ: «Բայց քանի որ մահվան վեց ամիսը դեռ չի լրացել, որեւէ գործընթաց չի կարող լինել: Բացի այդ ՝ ժառանգության հարց կա»,- մանրամասնեց Վ. Շիրազը՝հավելելով, որ ժառանգներն ու պետությունը պետք է բանակցեն, տեսնեն՝ ինչ համաձայնության են գալիս:
Արա Շիրազի դուստրերը նկարչի խոսքով հակված են, որ Իսրայելյան 37 հասցեում գտնվող արվեստանոցը ցուցասրահ լինի:
Սոնա Դավթյան

