«ԿԻՆՈԷՔՍՊՐԵՍԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՏՐՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻՑ
Արխիվ 12-16«ԿԻՆՈԷՔՍՊՐԵՍԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՏՐՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻՑ
Օրերս Գյումրիում մեկնարկեց «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է մշակութային կամուրջ` ցուցադրվում հայկական եւ վրացական արտադրությունների ֆիլմեր: ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ փոխանցմամբ «փառատոն անիվների վրա» ծրագրի գաղափարը դեռեւս վաղուց է խմորվել հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում. «Մենք քաջալերում էինք եւ երկուստեք հայտնել էինք համաձայնություն, որ կինոասպարեզում պետք է միասին համագործակցենք: Ծրագիրը կարեւորում ենք եւ սա ոչ միայն հայ-վրացական համագործակցության եւս մեկ օրինակ է, որը վերջին տարիներին զարգացում է ապրում, այլ այն տրամաբանությունն է դրված, որ հայ-վրացական այդ կինոէքսպրեսը շարժվում է հիմնականում Հայաստանի մարզերով եւ Վրաստանի հայաբնակ շրջաններով: Մեկնարկը միտումնավոր տրվեց Գյումրիից` հաշվի առնելով քաղաքի մշակութային նշանակությունը եւ անցյալ տարի ԱՊՀ մայրաքաղաք լինելը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Պողոսյանը:
Նախագիծը կամփոփովի այս տարվա դեկտեմբերին` Թբիլիսիում: Սակայն, մինչ այդ, տասը օր տեւող կինոէքսպրեսը Գյումրիից կհասնի Ամասիա, Նինոծմինդա, Ախալքալակ, Ախալցխա, Բորժոմի... «Նախնական պայմանավորվածություն կար, որ
նախագիծը մինչեւ Բաթում հասներ, բայց որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով հաստատված է, որ մինչեւ Բորժոմի կհասնենք: Այդ ընթացքում ցուցադրվում են հայկական եւ վրացական ժամանակակից կինոպրոդյուսերների, ռեժիսորների լավագույն ֆիլմերը: Դրանք ուղղորդվում նաեւ գլխավոր ռեժիսորների կամ դերակատարների բացատրություններով: Սա ոչ միայն հետահայաց ցուցադրություն է կամ ուղղակի ֆիլմերի ցուցադրություն, այլ հիմնականում տվյալ ֆիլմի հետ գործ ունեցող մասնագետները պատմում են, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը, ինչ նպատակ է ունեցել: Փառատոնը բացվեց վրացական գեղեցիկ «Մանդարիններ» ֆիլմով: Առաջին հայացքից էկզոտիկ անվանում, բայց ֆիլմը վրաց-աբխազական պատերազմի մասին էր: Լավ մտացածին եւ հոյակապ ձեւով ստեղծված, համամարդկային արժեքներ քարոզող ֆիլմ էր: Ինքս մեծ բավականություն ստացա: Անկեղծորեն, համարում եմ, որ վրացական ֆիլմերը շատ բարձր մակարդակի ու մրցունակ են` առավելեւս, այդ ֆիլմը: Հեղինակները քարոզում էի ոչ պատերազմին գաղափարախոսությունը, իրենց հետաքրքիր, գեղարվեստական ձեւով «մեսիջներն» էին հաղորդում: Կար նաեւ քաղաքական մոտեցում, բայց լավ որակի: Ներկա էր ֆիլմի գլխավոր դերակատարը, որը պատմեց, թե ինչպես են նկարահանել ֆիլմը, այն ինչ կապ ունի հայերի հետ, որովհետեւ Աբխազիայի հետ պատերազմի տարներին նաեւ հայկական գյուղեր են ամբողջությամբ արտագաղթել»:
Ա. Պողոսյանը նաեւ շեշտեց, որ ողջունելով գաղափարը պատրաստվում են ծրագիրը շարունակել նաեւ հաջորդ տարի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

