ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼԻՆԻ ՖՈՏՈԱՇԽԱՐՀԻ ՖՈԿՈՒՍ- ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼԻՆԻ ՖՈՏՈԱՇԽԱՐՀԻ ՖՈԿՈՒՍ- ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հոկտեմբերի 2-7-ը հայ լուսանկարչական կյանքում սպասվում է աննախադեպ իրադարձություն. Հայաստան կժամանեն Արևելյան գործընկերության երկրների լավագույն լուսանկարիչներ՝ իրենց աշխատանքներով անմահացնելով մեր մշակույթը, բնությունն ու ավանդույթները: Այս մեծ իրադարձությանն ընդառաջ AS. Studio-ն` ի դեմս հիմնադիր, գեղարվեստական լուսանկարիչ Ավետիս Սարգսյանի շուտով հայտարարելու է երիտասարդների քաստինգ, որի արդյունքում նախընտրական փուլը հաղթահարածները հնարավորություն կունենան մասնակցելու արտասահմանից ժամանած լուսանկարիչների անհատական ֆոտոշարքերում:
«Այս քաստինգի նպատակը նախ և առաջ մեծ ակիվություն ապահովելն ու նախագծում հնարավորինս շատ մարդկանց ներգրավվածություն տեսնելն է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ հավելեց. «Հոկտեմբերյան այդ թեժ ֆոտոպլենեռն իսկապես նախադեպը չունի մեզ մոտ: Արդյունքում՝ մի հսկայածավալ աշխատանք է կատարվում, որը մեծ կարևորություն ունի ինչպես մեր
լուսանկարչական արվեստի զարգացման, այնպես էլ մշակութային արժեքների տարածման ու ճանաչման գործում»:
Ավետիսի խոսքերով՝ հայտարարվող քաստինգը մեծ ծավալներ է ունենալու: Ստեղծվելու է մասնագիտական խումբ, որն էլ հենց ընտրելու է երիտասարդներին: Նրանք մեկ շաբաթ շարունակ մասնակցելու են նկարահանումներին, հնարավորություն են ունենալու իրենց պորտֆոլիոն ցուցադրել միջազգային փորձագետներին ու ներկայանալ միանգամայն այլ՝ նոր մակարդակով:
Ի դեպ՝ հոկտեմբերի 2-7-ը Հայաստանում անցկացվող ֆոտոպլենեռն իրականացվում է Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս: Ավետիս Սարգսյանը, ընդգրկվելով Հայաստանի հինգ լավագույն լուսանկարիչների շարքում, մեր երկիրը ներկայացրել է Մոլդովայում, ինչպես նաև լուսանկարել մոլդովական հնագույն մշակույթն ու բնաշխարհը, մարդկանց ու սովորույթները: Նրա աշխատանքները մեծ հավանության են արժանացել բազմաթիվ լուսանկարիչների կողմից և շուտով լույս են տեսնելու մեկ ընդհանուր հրատարակչությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

