ՍՐՏԽՓՈՑ, ՕԴԻ ՊԱԿԱՍԻ ԶԳԱՑՈՒՄ, ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՍՐՏԽՓՈՑ, ՕԴԻ ՊԱԿԱՍԻ ԶԳԱՑՈՒՄ, ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ունեմ ցավ սրտի շրջանում, ինչպես նաեւ սրտխփոց, օդի պակասի զգացում, քրտնարտադրություն, ներքին դող, հեւոց: Ախտորոշել են ՆՑԴ: Ի՞նչ է այն, արյդոք վտանգավո՞ր է: Ինչպե՞ս կարելի ձերբազատվել այդ հիվանդությունից:
Հարցին պատասխանել է թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.
- Նեյրոցիրկուլյատոր դիստոնիան (ՆՑԴ) սիրտ-անոթային, շնչառական եւ վեգետատիվ բազմապիսի խանգարումներով, ասթենիզացիայով, սթրեսային իրավիճակների (ֆիզիկական թե նյարդահոգեկան)` վատ դիմադրողականությամբ արտահայտվող քրոնիկական հիվանդություն է: Հիվանդությունն ընթանում է ալիքաձեւ` սրացման եւ մեղմացման շրջաններով: Կյանքի համար սպառնալիք չստեղծելով հանդերձ` ՆՑԴ-ն, որպես կանոն, զգալի չափով սահմանափակում է հիվանդի աշխատունակությունը: Նյարդաբանության մեջ այս հիվանդությունը նաեւ անվանում են վեգետա-անոթային դիստոնիա:
ՆՑԴ-ն տարածված հիվանդություն է, հանդիպում է տարբեր տարիքային խմբերում` մասնավորապես երիտասարդ կանանց մոտ: Պատճառական գործոնների սահմանազատումը բավական դժվար է:
Նախատրամադրող գործոնների մեջ առավել նշանակություն ունեն օրգանիզմի ժառանգական կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, օրգանիզմի հորմոնալ վերակառուցման շրջանները (հղիություն, վիժում, կլիմակտերիկ շրջան):
ՆՑԴ-ի դասակարգման մեջ առանձնացվում է հիմնական կլինիկական ախտանիշը` կարդիալգիկ, հիպերտոնիկ, շնչառական խանգարումներ, վեգետատիվ-անոթային կրիզներ, ասթենիկ, ասթենո-վեգետատիվ, տախիկարդիալ կամ առիթմիկ: Առաջացնող գործոնները լինում են հոգեծին (սուր եւ քրոնիկական նյարդա-հուզական սթրեսներ), ֆիզիկական եւ քիմիական ազդեցություն (գերհոգնածություն, ջերմաստիճանի բարձրացում, վիբրացիա), քրոնիկական թունավորումներ (ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահում, վերին շնչուղիների ինֆեկցիաներ), ներքին եւ արտաքին ազդակների փոխներգործությունը առաջացնում է սիրտ-անոթային համակարգի բարդ նյարդա-հորմոնալ-նյութափոխանակային կարգավորման խանգարում, ընդ որում, հավանաբար, առաջատար օղակը հիպոթալամիկ հատվածի ախտահարումն է:
Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են` թեթեւ, միջին ծանրության եւ ծանր: Հիվանդները ներկայացնում են բազմաբնույթ գանգատներ, որոնք շատ նման են սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների դեպքում հանդիպող գանգատներին եւ դրանով իսկ զգալի չափով դժվարացնում են ՆՑԴ-ի ախտորոշումը:
ՆՑԴ-ով տառապող հիվանդների ամենատարածված գանգատը սրտի շրջանում հանդիպող ցավն է, որն ունի բութ, ծակող կամ այրող բնույթ: Ցավի տեւողությունը տարբեր է` մի քանի վայրկյանից մինչեւ ժամեր, օրեր: Ցավը կարող է տեղակայվել նաեւ հետկրծոսկրային շրջանում: Առավել հաճախ ցավերը կարող են կապված լինել գերհոգնածության, հուզմունքի, եղանակի փոփոխության, ալկոհոլի ընդունման հետ: ՆՑԴ-ի դեպքում ցավը սրտի շրջանում ուղեկցվում է տագնապով, վախով, անհանգստությամբ եւ թուլությամբ: Նոպայաձեւ եւ ուժեղ ցավն ուղեկցվում է վեգետատիվ բնույթի խանգարումներով` սրտխփոց, օդի պակասի զգացում, քրտնարտադրություն, ներքին դող, հեւոց: Հիվանդների գերակշռող մասը ցավի հանգստացման համար կիրառում է հանգստացնող միջոցներ` վալոկարդին, վալիդոլ եւ այլն: Մի շարք հիվանդների մոտ նկատվում է ասթենիկ համախտանիշ, որն արտահայտվում է ֆիզիկական թուլության զգացումով, մշտական հոգնածությամբ, տրամադրության ընկճմամբ:
Ի դեպ, ծայրամասային անոթային խանգարումները արտահայտվում են «մժեղների պարով» աչքերի առջեւ, գլխացավով, ծայրանդամների սառեցումով եւ զարկերակային ճնշման տատանումներով: Նման իրավիճակները սովորաբար առաջնում են գիշերային ժամերին, տեւում են մի քանի րոպեից մինչեւ 2-3 ժամ եւ հաճախ ավարտվում են առատ միզարտադրությամբ:
Հիվանդությունն ախտորոշվում է.
1) այն ախտանիշների բացահայտմամբ, որոնք հատուկ են հիվանդությանը
2) նման ախտանիշներ ունեցող հիվանդությունների բացառմամբ:
Բուժման մեջ պետք է ներառել.
1) ներգործության պատճառական եւ ախտածագման գործոններ
2) ընդհանուր կազդուրիչ բուժում
3) ախտանշային բնույթի բուժում:
Մեծ նշանակություն ունի քրոնիկական վարակային օջախների բուժումը եւ ռացիոնալ հոգեբուժումը: Պետք է նշեմ, որ դեղորայքային բուժումը կարող է լինել բազմաբնույթ, այս իսկ պատճառով պետք է նշանակվի միայն բժշկի կողմից: Կարդիալգիկ համախտանիշի դեպքում բուժական բարձր արդյունք է տալիս ասեղնաբուժումը: Ցուցված է նաեւ սանատոր-կուրորտային բուժումը: Այս հիվանդությունը համապատասխան բուժումից հետո ունի բարեհաջող ելք:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

