« «ԲԱՐԴԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ԲԱՐԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Արխիվ 12-16« «ԲԱՐԴԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ԲԱՐԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Օրերս «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ներկայացրեց « «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» համերգային ծրագիրը հեղինակային երգի կատարողներ` Էդուարդ Զորիկյանի, Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Գագիկ և Սարգիս Շիբոյանների, Կարեն Մամիկոնյանի, Արմեն Ադամյանի, Ռուբեն Քամալյանի, Վարդան Գալստյանի, Քրիստ Մանարյանի, Վահե Քոչարի, Վահան Արծրունու մասնակցությամբ:
«Ասում են`այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մարդիկ իրար չեն սիրում, չգիտեմ, միգուցե կա նման բան, բայց այսօրվա երեկոն պնդում է, որ դա այդքան էլ այդպես չէ»,- ասում է ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆՆ ու կիթառը փոխանցում ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ. «Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար: Անչափ սիրում եմ սիրո այս ջերմ պոռթկումը, որ ամենքիս մի փոքրիկ քայլով տանում է օգնության: Թող Աստված բոլոր բալիկներին առողջություն պարգևի: Ես այսօր այստեղ երգչուհի չեմ, ես որևէ մեկը չեմ, որ կարող է կերպար ստեղծել, ես այսօր ընդամենը մամա եմ»:
Ապա Էդուարդ Զորիկյանի «Հուսո առագաստով» ամփոփվեց բարեգործական նավարկությունը, որից ստացված 854000 ՀՀ դրամն ամբողջությամբ փոխանցվեց 10-ամյա ՂՇՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ բուժմանը:
Երեխայի մոտ 2012 թվականի սեպտեմբերին ախտորոշվել է հիպոֆիզի ցողունի կիստոզ կրանիոֆարինգիոմա: Երեխան արդեն 3 բարդ վիրահատություն է անցել, վերջինը` 2014թ.-ի մայիսի 14-ին Լիտվայի Կաունասի նեյրոխիրուրգիական կլինիկայում: Սերյոժային այլևս չի թույլատրվում վիրահատվել: Այժմ` լիարժեք բուժման համար փոքրիկին անհրաժեշտ է պրոտոնային ճառագայթում, որը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Ճառագայթումն արժեքն է 39000 եվրո, որից 23000 եվրոն արդեն հավաքվել է:
Երեխային օգնելու համար կարող եք փոխանցումներ կատարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացված դրամային հաշվեհամարին՝ 220291788317000, ստացող՝ Հերմինե Մնեյան:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՍԵՐՅՈԺԱ՛…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

