ԴԱՀԿ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ
Արխիվ 12-16ԴԱՀԿ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ
Ինչպես հայտնի է, օրերս խորհրդարանում ընդունվեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որի նպատակն է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերի կարգավորումը:Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացուն հասցեագրված տեղեկանք-դիմումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Բացի դրանից, նախագծով կարգավորված են նաեւ այն դեպքերը, երբ որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված որոշումը: Նշված դեպքերում որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս նախագծի առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ ասաց.
- Իհարկե, իմ գործընկերները ցանկանում էին համակարգային, ամբողջական քննարկման եւ հարցի լուծման վերաբերյալ հարցեր, ինչին ընդառաջ` ես ԱԺ-ի ամբիոնից հայտարարեցի, որ այդ համակարգային հարցերը քննարկելու համար հրավիրեցի մեր հանձնաժողով, որպեսզի թե° աշխատանքային, թե° ինչ-որ խումբ ստեղծելու համար մենք կարողանանք ամբողջական նախագիծ ներկայացնել ԱԺ-ի դատին: Այս նախագծով այն խնդիրը, որը կար ծանուցումների հետ կապված, կարծում եմ, կարող ենք այս փուլում լուծել: Բայց մյուս բոլոր ավելի խորքային հարցերը եւ խնդիրները, որոնք ի հայտ են եկել վարչարարության հիմունքների եւ վարչարարության մասին վերջին օրենքի ընդունման պարագայում, հետագա լուծման առարկա են:
ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւս գտնում է, որ այս օրենքով մի քայլ առաջ ընկանք, բայց.
- Չնայած ամբողջական համակարգային լուծում չի տալիս, բայց մի քայլ առաջ է: Շատ ավելի լավ կլիներ, որ խնդրին, որը ի դեպ շատ էական է, համալիր լուծում տային: Բայց, այնուամենայնիվ, պետք է տեսնել եւ գնահատել, որ դա մի քայլ առաջ է, ինչ-որ ձեւով կփորձենք պաշտպանություն ապահովել մեր հայրենակիցներին, կտեսնենք ապագայում ոնց կզարգանա:
ԲՀԿ-ական պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ կարծում է, որ պետք է հասնել նրան, որ ԴԱՀԿ-ն չփորձի որեւէ ոտնձգություն իրականացնել քաղաքացիների վրա.
- Ընդհանրապես, վարչական իրավախախտումներին վերաբերող բոլոր օրինագծերի քննարկման ժամանակ ես մի տեսակետ եմ հայտնել, որ դրանք ընդամենը ֆրագմենտներ են խճանկարում: Հատվածային ինչ-որ լուծումներ արվում է, բայց մեծ հաշվով կա գլոբալ, առաջնային խնդիր, որը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` առանց դատարանի վճռի, գործողություններ կատարելն է: Եվ այս քառօրյաի ընթացքում այդ թեմայի շուրջ խոսելիս, ես կարմիր թելի պես տարել եմ այդ միտքը: Այն է` անհրաժեշտ է սահմանադրական նորմը պահպանել, արգելել ե°ւ ԴԱՀԿ-ին, ե°ւ առհասարակ որեւէ մարմնի` քաղաքացու սեփականության նկատմամբ որեւէ ոտնձգություն իրականացնելը, բացի Սահմանադրությամբ թույլատրելի ձեւով` դատարանի վճռով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

