ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սկիզբը` թիվ 86, 88, 90, 93-ումՇարունակում ենք Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000թ. կայացրած դատավճռից հատվածների հրապարակումը, որով կներկայացնենք Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի` Վանո Սիրադեղյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարության պատվերով կատարած բազմաթիվ հանցագործությունները` առանձին դրվագներով:
ՄԱՍ 5-ՐԴ
Հովհաննես Սուքիասյանի սպանության առաջադրանքը կատարելուց հետո ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան` ամբողջ կազմով, ընդգրկել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության համակարգում եւ բանդան քողարկելու նպատակով Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ ստեղծել ՙհետախուզական խումբ՚ անվանումով ապօրինի կառույց, որն անմիջականորեն ենթարկվել է անձամբ նրան:
Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ բանդայի անդամներին տրվել են ծառայողական վկայականներ, որոնցով նրանց հնարավորություն է ընձեռվել անարգել պահել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, անկաշկանդ իրականացնել հանցագործությունների նախապատրաստմանն ու իրագործմանն ուղղված միջոցառումները:
Բացի այդ, Վանո Սիրադեղյանի ցուցումով Ներքին զորքերի վարչությունում Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի անդամների անվամբ լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներով անձնական գործեր, որոնց համաձայն բանդայի անդամները ձեւակերպված են եղել Ներքին զորքերի վարչության համակարգի տարբեր հաստիքներով, ինչի շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել բանդիտական խմբի գոյության փաստը թաքցնելու, դրա համախմբվածությունն ու կայունությունը քողարկելու եւ բանդայի հանցավոր գործունեության գաղտնիությունն ու հետագա գոյատեւումն ապահովելու համար: Այսպես` բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը ՆԶՎ-ում ձեւակերպված է եղել որպես Հատուկ կարեւորության օբյեկտների պահպանության գնդի (զինմաս թիվ 1031) տեխնիկատնտեսական ապահովման վաշտի հրամանատար, Իսրայել Սարգսյանը` նույն գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, Կամո Նարիբեկյանը` նույն գնդի բնակարանա-շահագործման ծառայության պարեկ, Արշակ Շուխյանն ու Սուրեն Հարությունյանը` ավտոմոբիլային դասակի հրահանգիչներ, Ալիկ Գրիգորյանը` տնտեսատեխնիկական մատակարարման վաշտի տնտեսական դասակի ճաշարանի վարիչ, Մարզպետ Գրիգորյանը` որպես 3-րդ գումարտակի բուժակ, Արթուր Ալոյանը` սկզբից որպես 1-ին գումարտակի տեխնիկ, իսկ այնուհետեւ` որպես նույն գումարտակի բուժակ եւ այլն:
ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ցուցումով` ծառայական օգտագործման պատրվակով, իսկ իրականում` բանդան զինելու նպատակով, Արմեն Տեր-Սահակյանին 1992թ. հոկտեմբերի 1-ին, այսինքն` Հովհաննես Սուքիասյանի սպանության առաջադրանքը կատարելուց 12 օր անց, ՆԳ նախարարությունից թիվ 1 բեռնագրով տրամադրվել է հաշվեցուցակային հրազեն հանդիսացող 5 հատ ՙԱկՄՆ՚ տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ:
Բացի այդ, Հովհաննես Սուքիասյանի սպանությունն իրագործելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը Վանո Սիրադեղյանից նվեր է ստացել ՙԱկՍՈՒ՚ տեսակի ինքնաձիգ հրազեն, ինչպես նաեւ արտասահմանյան արտադրության ՙSmith & Wession՚ տեսակի 38 տրամաչափի ռեւոլվեր ատրճանակ, որոնք ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվության պահել է իր մոտ, ինչպես նաեւ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող իր բնակարանում եւ բանդայի անդամներին հայտնել, որ այդ երկու հրազենն իրեն նվիրել է անձամբ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: 1992թ. նոյեմբերի կեսերին նա ՙSmith & Wession՚ տեսակի հիշյալ ատրճանակով զինված` եկել է բանդայի անդամ Աղասի Ավետիսյանին պատկանող, Օրբելու փողոցում գտնվող մթերային խանութը եւ այնտեղ եղած ժամանակ, առանց որեւէ էական պատճառի, Աղասի Ավետիսյանի եւ նրա հարեւան Ռուբիկ Ենգիբարյանի ներկայությամբ ատրճանակից կրակոց է արձակել խանութի առաստաղին:
Այնուհետեւ Արմեն Տեր-Սահակյանը վերոհիշյալ ՙԱկՍՈՒ՚ տեսակի ինքնաձիգն ու ՙSmith & Wession՚ տեսակի ատրճանակը ապօրինի կերպով վաճառել է քննությամբ չպարզված անձանց եւ գոյացած գումարի հաշվին գնել ՙԴայմլեր-Բենց՚ մակնիշի 1979թ. թողարկման Ր 46-22 ԱՐ պետհամարանիշի կապույտ ավտոմեքենան, որը 19.07.93թ. գրանցել է իր անվամբ եւ հետագայում վարել ու օգտագործել է իր կարիքների համար:
Հետագայում` 1993թ. հոկտեմբերի 1-ին, այսինքն` Համբարձում Ղանդիլյանի սպանության առաջադրանքը կատարելուց հետո, Վանո Սիրադեղյանի ցուցումով Արմեն Տեր-Սահակյանին ՆԳ նախարարությունից թիվ 613 բեռնագրով տրամադրվել են ՙԱկՍ-47՚ տեսակի 7,62 մմ տրամաչափի եւս 2 ինքնաձիգ, 8 հատ պահունակ եւ 7,62 մմ տրամաչափի 240 հատ փամփուշտ, ինչպես նաեւ ՙՏՏ՚ տեսակի 1 ատրճանակ ու դրանից կրակ արձակելու համար նախատեսված 8 փամփուշտ եւ 7 հատ ՙՄակարով՚ տեսակի ատրճանակ ու դրանցից կրակ արձակելու համար նախատեսված 56 հատ փամփուշտ: Դրանից բացի, բանդայի տրամադրության տակ են թողնվել նաեւ 1992թ. ՄՀՆԶ-ից ստացած ՙՄակարով՚ տեսակի 5 ատրճանակը: Նշված հրազենով ու ռազմամթերքով Արմեն Տեր-Սահակյանը զինել է բանդան ու դրանք իր եւ բանդայի անդամների մոտ, իրենց բնակարաններում ու թաքստոցներում պահելով` անհրաժեշտ նախապայմաններ ստեղծել հիշյալ հրազենն ու ռազմամթերքը եւս բանդայի հանցավոր նպատակներով օգտագործելու համար:
Բացի այդ, 1993թ. վերջերին Վանո Սիրադեղյանն Արմեն Տեր-Սահակյանին, առանց որեւէ ձեւակերպման, տրամադրել է սեւ գույնի ՙՎԱԶ-2106՚ մակնիշի առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որը 1994-98թթ. ընթացքում մշտապես գտնվել է բանդայի տրամադրության տակ եւ բանդայի անդամների կողմից օգտագործվել որպես ավազակային հարձակումներ ու այլ հանցագործություններ կատարելու տրանսպորտային միջոց, ընդ որում` Արմեն Տեր-Սահակյանը բանդայի անդամներին նախապես հայտնել է, որ այդ ավտոմեքենան եւս իրեն նվիրել է ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը:
Բանդայի անդամները, օգտվելով Ներքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցներ լինելու հանգամանքից, ունենալով ծառայողական վկայականներ` անկաշկանդ պահել եւ կրել են հրազեն ու ռազմամթերք եւ դրանց գործադրմամբ անխոչընդոտ զբաղվել հանցավոր գործունեությամբ: Քաջատեղյակ լինելով, որ բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը առանձնակի մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ եւ հիմնավոր կերպով համոզված լինելով Արմեն Տեր-Սահակյանի եւ անձամբ Վանո Սիրադեղյանի հովանավորության մեջ` բանդայի անդամները գործել են առանձնակի հանդգնությամբ եւ անպատժելիության համոզմամբ:
Այսպես, Հովհաննես Սուքիասյանի սպանությունն իրագործելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը որպես սպանության գործիք օգտագործած ՙԱկ-74՚ տեսակի ինքնաձիգը տվել է բանդայի անդամ Աղասի Ավետիսյանին` հանձնարարելով ոչնչացնել այն: Սակայն Աղասի Ավետիսյանը ինքնաձիգը ոչնչացնելու փոխարեն պարզապես կտրել է դրա փողը եւ ինքնաձիգը շարունակել է ապօրինի կերպով պահել իր մոտ: 1993թ. մարտի 6-ին Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցները կտրված փողով ինքնաձիգը հայտնաբերելով Աղասի Ավետիսյանի ավտոմեքենայի սրահում` նրան եւ բանդայի մյուս անդամ Ավագ Դավթյանին` ինքնաձիգով հանդերձ, բերման են ենթարկել ՆԳ բաժին: Այդ մասին տեղեկանալուն պես Արմեն Տեր-Սահակյանը բանդայի անդամ Սուրեն Հարությունյանի ուղեկցությամբ գնացել է Խորհրդային շրջանի ՆԳ բաժին եւ հովանավորության տակ առնելով բանդայի անդամներին, նրանց ներկայացնելով իբրեւ ՆԶՎ համակարգում իր ենթակայությամբ գործող խմբի աշխատակիցներ, իսկ առգրավված ինքնաձիգը` որպես խմբին ամրակցված հաշվեցուցակային զենք` հասել է նրան, որ Աղասի Ավետիսյանն ու Ավագ Դավթյանը նույն օրը ազատ են արձակվել, իսկ ինքնաձիգը վերադարձվել է իրեն:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

