Թեժ քաղաքական աշունը շրջանցեց բոլորին, բայց ծանրացավ ՀՀ բնապահպանության նախարարի գլխին: Մինչ մամուլը անընդհատ գրում է, թե որքան բռի է մեր բնապահպանության նախարարը վարվում նախարարության աշխատակիցների հետ, վերջինս, կարծես թե, սովորություն դարձրած` նույն կերպ փորձում է վարվել լրագրողների հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՀ բնապահպանության նախարարությանը մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ինչպես հայտնի է, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը երկու օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը:
Սակայն փոխնախարարն այդպես էլ չկարողացավ նշել, թե հատկապես, որ կազմակերպություններն էին դրանք: Այնուամենայնիվ, հաջորդ օրը, Ս. Պապյանը տարածեց իր ստորագրությամբ մի ցանկ, որտեղ նշված էին 12 ՀԿ-ների անուններ: Ըստ Ն. Զոհրաբյանի, նա ՙհատ առ հատ՚ հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չեն քննարկել: Իր հերթին փոխնախարարը պնդեց, որ օգոստոսի 29-ին վերոհիշյալ 12 կազմակերպությունների հետ հանդիպել է իր առանձնասենյակում եւ քննարկել հարցը: Ի վերջո, թե ով է սուտ խոսում, փորձեցինք պարզել ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով դեռ հարցը չլսած` ՙփրփրեց՚. ՙԵս ընդհանրապես ցանկություն չունեմ խոսելու, որովհետեւ դուք մեր յուրաքանչյուր խոսքը խեղաթյուրում եք, դրա համար բացարձակ ցանկություն չունեմ խոսելու՚: Ինչ խոսք, այն, որ պարոն նախարարը խիստ դյուրագրգիռ է դարձել, կարելի է կապել աշնան անցումային եղանակի հետ, բայց փաստ է, որ իրականությունը խեղաթյուրում է կա°մ իր իսկ առաջին տեղակալը, կա°մ տիկին Ն. Զոհրաբյանը, մինչդեռ նա խեղաթյուրողներ փնտրում է լրագրողների մեջ... Այնպես որ, պարո°ն Գրիգորյան, իրականությունը խեղաթյուրողներին փնտրեք Ձեր նախարարության տարածքում, ոչ թե լրագրողների շրջանում: