«ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ՀՀ ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԵՏ
Արխիվ 12-16«ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ՀՀ ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՀԵՏ
Մամուլում լայնորեն շրջանառվում է ոչ իշխանական «քառյակի» կողմից խոստացված հանրահավաքի օրը: Խոսակցություններ են պտտվում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պնդում են, որ հանրահավաքը կայանա հոկտեմբերի 17-ին, որպեսզի այն որեւէ կերպ չխանգարի Հայաստանի` ՄՄ անդամակցման ստորագրմանը: Մինչդեռ, ճիշտ հակառակ տեսակետին են «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը. վերջիններս ուզում են, որ հանրահավաքը լինի հենց հոկտեմբերի 10-ին` ՀՀ ՄՄ անդամակցության ստորագրման օրը: Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
-Պարոն Մանուկյան, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ հակասություններ կան «քառյակի» մեջ, ու համաձայնության չեք գալիս հանրահավաքի օրը նշանակելու հարցում:
- Բացարձակ հակասություն չկա, պարզապես, ժամկետը հստակեցնելու համար Դաշնակցությունը խնդրել է մի քանի օր` իրենց տեսակետը արտահայտելու համար: Երբ իրենց տեսակետը կարտահայտեն, «քառյակը» ընդամենը երկու օրվա ընթացքում կհավաքվի, եւ կհստակեցնենք: Այս առումով, որեւէ հակասություն չկա, որեւէ խնդիր չկա, կան նպատակահարմարության խնդիրներ ժամկետների հետ կապված` կազմակերպելու առումով, որը շատ հեշտ լուծվող հարց է: Ընդ որում, դրան գումարած «քառյակի» առաջիկա նիստում կքննարկվի ոչ միայն հանրահավաքի օրը, այլ նաեւ` հանրահավաքի օրակարգը:
- Մամուլում հնչում են տեսակետներ, թե հանրահավաքի նշանակման օրը մասնավորապես կապված է ՀՀ ՄՄ անդամակցության ստորագրման հետ: Եվ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են չխանգարել գործընթացին, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» ուզում են հանրահավաքը վերածել ընդդեմ Մաքսային միության:
- Բացարձակ կապ չունի մեր հանրահավաքը Մաքսային միության հետ: Մենք մեր հանրահավաքի կազմակերպման համար «մաքսային» բառը բացարձակ չենք հնչեցրել, անգամ` քննարկումների ժամանակ: Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի:
- Այսինքն` հանրահավաքը բոլորովին էլ Մաքսային միության դեմ չէ՞:
- Մաքսայինի հետ պետք չէ կապել հանրահավաքը, որովհետեւ կրկնում եմ` բացարձակ կապ չունի: Դա որպես արգումենտ չի աշխատում, չենք քննարկել, խոսք անգամ չի եղել դրա մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

