Գալուստ Սահակյան. ՛՛Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել՛՛
Արխիվ 12-16Գալուստ Սահակյան. ՛՛Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել՛՛
«Եթե ընդդիմադիր ես, գործիր քո դաշտում, բայց ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, ինչ-որ փաստեր բերել, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն եւ դրանով հերոսանալ ու նստել: »- այսպես արձագանքեց ԱԺ Նախագահն ԱԺ նիստում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին:
Իր արտահերթ ելույթում Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց. «Ես բարեկրթության կողմնակից եմ, չի կարելի հասարակության առջեւ կանգնել եւ սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Եթե քաղաքական ուժը փոխում է անունը, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի հազար վաուչերով հզոր տնտեսական համակարգերը վաճառվեցին: Ընդ որում, այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին մի ձեռքով վաուչերը տալիս էին, մյուսով՝ կես գնով առնում ու սեփականաշնորհում: Ժամանակներ էին, միգուցե այդպես պետք է լիներ: Բայց այսօր նորից ժամանակներ են. ամեն ինչը՝ օրենսդրական դաշտում»:
Գ. Սահակյանը հորդորեց ընդդիմությանը աշխատել հաշտ ու խաղաղ. «Իմ լիազորություններից օգտվելով, հանուն բարեկրթությանն, ես այդ ելույթը կընդհատեի շատ խիստ ձեւով, որովհետեւ այստեղ խամաճիկների տեղ չի, որ ով ինչ ուզենա խոսա: ԱԺ-ում պետք է լուրջ դրվի ամեն ինչը:
Ընդդիմադիր պատգամավորներ ունենք: Որեւէ մի ընդդիմադիր պատգամավոր ավելի կառուցողական, ավելի խորքային չի ներկայացնում ընդդիմադիր տեսակետը, ինչպես Արծվիկ Մինասյանը, որովհետեւ ներկայացնում է համոզմունքով, ոչ թե վարկաբեկելու համար, այլ մտածում է, որ դա է արդյունավետ աշխատելու ճանապարհը: Հաշտ ու խաղաղ աշխատելը չի նշանակում, որ բոլոր հարցերում համամիտ պիտի լինենք, բայց նշանակում է լուրջ, խորը, մտածված քայլեր պիտի անի ընդդիմադիր գործիչն առավել եւս»: Իր ելույթի վերջում Գալուստ Սահակյանը զգուշացրեց Լեւոն Զուրաբյանին. «Մյուս անգամ ձեր ուսերին նման բան չվերցնե՛ք, այդ ուսերն այդքան կոփված չեն, որ այդ բեռը տանեն առաջ»:
Զ. Սարգսյան

